Եռյակի հոկտմբերի 24-ի հանրահավաքը շարունակում է ջրի երես դուրս բերել նորանոր հին դեմքերի, որոնք պատրաստակամություն են հայտնում երեսուն արծաթի դիմաց ստանձնել Եռյակին փնովելու անշնորհակալ գործը:
Հանրահավաքից անմիջապես հետո հայաստանյան քաղաքական դաշտը շոկ ապրեց: Չգիտես որտեղից հանկարծ հայտնվեց վաղուց մոռացված մեկը, որը, եթե խոսում էր, ապա խոսում էր պարտադիր իշխանությունների դեմ: Բայց այս անգամ, չգիտես ինչու (չնայած լավ էլ հասկանալի է ինչու), նա որոշեց խոսել ոչ-իշխանական ուժերի դեմ, երևի մտածելով, որ իշխանություններն իդեալական են, բոլոր խնդիրները լուծված են, և իր թիրախը պետք է լինի Եռյակը:
Դա վաղուց մոռացված Արշակ Սադոյանն էր, որը հանրահավաքից հետո հանկարծ որոշել էր հանդես գալ ասուլիսով և դրանում ինչ-որ նախօրոք հրահանգավորված և գրված կարծիքներ հնչեցնել Եռյակի և Գագիկ Ծառուկյանի մասին:
Զավեշտալին այն էր, որ ընդամենը ժամեր առաջ նույն Եռյակի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել էր նման դեմքերի մասին, նշելով, որ, որքան էլ զարմանալի է, սակայն որոշ գործիչներ իշխանություններից ավելի մոլեռանդորեն ու փութաջանորեն են քննադատում Եռյակին` փոխարենը իրենք բացարձակապես ՈՉԻՆՉ չանելով: 
Եվ ահա այդ գործիչների շարքը հանկարծ որոշեց մոռացության գրկից դուրս գալ և համալրել նաև Արշակ Սադոյանը: Թե ո՞վ է հիմա հիշում Արշակ Սադոյանին, կամ վերջին անգամ ե՞րբ է լսվել նրա որևէ ելույթը՝ մեծ հարց է: 
Սակայն միանգամայն պարզ է, որ իշխանությունները որոշել են իրենք լուռ մնալ, փոխարենն իրենց փոխարեն մի քանի արծաթով խոսեցնել վաղուց իրենց սպառած և լիակատար քաղաքական դիակների վերածված դեմքերի:
Իսկ Սադոյանին մնում է միայն խղճահարությամբ նայել, քանի որ նա այլևս պատկանում է այն գործիչներին, որոնք իրենց մասին կարող են հիշեցնել միայն Եռյակին փնովելով, ինչն այսօր մոդայիկ գործ է շատերի համար, և այլևս իր վրա ունենալ իշխանություններին ծախված հերթական գործչի պիտակը: Իսկ իշխանությունները դեռ թաքցնում են իրենց խուճապը, քանի դեռ նրանց փոխարեն դա կարող են արտահայտել ծախված գործիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել