Հելոուինը Հյուսիսային Ամերիկայի ամենասիրված տոներից է։ Մարդիկ մեծ գումարներ են ծախսում հելոուինյան հանդերձանքներ, կոնֆետներ ու զարդարանքներ գնելու համար։ Այս տոնի սիրահարները հագնվում են մտացածին սարսափազդու կերպարների պես ու հաճախ վախեցնում են անգամ պատահական անցորդներին։ Հելոուինը նշվում է ոչ միայն Ամերիկայում, այլև մի շարք այլ երկրներում։ Այստեղ կարող եք ընթերցել, թե հելոուինի հետ կապված ինչ ավանդույթներ կան աշխարհի տարբեր երկրներում։
1. Ավստրիա
Ավստրիայում մարդիկ հելոուինին քնելուց առաջ սեղաններին թողնում են ջուր, հաց ու վառված լամպ։ Տոնը նշող ավստրիացիները համարում են, որ դա կնպաստի, որպեսզի հանգուցյալների հոգիները վերադառնան երկիր։ Ավստիացի կաթոլիկները հոկտեմբերի 30-ի և նոյեմբերի 2-ի միջև տոնում են «Seleenwoche» տոնը, որը հայտնի է նաև իբրև Բոլոր Սրբերի Շաբաթ։ Այդ ժամանակահատվածում մարդիկ իրենց հարազատների ու մտերիմների գերեզմանները զարդարում են լապտերներով ու ծաղկեպսակներով։ Այս տոնի վերջին օրը եկեղեցիներում հոգեհանգստյան պատարագներ են անցկացվում։
2. Չինաստան
Չինաստանում Հելոուինն անվանում են «Դեն Ցզե»։ Այդ օրը չինացիներն իրենց հանգուցյալ հարազատների լուսանկարների առաջ ջուր ու ուտելիք են դնում։ Այդ օրը մարդիկ նաև լապտերներ ու խարույկներ են վառում՝ հուսալով այդ կերպ հոգիներին ցույց տալ երկիր վերադառնալու ճանապարհը։ Բուդդայական տաճարներում «օրենքի նավակներ» կոչվող թղթե նավակներ են պատրաստում, իսկ երեկոյան այդ նավակներն այրում են։ Այս արարողությունը երկու նպատակ է հետապնդում՝ նախ՝ այս կերպ հարգում են հանգուցյալների հիշատակը, ապա՝ ձգտում ազատել կապանքների մեջ գտնվող այն հանգուցյալների հոգիներին, որոնք չեն թաղվել մահից հետո, և որոնց չի հաջողվել երկինք համբառնել։ Այսթափառական հոգիները վտանգավոր են համարվում։ Այդ իսկ պատճառով շատերը տարբեր արարողություններ են կատարում՝ նրանց հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար։
3. Անգլիա
Անգլիայում հելոուինին դդումներից բացի օգտագործվում են շաղգամներ ու ճակնդեղներ։ Մարդիկ հատուկ նախշերով կտրտում են այս բանջարեղենները, որոնք կոչվում են «փանքի», ապա տալիս դրանք իրենց երեխաներին։ Երեխաներն էլ, դրանք իրենց հետ վերցնելով, դռնեդուռ են գնում և գումար խնդրում բնակիչներից։ Անգլիայի որոշ շրջաններում մարդիկ վառված լամպ են դնում շաղգամների մեջ ու տեղադրում դրանք պատշգամբներում՝ այս կերպ հելոուինի գիշերը թափառող չար ոգիներին վախեցնելու ու վանելու համար։ Այս օրն անցկացվում են նաև գուշակություններ։ Դեռևս հնուց համարվում էր, որ եթե մարդ քար գցի կրակի մեջ և հաջորդ առավոտյան չտեսնի այդ քարը, մեկ տարի չի ապրի։ Ներկայումս ավելի ու ավելի շատ երեխաներ են հելոուինը նշում ամերիկյան ավանդույթներով։
4. Ֆրանսիա
Ֆրանսիացիները միայն ամերիկյան ԶԼՄ-ներից ու արտասամանցիներից էին ծանոթ հելոուինին։ Նրանք 1990-ականների կեսերին սկսեցին նշել այս տոնը։ Ինչպես Ամերիկայում, այստեղ ևս մարդիկ հելոուինին հատուկ հանդերձներ են հագնում ու տնետուն գնում և քաղցրեղեն խնդրում անծանոթներից։ Հելոուինն ամերիկյան տոն է համարվում, և Ֆրանսիայի բազում բնակիչներ իսկի չգիտեն էլ, թե կոնկրետ ինչ են նշում այդ օրը։
5. Իռլանդիա
Թեպետ տոնի ծագումնաբանության մասին տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկատվություն է տրված, շատերը հավատացած են, որ հելոուինի հայրենիքը Իռլանդիան է։ Իռլանդիայում հելոուինը նշելու ավանդույթներն այնքան էլ չեն տարբերվում Ամերիկայում ընունված հելոուինյան տոնակատարություններից։ Իռլանդացիները նույնպես այդ օրը փորձում են նմանվել հրեշավոր կերպարների, սարսափեցնում հարևաններին, գնում երեկույթների և կոնֆետներ խնդրում։ Իռլանդիայում հելոուինին շատ տարածված է «սնեփ էփլ» կոչվող խաղը, որը թարգմանաբար նշանակում է «կծի՛ր խնձորը»։ Խնձորը կախվում է ծառից, ապա խաղի մասնակցիները փորձում են բարձր ցատկել ու կծել խնձորը։
6. Մեքսիկա
Մեքիսկայում հելոուինի օրը նշվում է «El di’a de los muertos» (թարգմանաբար՝ հանգուցյալների օր) տոնը։ Միջոցառումը սկսվում է հոկտեմբերի 31-ի երեկոյան ու ավարտվում նոյեմբերի 2-ին։ Մեքսիկացիները նոյեմբերի 2-ն անցկացնում են իրենց հանգուցյալ հարազատների գերեզմաններում, պիկնիկներ ու տոնակատարություններ են կազմակերպում նրանց պատվին։ Համարվում է, որ այդ գիշեր հանգուցյալները վերադառնում են իրենց տները։ Դրա համար էլ նրանց հարազատները կոնֆետներ, ծաղիկներ, ջուր, լուսանկարներ, ուտելիքներ ու խմիչքներ են թողնում նրանց համար։
7. Ճապոնիա
Ճապոնացիները հելոուինի փոխարեն նշում են «Օբոն» փառատոնը՝ հայտնի նաև «մացուրի» և «ուրաբոն» անվանումներով։ Այս փառատոնը նվիրված է նախնիների հոգիներին։ Փառատոնին մեծ լապտերներ են վառվում և դրվում են ծովերի ու գետերի մեջ։ Այս լույսերը վառվում են հանգուցյալ հոգիների պատվին։
8. Ֆիլիպիններ
Ֆիլիպիններում, ինչպես նաև երկրների մեծամասնությունում, հելոուինն ավելի շատ համարվում է հանգուցյալների հիշատակի օր։ Թեպետ Ֆիլիպիններում ևս հելոուինի ամերիկյան ավանդույթներն աստիճանաբար տարածում են գտնում, պանգանգալուլուվա տոնի ավանդույթներն այստեղ գերակշռող են մնում։ Մարդիկ տնետուն են գնում ու հոգիների մասին երգեր երգում՝ խնդրելով իրենց կոֆետներ տալ։
9. Շոտլանդիա
Հելոուինը Շոտլանդիայում սկսել է նշվել 16-րդ դարում։ Սկզբում շոտլանդացիները հելոուինի օրը գուշակություններ ու կանխատեսումներ էին անում։ 18-րդ դարում երիտասարդության մեծ մասը հելոուինին կողմնակից էին փնտրում։ Մարդիկ սկսեցին հելոուինյան հատուկ հանդերձանքներ կրել 19-րդ դարի վերջին։ Անտառային հոգիների հանդերձանքներ հագած՝ երեխաները տնետուն էին գնում՝ բնակիչներից գումար ու սնունդ խնդրելով։
10. Ամերիկա
Ամերիկյան հելոուիննն ամենից ավելի հայտնի է։ Երեխաները սարսափազդու հրեշների կամ հայտնի հերոսների պես են զգեստավորվում և տնետուն գնում։ Նրանք փորձում են վախեցնել անցորդներին, ներկայացումներ են ցուցադրում բնակիչների համար ու տուն վերադառնում կոնֆետներով լի պարկերով։ Ամենուրեք անցկացվում են խնջույքներ, որոնց մասնակիցները այդ տոնին համապատասխան հագուստներ են եկրում։ Համեղ հյուրասիրության, խմիչքների ու զվարճալի խաղերի պակաս չի զգացվում։ Դդումններից սարսափելի քանդակներ են պատրաստում, դրանց մեջ տեղադրում են մոմեր։ Այդ սարսափազդու դդումները ժամանակի ընթացքում հելոուինի հիմնական խորհրդանիշներից են դարձել։