Կյանքում պետք է խուսափել իդեալներ ստեղծելուց, որովհետև իդեալական բան աշխարհում չկա, ու դրանով իսկ գեղեցիկ է մեր աշխարհը, կյանքը: Ամեն ինչի իդեալականը, ի վերջո, տաղտկալի երևույթի է վերածվում, իսկ իռացիոնալությունն ու խենթ կյանքը միշտ զարգանում են ու գեղեցիկ դարձնում շրջապատը: Իդեալական աշխարհ և իդեալական մարդկանց թող փնտրեն ուտոպիստները: Այդպիսի մարդիկ իրենց համարում են «կյանքի քանդակագործներ»: Սիրահարվում և սիրում է յուրաքանչյուրը, նույնիսկ իդեալական աշխարհ փնտրողները, բայց նրանց համար կյանքի ամենավեհ հիվանդությունը՝ սերը, դառնում է մի դաժան փորձություն: Նրանք ամենատարբեր քայլերով ցանկանում են փոխել իրենց կողակցին, ցանկանում են դարձնել իդեալական, ասել է թե` ցանկանում են մարդկանց միջից հանել հոգին ու կառավարել իրենց ուզած ձևով: «Այսպես մի քայլիր, այնստեղ մի կանգնիր, ես սա չեմ սիրում, ես ուզում եմ որ…» ու այսպիսի շատ արտահայտություններ նրանց կյանքի անբաժան մասն են կազմում: Երբ մարդը սիրում է, որոշ հարցերում փոխվում է, որպեսզի հարմարվի իր սիրելիի այս կամ այն խենթությանը, բայց ոչ իդեալական պատկերացումներին: Մարդիկ կարող են փոխվել խենթության մակարդակում, որովհետև խենթության մակարդակում փոխվելիս կյանքը գեղեցկանում է: Իդեալական աշխարհ ստեղծողները չեն հասկանում, որ այդ փնտրտուքի ժամանակ նրանք կործանում են իրենց երջանկությունը և կյանքի մի փուլում իրենց սիրելիից պարտադիր լսում են հետևյալ արտահայտությունը. «Կամ ընդունիր այնպիսին, ինչպիսին կամ, կամ հեռացիր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել