Վերցրեք ցանկացած դասական օրինակ`միջին կրթվածության, դաստիարակության, տրամաբանության, միջին վիճակագրական անձնավորության: Բացեք նրա առաջ Ձեր սիրտը, հայտնեք, որ խելագարվում եք նրա համար, որ ամեն ինչի պատրաստ եք, սիրում եք և նման ոճով ապացուցեք Ձեր նվիրվածության աստիճանը.... Պահոոո` միջին վիճակագրականը անմիջապես կսկսի իրեն երևակայել ու դույզն-ինչ չխորհելով`կհավասարեցնի իր միջին կարգավիճակը ամենաքիչը Մոնակոյի թագավորական տոհմի արյունը կրողներին: Որոշակի ժամանակ անց Դուք կզգաք, որ նրա աչքերում կամաց-կամաց վերածվում եք ցարական Ռուսաստանում սեփական հերթից առաջ ընկած, ճորտի կարգավիճակից ազատ թափառաշրջիկի կարգավիճակին ձգտող անտոհմածառ անձնավորության: Դա այն ժամանակ, երբ Ձեր մտավոր հնարավորությունները տասնապատիկ անգամ գերազանցում են ենթադրյալ պերսոնաժի, մեղմ ասած, համեստ տրամաբանական ունակություններին: Բայց ապոկալիպսիսը կսկսի այն ժամանակ, երբ ինքնամոռաց մոնարխը կամ ուհին կմղի Ձեզ երկրորդ, երրորդ, ասեմ ավելին`ամենաետին պլան, վստահ լինելով, որ սեփական նախահայր շիմպանզեից իրեն ընծա մնացած բրդոտ մազածածկն այլևս չի նկատվում սիրուց կուրացած և բախտի քմահաճույքին շպրտված կացին եղբոր կողմից:

Այստեղ տեղին է հիշել հայտնի ֆիլմից մի արտահայտություն. «Ձեզ երկար նայելով՝ ես համոզվում եմ, որ Դուք ոչ թե նորմալ մարդկանց նման առաջացել եք կապիկից, այլ, ամենայն հավանականությամբ, առաջացել եք կովից, բարեկամս...»
Ու հենց այստեղ ինքնապահպանման բնազդը սկսում է աշխատել, ու, տևական խումհարից կամ թմբիրից արթնացած ուղեղով, նախկին կույր սիրահարը հնչեցնում է առավոտյան թարմությամբ համեմված գագաթնակետային արտահայտությունը` «բայց ինչ դուռակ գյադա ես դու»: Ու շատ ավելի ահավոր է այն, որ այս խոսքերը հասցեագրվում են իգական սեռի ներկայացուցչին: Վերջ...
Հ.Գ. 21-րդ դարում փիլիսոփայությունը վերջնականապես մահացավ, ինչպես նաև սերը` նախկին դրսևորումներով: Եվ քանի որ ժամանակը ևս դարձավ ամենաթանկ ու դեֆիցիտային ռեսուրսը, խորհուրդ եմ տալիս վերանայել նախկինում ձևավորված արժեհամակարգը և վերաիմաստավորել այն: Դուռակները, հեռախոսները, յախտաներն ունեն ամորտիզացիոն սահմանափակ ժամանակաշրջան և, վաղ թե ուշ, նրանց արժեքը հավասարվում ե 0-ի, իսկ աստվածային արվեստի գործերը ժամանակի ընթացքում թանկարժեքից վերածվում են անգինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել