Դաստիարակված մարդիկ, ըստ մեծն ռուս դասականի, վարվում են հետևյալ կերպ.
♦ Նրանք հարգում են մարդկային անհատականությունը, այդ իսկ պատճառով միշտ հանդուրժող են, մեղմ, քաղաքավարի ու ընդառաջող։ Նրանք մեծ պատմություն չեն ստեղծում չնչին խնդիրնեից։ Ինչ-որ մեկի հետ ապրելով՝ նրանք չեն մտածում, թե շնորհ են անում, իսկ հեռանալիս չեն ասում «քեզ հետ ապրել հնարավոր չէ»։ Նրանք ներում են թե՛ աղմուկը, թե՛ սառնությունը, և թե՛ այլոց ներկայությունն իրենց տանը։
♦ Նրանք միայն աղքատներին ու կատուներին չէ, որ կարեկցում են։ Նրանց հոգին ցավ է ապրում նաև այն բանից, ինչն աչքերով չես տեսնի։
♦ Նրանք հարգում են մյուսների սեփականությունը, այդ իսկ պատճառով վճարում են իրենց պարտքերը։
♦ Նրանք մաքուր սիրտ ունեն և վախենում են ստից, ինչպես կրակից։ Նրանցից նույնիսկ չնչին սուտ չես լսի։ Սուտը վիրավորական է լսողի համար ու նրա աչքերում նսեմացնում է ստողին։ Նրանք դիմակ չեն կրում. փողոցում իրենց պահում են այնպես, ինչպես տանը, ոչ ոքի աչքերին փոշի չեն փչում։ Նրանք չեն շատախոսում։
♦ Նրանք իրենց չեն նվաստացնում մյուսների զգացմունքները շարժելու և օգնություն ստանալու համար։ Նրանք չեն խաղում ուրիշների հոգու լարերի հետ, որպեսզի դայակի նման խնամեն իրենց։ Նրանք չեն ասում՝ ինձ չեն հասկանում։
♦ Նրանք սին արժեքներ չեն հետապնդում։ Նրանց չեն հետաքրքրում այնպիսի դատարկ բաներ, ինչպես ադամանդներն են, հայտնիների հետ ծանոթությունները, փառքն ու անիմաստ ճոխությունները։
♦ Եթե նրանք տաղանդ ունեն, նրանք հարգում են դա։ Նրանք հանուն դրա զոհաբերում են իրենց հանգիստը, գինին ու սնափառությունը։
♦ Նրանք իրենց մեջ գեղագիտություն են դաստիարակում։ Նրանք չեն կարող քնել հագուստով, նայել փայտոջիլների՝ պատերին փորած անցքերին, գարշելի օդ շնչել, քայլել թքոտած հատակի վրայով, սնվել նավթավառից: Փորձում են հնարավորինս կրճատել և ազնվացնել սեռական բնազդը: Այդ հարաբերություններում դաստիարակվածներն այնքան խոհանոցային չեն: Նրանց կանանցից հարկավոր է ոչ թե անկողինը կամ խելքը, որ դրսևորվում է կեղծ հղիություն ձևացնելու և անվերջ ստելու մեջ: Նրանց, հատկապես՝ նկարիչներին, անհրաժեշտ է թարմություն, վայելչություն, մարդկայնություն: Քայլելիս օղի չեն խմում, պահարանները չեն հոտոտում, քանի որ գիտակցում են, որ խոզ չեն: Խմում են միայն, երբ ազատ են՝ առիթից առիթ: Քանի որ նրանց անհրաժեշտ է mens sana in corpore sano (առողջ հոգի առողջ մարմնում):