Ռեյխան Ջաբարին մահապատժի է դատապարտվել սառնասրտորեն սպանություն իրագործելու համար: Ինչպես փաստում է Ռեյխանը, իրեն փորձում էին բռնաբարել: 2007 թվականին նրան ձերբակալում են Մորտեցա Սարբանդիի՝ Իրանի հետախուզչական նախարարության նախկին, 47-ամյա աշխատակցին սպանելու համար: Աղջիկը հանդիպում է նրան, երբ 19 տարեկան էր: Ռեյխանը դանակով հարվածում է Մորտեցային, երբ նա աղոթելիս է լինում: Ռեյխանի խոսքերով՝ դա եղել է միայն այն բանից հետո, երբ Մորտեցան նրան ներարկել է թմրանյութեր և փորձել է բռնաբարել: Ցավոք, նրա պաշտպանությանն ուղղված բոլոր քայլերն ապարդյուն են անցնում, թեպետ մահապատիժը կանխարգելող պետիցիային միացել էր 200 հազար մարդ, միևնույնն է... Ռեյխանը գրություն է թողել մորը, որն այսօր լայնորեն օգտագործում են Իրանի ակտիվիստները: Գրության մեջ նա պնդում է, որ մահացած կլիներ դեռ 2007-ին, եթե չսպաներ Սարբանդիին. «Ինձ կնետնեին քաղաքի մի կեղտոտ անկյունում: Մի քանի օրից ոստիկանությունը մարմինս դիահերձարան կտաներ՝ անձը հաստատելու համար: Նրանք կպարզեին, որ ինձ բռնաբարել են: Մարդասպանին երբեք չէին գտնի, չէ՞ որ նա բավականաչափ ուժ և հարստություն ուներ թաքնվելու համար»: Ռեյխանը խնդրում է, որպեսզի իր օրգանները փոխանցեն նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: «Իմ թանկագին մայրիկ, ես չեմ ուզում փտել հողում: Խնդրում եմ տալ իմ սիրտը, երիկամները, մաշկը, աչքերը և այն ամենը, ինչ հնարավոր է, նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ես չեմ ուզում, որ նրանք իմանան իմ անունը, գնեն ինձ համար ծաղիկներ կամ էլ աղոթեն ինձ համար: Ես ի սրտե քեզ ասում եմ՝ ես չեմ ուզում ունենալ գերեզման, որտեղ դու կսգաս իմ կորուստը: Որպես սգի նշան մի հագիր սև շոր: Արա ամեն ինչ, որպեսզի շուտ մոռանաս իմ ծանր կյանքը: Բաց թող ինձ...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել