Թուրքիայում՝ Կենտրոնական Անատոլիայի տարածաշրջանում գտնվող Կարաման նահանգում, ածխի հանքում աշխատող 18 հանքագործներ արդեն երրորդ օրն է՝ գտնվում են ստորգետնյա թակարդում: Կորած հանքագործներից երկուսը եղբայրներ են, որոնց հայրը՝ Շուքուրու Հազնեդարրը, բողոքել է անմարդկային վերաբերմունքից հանքագործների նկատմամաբ: Նա մասնավորապես ասել է. «Իմ որդիները չեն ստացել իրենց աշխատավարձերն արդեն երեք ամիս, գործատուն ստիպել է, որ աշխատեն տղաները, այլապես չի վճարի ոչ մի ղուրուշ»: Հանքի աշխատողները բողոքում են աշխատանքային անմարդկային պայմաններից: «Դադարեցրել են մեզ տրամադրել միջքաղաքային անվճար տրանսպորտ, անվճար ճաշը նույնպես հանվել է: Հանքագործները պետք է ընդմիջում անեն 15 րոպեով, չի թույլատրվում լքել աշխատանքի վայրը բնական կարիքները հոգալու համար, մեզ հետ պետք է կրենք պլաստմասե շշեր՝ տեղում բնական կարիքները հոգալու համար»,- ասել են բորբոքված հանքագործները:
Աշխատանքի նախարար Ֆարուք Չելիկը հայտարարել է, որ գործատուները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Էներգետիկայի նախարարն էլ իր հերթին այսօր հայտարարել է, որ արդեն գնալով փոքրանում է հանքագործներին գտնելու հույսը: Այսօր հավանաբար կդադարեցվեն 18 հանքագործների որոնողական աշխատանքները, քանի որ հազարավոր տոննաներով թափոնները և ցեխաջուրը ավելի վտանգավոր են դարձնում հանքի տարածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել