Հարցն ուղարկել է Լիլիթը՝ 21 տարեկան.

Բարև ձեզ, ես 21 տարեկան եմ ու արդեն երկու շաբաթ է՝ հանդիպում եմ մի տղայի հետ, որը շատ բարի ու դրական մարդ է, ինձ հիանալի է վերաբերվում ու զգում եմ, որ իրոք սիրում է, բայց ես շարունակում եմ սիրել նախկին ընկերոջս, ով ընդհակառակը՝ շատ բռի էր ու կոպիտ ինձ հետ, և ես ոչինչ չեմ կարողանում անել ինձ հետ, թեև բաժանվել ենք իմ նախաձեռնությամբ՝ երեք ամիս առաջ։ Ցանկացած տրամաբանություն հուշում է, որ նոր ընկերս ամեն առումով պետք է ավելի նախապատվելի լինի, նրանից ես ստանում եմ ջերմություն, քնքշություն, ուշադրություն, մարդկային վերաբերմունք, բայց իրոք անտանելի կարոտ եմ զգում նախկինիս հանդեպ ու ամենասարսափելին այն է, որ նա շարունակում է փորձել հաշտվել հետս, թեև ես մի քանի անգամ փորձել եմ դա ու վստահ եմ, որ նորից նույնն է լինելու։ Ի՞նչ անեմ ես, որպեսզի մոռանամ նրան։

Պատասխանում է հոգեբանը. 

Հարգելի Լիլիթ, դատելով ձեր նկարագրած իրավիճակից, դուք Ձեր նախկին ընկերոջ հետ հարաբերություններում եղել եք մի միջավայրում, որտեղ ճնշվել են Ձեր անձն ու ինքնագնահատականը։ Գուցե ցածր ինքնագնահատականի խնդիրը նույնիսկ ավելի վաղ շրջանից սերի։ Ամեն դեպքում, այդ գործոնն ակնհայտ է, սակայն անլուծելի խնդիրներ չեն լինում։ Դուք հստակ ձևակերպել եք, թե ինչ է ձեր ուզած. «Ի՞նչ անեմ ես, որպեսզի մոռանամ նրան»։ Եթե դուք հաստատ որոշել եք, որ նրան պետք է մոռանալ, ապա, բնականաբար, առաջնային բանը, որի վրա պետք է ուշադրություն դարձնեք՝ ինքնագնահատականի բարձրացումն է, որովհետև նման բարդ հարաբերություններում, երբ կողմերից մեկը ուժեղ ճնշում է մյուսին, զրկում է նրան ինքնուրույնությունից, ճնշում է նրան իր ագրեսիվ վարքով ու էգոիզմով, մյուս կողմի մոտ դա կարող է բերել տարբեր հետևանքների, ընդհուպ մինչև այսպես կոչված Ստոկհոլմյան սինդրոմ հիշեցնող հոգեվիճակի, որի ժամանակ «զոհը» սկսում է սիրել և ավելի ու ավելի կապվել իր «դահճին», չնայած որ ակնհայտ է, որ նա չպետք է անի դա։

Ինքնագնահատականի հետ կապված առանձնահատկությունը նրանում է, որ այն կարելի է ինչպես իջեցնել, այնպես էլ բարձրացնել՝ ինքնուրույն կամ էլ այլոց օգնությամբ։ Կոնկրետ Ձեր պարագայում, նման աջակից դերակատարության դերը հրաշալիորեն կարող է կատարել Ձեր նոր ընկերը, մասնավորապես և Ձեր նոր հարաբերություններն առհասարակ։

Սակայն հուսահատվել ոչ մի դեպքում պետք չէ, որովհետև Դուք նաև շատ կարևոր բան եք նշել. բաժանումը եղել է Ձեր նախաձեռնությամբ, ինչը վկայում է այն մասին, որ Ձեզ մոտ, այնուամենայնիվ, պահպանվել են կամային հատկանիշներ։ Բացի դրանից՝ սա վկայում է այն մասին, որ Ձեզ մոտ, այնուամենայնիվ, կա այն դիրքորոշումը, որ այն, ինչ Դուք ունեիք, այն չէ, ինչ Դուք ուզում եք, և ինչ Ձեզ պետք է։ Փորձեք հենվել այս սկզբնակետի վրա ու աստիճանաբար քիչ մտահոգվել անցյալի մասին։ Այո՛ այն Ձեզ ձգում է և այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ի վերջո, եղել է կապվածություն ու ադապտացիա այդ իրավիճակին և հայտնվելով Ձեզ համար նոր ու միանգամայն այլ իրավիճակում՝ Դուք ոչ միայն կարող եք դիսկոմֆորտ զգալ, այլև որոշակի նոստալգիա անցյալի հանդեպ։

Խորհուրդ եմ տալիս Ձեզ, որ փորձեք նորովի նայել Ձեր նոր հարաբերություններին և ոչ թե դիտարկեք դրանք՝ որպես նախորդի տրամաբանական շարունակություն կամ էվոլյուցիա, ոչ էլ փորձեք Ձեր նոր ընկերոջ մեջ փնտրել «լավ» հնին, այլ հստակ անջրպետ մտցնեք Ձեր նախկին ու ավարտված հարաբերությունների և նոր կառուցվող ու դրական հեռանկարի պոտենցիալ ունեցող նոր հարաբերությունների միջև։ Կիսվեք Ձեր նոր ընկերոջ հետ, վստահեք նրան, փորձեք պատմել նրան Ձեր վախերի ու տագնապների մասին, փորձեք համատեղ ջանքերով ստեղծել այն ամենը, ինչը Դուք, իրոք, գնահատում եք և ցանկանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել