Tert.am-ը գրում է․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակ: Հոկտեմբերի 20-ից գործող այս գրասենյակն ստեղծվել է կոմիտեի «Կենտրոն» և «Էրեբունի» սպասարկման գրասենյակների միավորմամբ:

Վարչապետ Աբրահամյանը շրջել է գրասենյակի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և ստեղծված հնարավորություններին: Կառավարության ղեկավարը զրուցել է տեղում գործարք իրականացնող աշխատակիցների և քաղաքացիների հետ, հետաքրքրվել տրամադրվող ծառայությունների որակով և ընթացքով:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումները, կարևորել էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

«Վերջին հարցումների արդյունքում քաղաքացիների դժգոհությունը կադաստրի պետական կոմիտեից նվազել է: Բարեփոխումները պետք է շարունակվեն, և կառավարությունը հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքը լինի թափանցիկ, և քաղաքացի-աշխատակից շփումը նվազեցվի: Բոլոր գործարքները, որ իրականացնում է քաղաքացին, պետք է լինեն հեշտ ու մատչելի», - նշել է վարչապետը:

Որպես հետագա քայլեր՝ կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել էլեկտրոնային համակարգի շարունակական ներդրումը և «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքի կազմակերպումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել