Tert.am-ը գրում է.

Տպագրվել է «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագիրքը, որը առաջին հայկական դասագիրքն է Թուրքիայի Հանրապետության պատմության վերաբերյալ: Այն ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատվել է որպես բուհական դասագիրք՝ ողջ Հայաստանի բուհական հաստատությունների համար:

«Վստահ եմ, որ օբյեկտիվ կամ այլընտրանքային թուրք գիտնականները դրական են գնահատելու այս դասագիրքը, իսկ թուրքական պաշտոնական թևը ներկայացնող թուրք պատմաբաններն ունենալու են Հայաստանին և հայությանը քննադատելու ևս մեկ առիթ, քանի որ դասագրքով բացահայտվում է նրանց պետության, գաղափարախոսության իրական և խորքային բնույթը»,- Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացնելով դասագրքի մասին՝ ասաց հեղինակներից մեկը՝ թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ ԵՊՀ-ում և մի շարք այլ բուհերում դասավանդվում է Թուրքիայի պատմություն առարկան, բայց մինչ օրս մենք չունեինք համապատասխան դասագրքեր, եղածներն էլ խորհրդային միության ժամանակաշրջանի դասագրքեր էին, որտեղ հայ ժողովրդի շահերին հակասող փաստեր էին ներկայացված:

«Քեմալական շարժումը, որի արդյունքում հազարավոր հայեր են կոտորվել և մենք կորցրել ենք մեր պատմական հայրենիքի մի մասը, այդ դասագրքերում ներկայացվում էր որպես թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքար: Բացի այդ, նորագույն պատմության վերաբերյալ աշխատությունները բացակայում են և դա խնդիր է առաջացնում ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար»,- ասաց թուրքագետը՝ նշելով. «Մի խումբ թուրքագետներով նախաձեռնել էինք այս աշխատանքները, մեզ հետ էր նաև ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ով ինչպես հեղինակել է մի գլուխ, այնպես էլ խմբագրել է ընդհանուր դասագիրքը»:

Թուրքագետի ներկայացմամբ՝ դասագիրքը վերաբերում է 1918-2011թթ Թուրքիայի պատմությանը, ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության ձևավորումը, քեմալական շարժումը՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, այնուհետև հանրապետության պատմությունը՝ սկսած 1923 թվականից, կարևոր իրադարձությունները, հատկապես շեշտադրվում է Թուրքիայի քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների և մասնավորապես հայերի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել