Բոլորի աչքից հեռու՝ հեռավոր Ալավերդիում, ընթանում է «Թատերական Լոռի» միջազգային կոչվող փառատոնը: ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի ջանքերով հիմնադրված այս փառատոնն արդեն 22-րդ անգամ է բացել իր վարագույրը և հրավիրել թատերախմբերի: Բայց հատկապես 22-րդը կմտնի այս փառատոնի պատմության մեջ իր արտառոց, հակաթատրոնական և հակատրամաբանական քայլերով: Փառատոնի գլխավոր համակարգող է նշանակվել մշակութային լրագրող Ասատրյան Նվարդը, որն ամենուրեք ներկայանում է որպես թատերագետ: Լավ, այնքան էլ կարևոր չէ, թե ընդամենը ճոռոմ բառերով սյուժեներ վերապատմող այս տիկինն ինչ է ներկայանում, կարևորն այն է, որ նա ի սկզբանե աղավաղել է փառատոնը, ամեն ինչ հարմարեցրել իր քիմքին ու ճաշակին: Նախ, չգիտես ինչու, փառատոնի հայտեր ընդունելու մասին հայտարարություններ չեղան, չհրապարակվեց հանձնախմբի կազմը: Փոխարենը, այս տիկինը, սեփական ցանկությամբ, սկսեց զանգահարել իր սիրած թատերախմբերին ու հրավիրել փառատոնին: Արդյունքում, մի շարք խաղացանկային թատրոններ դուրս մնացին, հնարավորություն չունեցան մասնակցելու փառատոնին: Այսքանով չբավարարվելով՝ այս տիկինը, վերազանցելով իր լիազորությունները, ներկայացումները բաշխեց ըստ քաղաքների՝ իր չսիրած, իր կողմից չհրավիրված թատերախմբերին ուղարկելով Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան… Գուցե այնքան էլ չկարևորվեր այս հանգամանքը, եթե չլիներ մրցութայնության հարցը: Հանձնախումբը գործում է Ալավերդիում, իսկ սա նշանակում է, որ այս քաղաքից դուրս ցուցադրվող ներկայացումները և դերակատարումները չեն կարող հավակնել մրցանակների, չեն կարող գնահատվել: Եվ հենց սա էլ Ասատրյան Նվարդի գլխավոր խորամանկությունն է, որովհետև, դեռևս փառատոնը չբացված, նա զանգահարել է մի շարք թատերախմբերի և դերասանների ու տեղեկացրել, որ նրանք են ստանալու փառատոնի մրցանակները… Մենք այս մասին տեղեկացրեցինք փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանին, սակայն որևէ հիմնավոր պատասխան կամ բացատրություն չստացանք: Նա սկսեց մանևրել, անհասկանալի պատասխաններ տալ, խոստանալ, որ եթե Վանաձորում շատ լինեն ներկայացումները, ապա այստեղ էլ հանձնախումբ կձևավորեն և էլի նման բաներ… Այսինքն՝ ի սկզբանե ամեն ինչ այլանդակել են և ուղղումներ մտցնելու ցանկություն էլ չունեն… Բայց այսքանով չի ավարտվում Պապինյան-Ասատրյան ալյանսի «քաջագործությունների» շարքը: Պարզվում է, որ մասնակիցներին ընդունելու հարցում էլ գոյություն ունեն խտրական վերաբերմունք ու մոտեցումներ: Այսպես, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնին ընդունել են անհյուրընկալ վերաբերմունքով, ոչ այն ճաշացանկով, ինչով ընդունել են այլ թատերախմբերի, չեն առաջարկել նաև գիշերել, երբ հյուրանոցային ծախսեր են արվում... Լրագրողներից մեկը, որը ներկա է եղել, զայրույթով խոսեց այս մասին, պատմեց, թե ինչ անհարգալից վերաբերմունք են դրսևորել ադամյանցիների հանդեպ: Ինչու՞: Պատճառն այն է, որ այս թատրոնը չի ընդունում ինքնակոչ թատերագետ Ասատրյան Նվարդին: Դե, եթե չեք ընդունում, ուրեմն Պապինյան-Ասատրյան զույգն էլ կարող է «պատժել»... Ցավալի է, որ Սոս Սարգսյանին նվիրված փառատոնը ոմանք աղավաղել ու այլափոխել են, առաջ են տարել սեփական ամբիցիաները... Իսկ ստի ու կեղծիքի մասին էլ մի այլ առիթով կխոսենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել