Հայտնի լրտես ու կուրտիզանուհի Մատա Հարին գլխատվեց հոկտեմբերի 15-ին։ Այս կինը դեռևս կենդանության օրոք էր լեգենդար համարվում։ Անտաղանդ պարուհին, սակայն տաղանդավոր լրտեսը յուրահատուկ արտաքինի ու թեթև բարքի տեր էր։ Նա ինքն իր մասին միֆեր էր ստեղծում, ինչն ի վերջո օյին բերեց նրա գլխին։
«Ես ոչնչի մասին չեմ ափսոսում։ Իմ կյանքը համեմված է ամենաանհավանական առասպելներով, հաճախ ես ինքս էլ չեմ կարողանում իրականությունը տարբերել ստից։ Ես անցել եմ թե՛ արցունքների, թե՛ ցավերի, թե՛ դժբախտությունների միջով, սակայն ես զգացել եմ, թե ինչ է կնոջ իշխանությունը տղամարդկանց վրա՝ նրանց վրա, ովքեր տնօրինում են ժողովուրդների ճակատագրերը»։
Մատա Հարիի ծննդից ի վեր ավելի քան հարյուր տարի է անցել, սակայն նրա անցած ուղին մինչ օրս էլ միլիոնավոր մարդկանց հետաքրքրության առարկան է հանդիսանում։ Մարդկանց աչքերում նա անվեհերությամբ տոգորված հիասքանչ լրտեսի մարմնավորում է դարձել։ Նրա իրական կերպարը մինչ օրս էլ հանելուկ է մնում մարդկանց համար։ Այս էկզոտիկ պարուհու կենսագրությունը նրան այնպիսի հռչակ ապահովեց, որը դարեր շարունակ չի խամրի։ Նրա կերպարը ոգեշնչել է մի շարք կինոռեժիսորների ու գրողների։ Այս հոդվածով մենք կփորձենք պատասխանել նրա մասին երկու կարևոր հարցերի. որտեղի՞ց էր Մատա Հարին, և ինչպե՞ս էր նրան հաջողվում շահել տղամարդկանց վստահությունը։
1. Մատա Հարին սկզբից մինչև վերջ հորինել էր իր կյանքը։ Իրականում նրա անունը Մարգարետ Գերտրուդ Զելլե էր։ Նա ծնվել է 1876 թ.-ի օգոստոսի 7-ին հոլանդացի գլխակագործի ընտանիքում։ 17 տարեկանում Մարգարետը տեղափոխվեց քեռու տուն, սակայն քեռու հետ համեստ կյանքը չէր գոհացնում աղջկան. աղջիկը երազում էր գեղեցիկ ու հեքիաթային կյանքի մասին, իսկ խիստ քեռու կողքին դա անհնար էր։ Այդ պատճառով էլ Մատան շուտով հեռանում է քեռու տնից։
2. Այն ժամանակներում նման իրավիճակում հայտնված աղջկա համար միակ ելքն ամուսնությունն էր։ Թերթում իրեն համապատասխան փեսացու ընտրելուց հետո Մարգարետը նամակ է գրում իր ապագա ամուսնուն՝ սպա Ռուդոլֆ Մակլինդին, ով տվյալ պահին իր հայրենիքում արձակուրդի մեջ էր։ Նա գրեթե 20 տարով մեծ էր Մատայից, սակայն նա շոտլանդական ազնվական տոհմից էր ու բավականին հարուստ էր։
Մեկուկես տարուց Մարգարետը որդի է ունենում, և նրանց ընտանիքը տեղափոխվում է Հոլանդական Հնդկաստան։ Ձանձրույթի կամ ընտանիքի առաջ ծառացած դժվարությունների պատճառով Մակլիդի հետ ամուսնությունը չի գոհացնում Մարգարետին, ու նրանք ամուսնալուծվում են։
3. Ամուսնալուծությունից հետո Մարգարետն ուղևորվում է Փարիզ՝ ամուսիններից փախած կանանց քաղաք, որտեղ փորձում է իբրև բնորդուհի աշխատել։ Կինն այնքան էլ պահանջված բնորդուհի չէր նկարիչների շրջանում։ Նկարիչները դա պատճառաբանում էին այն հանգամանքով, որ նա շատ փոքր կուրծք ուներ։ Հուսահատության մեջ ընկնելով՝ Մարգարետը ստիպված է լինում Հոլանդիա տեղափոխվել, սակայն կարճ ժամանակ անց նա նորից վերադառնում է Փարիզ։ Այս անգամ նրան հաջողվում է աշխատանք գտնել ձիասպորտի դպրոցում, սակայն այս ամենն էլ չի գոհացնում Մարգարետին, և նա հիշում է, որ Հնդկաստանում ապրած ժամանակ արևելյան պարերը բոլորի հիացմունքն էին առաջացնում։ Այդ ժամանակ Մարգարետը որոշում է պարուհի դառնալ։
4. Մարգարետի դեբյուտը տեղի ունեցավ 1905 թ.-ին տիկին Կիրեևսկայայի սրահում։ Պարի էկզոտիկ շարժումները դուր եկան բոլոր հավաքվածներին, իսկ տղամարդիկ հիշեցին նրան պարի ավարտի շնորհիվ. բանն այն է, որ պարի վերջում Մարգարետը ձեռքի վարժ շարժումով հանեց ու վար գցեց իր զգեստը։ Նրա հաջողություններն աճում էին, և նա իր գեղեցկությամբ հիացնում էր հանդիսականներին։ Այս ժամանակաշրջանում Մարգարետը հորինեց հերթական սուտը. նա սկսեց պատմել բոլորին, որ իր հնդկուհի մայրը մահացել է, իսկ ինքն ուսումնառությունը ստացել է բուդդայականների տաճարում։ Այս մտացածին կենսագրական մանրամասները նրա կերպարն էլ ավելի հանելուկային ու խորհրդավոր էին դարձնում։
5. Մարգարետին շատերն էին ջերմագին ծափահարում. նա անթիվ-անհամար երկրպագուներ ուներ։ Այդ երկրպագուների թվում կային նշանավոր ու հարուստ մարդիկ։ Նրանցից մեկը հռչակավոր պարուհուն առաջարկեց հանդես գալ Արևելյան արվեստի թանգարանում և նրան կնքեց Մատա Հարի անվամբ։ Այդ պահից ի վեր Մարգարետ անունը հավիտյան մնաց անցյալում։ Մատային հրավիրում էին Եվրոպայի լավագույն թատրոններ։ Նա հարուստ սիրեկանների պակաս չէր զգում։ Գեղեցկուհին լող էր տալիս պերճանքի ու սիրո մեջ։
6. Մատա Հարին խոհեմ չէր սիրային հարցերում, և դա ի վնաս նրա աշխատեց։ Նա կապի մեջ մտավ գերմանացի ոստիկանի հետ, և նրան շուտով ներքաշեցին լրտեսության մեջ։ Նրան սկսեցին անվանել գործակալ Н-21։ Հայտնի չէ, թե արդյոք նա օգտակար էր գերմանական հետախուզական ծառայության համար։ Նա այնքան էլ մտահոգված չէր լրտեսության ասպարեզում հաջողության հասնելու խնդրով։ Մի անգամ նա նշել է.
Ես հիշում էի իմ թանկարժեք մուշտակների ու հանդերձանքների մասին, որոնք Բեռլինում առգրավվեցին գերմանացիների կողմից, և որոշեցի, որ դրանց դիմաց պետք է հնարավորինս շատ փող պոկել գերմանացիներից։
7. Ամեն ինչ այս կերպ շարունակվեց մինչև 1916 թվականը։ Սակայն երբ ջրի երես դուրս եկավ գաղտնի տվյալներով ռադիոծրագիրը, որում հնչում էր Մատա Հարիի անունը, նրան առաջարկեցին աշխատել Ֆրանսիայի համար։ Մատան իրեն չկորցրեց և որոշեց լրտեսել թե՛ Ֆրանսիային, թե՛ Գերմանիային, սակայն ամեն գաղտնի բան վաղ թե ուշ բացահայտվում է, և Մատայի խարդավանքներն էլ բացառություն չկազմեցին։
8. Մատա Հարին հանդիսանում է նախորդ հարյուրամյակի ամենահանելուկային կանանցից մեկը։ Ինչպե՞ս էր նրան հաջողվում գայթակղել տղամարդկանց ու նրանցից տեղեկատվություն կորզել։ Նրա հաջողության գրավականը ամփոփված էր երեք կանոնների մեջ։
1. Անհրաժեշտ է նախաձեռնողականություն ցուցաբերել. Մատան դեռևս մանկուց էր հասկանում, որ ինքը չքնաղ է և կարող է իշխել տղամարդկանց։
2. Պետք է օգտագործել ճակատագրի ընձեռած ցանկացած հնարավորություն. Մատան երբեք չէր կարողացել պարել, սակայն պարն իսկի չէր էլ հուզում հանդիսատեսին, հանդիսականներին հիացնում էր աղջկա գրեթե լիակատար մերկությունը։
3. Հարկավոր է պահպանել հանելուկայնությունը. Մատայի երկրպագուների շարքում ավելի քան հարյուր հաջողակ տղամարդ կար, որոնց Մատան գրավում էր իր խորհրդավոր կերպարով ու հանելուկայնությամբ։ Նա իրեն ներկայացնում էր մերթ իբրև արևելյան գեղեցկուհի, մերթ իբրև հինդուիստական տաճարի քրմերի սան։
9. 1917 թ.-ի փետրվարի 13-ին Մատան ձերբակալվեց «Էլիզե Փելիս» հյուրանոցում ու մեղադրվեց լրտեսության մեջ։ Ասում են, որ նա ոստիկանությանը մերկ է դիմավորել այդ հյուրանոցում։ Մատան հերքում էր ամեն ինչ, բացի իր սիրավեպերից. «Գուցե և ես մարմնավաճառ եմ եղել, սակայն երբեք չեմ եղել դավաճան»։ Դատի ժամանակ նրան կարեկցում էին իր նախկին սիրեկանները, իսկ նրա փաստաբանը, ով նաև նրա սիրեկաններից էր, անգամ ծնկի իջավ դատավորի առաջ։ Այնուամենայնիվ, արդեն չափազանց ուշ էր Մատային փրկելու համար։ Հոկտեմբերի 15-ին նրա գնդակահարեցին։ 15 զինվորական միաժամանակ կրակեցին այս լրտեսի վրա, ով անգամ այդ պահին սպանիչ հայացքով նայում էր ուղիղ նրանց աչքերի մեջ։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե նա ծառայում էր ֆրանսիացիների՞ն, թե՞ գերմանացիներին, սակայն Մատա Հարին պատմության մեջ մնաց իբրև բոլոր ժամանակների ամենահայտնի լրտեսներից մեկը: