Կնոջ գեղեցկությունը վերջինիս հզորագույն զենքն է, և յուրաքանչյուր կնոջ համար չափազանց կարևոր է խնամված և առողջ արտաքին տեսք ունենալը: Այս հարցում կարող են օգնել մի շարք հեղինակավոր մասնագետների խորհուրդները, որոնք կիրառելի են տնային պայմաններում, և մասնագետի միջամտության կարիք բնավ չի զգացվում:

Մաշկաբան Թեդ Լեյնը խորհուրդ է տալիս աչքերի շրջանում այտուցվածությունը վերացնելու համար վարունգ օգտագործել: Այն հակաօքսիդանտներ է պարունակում, և աչքերի վրա սառը վիճակում վարունգի շերտ դնելով՝ հնարավոր է դառնում հասնել ցանկալի արդյունքի:

Մաշկի վրա առկա կորյակները հնարավոր է մեկ գիշերվա ընթացքում չորացնել և մաքրել մաշկը դրանցից: Այս հարցում կարող է օգնել ատամի մածուկը, սակայն վերջինիս կիրառումը պետք է կանոնավոր բնույթ չկրի, քանի որ այն վերջիվերջո նախատեսված է ատամների և ոչ թե մաշկի համար և օգտագործումը չարաշահելու դեպքում կարող է գրգռել մաշկը: Այնուամենայնիվ, շնորհիվ պարունակած ալկոհոլի, հակաբակտերիալ բաղադրիչների, ջրածնի պերօքսիդի՝ ատամի մածուկը կարող է մեկ գիշերում մաշկը մաքրել կորյակներից:

Լիմոնը կարող է մաշկը մաքրել մահացած բջիջներից և առողջ ու թարմ տեսք հաղորդել վերջինիս: Շնորհիվ իր մեջ առկա գլիկոլիկ թթվի՝ լիմոնը բացում է մաշկի ծակոտիները և հնարավորություն տալիս հեռացնել դրանցում կուտակված ավելորդ ճարպային մնացորդները և փոշին: Սակայն մաշկային խնդիրների առկայության դեպքում (չորություն, էկզեմա) լիմոնի ուղղակի օգտագործումը խորհուրդ չի տրվում:

Մանրացված ասպիրինով և ջրով պատրաստված լուծույթը կարող է օգնել մաշկը կորյակներից ազատելու հարցում: Ասպիրինի բաղադրության մեջ առկա սալիցիլիկ թթուն բացում է մաշկի ծակոտիները, շերտազատում այն, ինչպես նաև ազատում մաշկը մահացած բջիջներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել