Ժամանակակից աշխարհում շատերն են տառապում անքնությունից։ Որքան էլ հոգնած լինենք ու քնելու ցանկություն ունենանք, երբեմն անկողնում երկար պառկած չենք կարողանում քնի մեջ ընկել։  Ահա մի քանի խորհուրդ, որ գիտականորեն ապացուցված են, որ օգնում են հեշտությամբ քնել։


 1  Գիրք  կարդացեք - Արագ քնի մեջ ընկնելու լավագույն ու ամենահայտնի միջոցներից մեկը թերևս գիրք կարդալն է։ Ու ամենևին էլ կարևոր չէ, թե ինչ կկարդաք, նույնիսկ ինչ-որ ձանձրալի մի բան ընթերցելը կարող է օգնել քնել։ Գիրքը կօգնի ձեզ հեռու մնալ էլեկտրոնային սարքերից, որոնք տեսողական առումով խթանում են մտքի աշխատանքն ու անքնություն առաջացնում։ Հաջորդ անգամ, երբ դժվարանաք քնել, պարզապես գիրք վերցրեք ու սկսեք ընթերցել։

 2  Ամեն օր միևնույն ժամին պառկեք քնելու - Ամեն անգամ միևնույն ժամին պառկելով՝ դուք կզարգացնեք ձեր կենսաբանական ժամացույցը, և ձեր օրգանիզմը շուտով կսովորի ամեն օր նույն ժամին քնել։ Կանոնավոր քունը նաև կկարգավորի օրգանիզմում սերոտոնինի ու մելատոնինի մակարդակը։

 3  Առողջ սնվեք - Թերևս ամենուր կարդում եք առողջ սնվելու կարևորության մասին, ինչևէ, պետք է նշել, որ առողջ սննդակարգն իսկապես չափազանց կարևոր է նաև առողջ քնի համար։ Հետազոտությունները պարզել են, որ սննդակարգի մեջ մրգերի, բանջարեղենի ու հատիկավորների օգտագործումը լավացնում է քունը՝ շնորհիվ դրանց մեջ առկա օրգանիզմի համար կարևոր հանքանյութերի, այդ թվում՝ մագնեզիումի, պոտասիկումի և այն։ 

 4  Սենյակը զով պահեք - Սենյակը զով պահելը նույնպես կօգնի, որ հանգիստ քուն ունենաք։ Հետազոտություները ցույց են տվել, որ մարմնի ջերմաստիճանը մեծ դեր է խաղում քնի համար, և քանի որ քնելու ժամանակ մարմնի ջերմաստիճանը սկսում է բնականորեն իջնել, այդ իսկ պատճառով կարևոր է սենյակի ջերմաստիճանը զով, բայց ոչ սառը պահել։ Հենց այդ է պատճառը, որ երբ տաք լոգանքից դուրս ես գալիս, քնկոտ ես զգում մարմնի ջերմաստիճանի անկման հետևանքով։ Այնպես որ պառկելուց առաջ մի՛ մոռացեք սենյակի պատուհանը բացել ու այն օդափոխել։

 5  Տաք կաթ խմեք - Քնելուց առաջ տաք կաթ խմելն իսկապես արդյունավետորեն օգնում է ավելի արագ քնի մեջ ընկնել։ Հետազոտողները ենթադրում են, որ պատճառը կարող է կաթի մեջ պարունակվող տրիպտոֆանը լինել։ Ինչևէ, հոգեբանները նաև առաջ են քաշում այն տեսությունը, ըստ որի կաթը ենթագիտակցական հոգեբանական  ազդեցություն է ունենում մարդկանց վրա ու դա կապված է մանուկ հասակում մայրական կաթ ուտելու և հարմարավետության ու հանգստի զգացման ենթագիտակցական հիշողության հետ։ Այնպես որ, եթե ցանկանում եք հանգիստ քնել, ապա մի բաժակ կաթ խմեք քնելուց առաջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել