Այո, այո, վերնագիրը ճիշտ եք կարդացել: Տավուշի մարզում, և ոչ միայն: Արցախցի տղաները պիտի ծառայեն ՀՀ տարածքում, այնպես, ինչպես այստեղից ենք գնում Արցախ ծառայելու: Արցախցի տղան պիտի իր մաշկի վրա զգա, որ Տավուշի սահմանագիծը շատ ավելի դժվար ու վտանգավոր է պահել, քան այսօրվա Արցախի սահմանը: Դրանով իսկ նա կսկսի ավելի սրտացավ լինել այդ տարածքի հանդեպ նույնպես: Նրա համար Հայրենիք հասկացությունը կամբողջանա ողջ Հայաստանով: Արցախցի տղաները պիտի ծառայեն Նախիջևանի սահմանին, Մեղրիում, Լոռիում, Շիրակում... Այո, նրանք պիտի ծառայեն նաև Երևանում, որ հասկանան, թե որն է իրենց մայրաքաղաքը: Այլապես այս իրավիճակում նրանք արհեստականորեն կտրված են ՀՀ-ից, դրա համար էլ որպես իրենց հայրենիք ընկալում են միայն Արցախը: Ինչո՞ւ է ՀՀ-ում բնակվող երիտասարդի սիրտը ավելի ցավում Արցախի համար: Քանի որ նա իր կյանքի 2 տարիները նվիրել է հենց այդ տարածքին: Ես հենց այնպես չեմ խոսում: Սա շատ կարևոր հոգեբանական պահ է: Ես իմ օրինակի վրա եմ ասում: Ինձ համար մինչև իմ բանակ զորակոչվելը Տավուշի մարզը մի հեռո, «օտար» տարածք էր, իսկ ծառայությունից հետո` Հայաստանի ամենասիրելի շրջաններից մեկը: Քանի որ ես այնտեղ անհանգիստ զորանոցային գիշերներ եմ անցկացրել, երբ Ջողազի ուղղությամբ մարտեր էին ընթանում: Ճիշտ է` ես առաջին գծում չեմ եղել և իմ վրա ուղիղ նշանառության կրակի վախը չեմ զգացելել, բայց մենք անքուն գիշերներ էինք անկացնում` ամեն վայրկյան պատրաստ լինելով մեր հրետանային զինտեխնիկան իրենց մարտական դիրքերում զբաղեցնելու և թշնամու գլխին հրետանային կրակ բացելու համար: Ասածս ի՞նչ է: Արցախը Հայաստանին լիովին ինտեգրելու քայլերից մեկը պիտի լինի այն, որ արցախցի զինակոչիկը ծառայի ՀՀ զորամասում: Դրանով նրա համար հաստատ հայրենիք հասկացությունը կամբողջանա ողջ Հայաստանի մեջ:

Հ.Գ. Միջնադարում հայ իշխաններն էլ էին անկախություն-անկախություն խաղում, դրա համար էլ նրանց գլուխները հատ-հատ կերան...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել