Այսօր մի շարք ազատամարտիկներ այցելել են լրատվական կայքերից մեկի խմբագրություն և նեղսրտել, որ համացանցով բարձրաձայնվում է, թե ով է իրականում Սուրիկ Խաչատրյանը:
Թե ինչու են նեղսրտել ազատամարտիկները Սուրիկ Խաչատրյանի համար, մնում է անհասկանալի: Եվ ընդհանրապես, ինչպես կարող է որևէ ազատամարտիկ, որը ժամանակին զենքը ձեռքին մարտնչել է մեր թշնամու դեմ և տարել հաղթանակ, այսօր դոշ տված պաշտպանի Սուրիկ Խաչատրյանին, որի հանդեպ ողջ Հայաստանի հասարակությունը ունի կոնկրետ ձևավորված վատ կարծիք:
Նման անձինք, լինելով ազատամարտիկներ, այդ քայլով առաջին հերթին խայտառակում են հենց իրենց և «ազատամարտիկ» հասկացությունն ընդհանրապես: Եվ սա այն դեպքում, երբ ամիսներ առաջ բազմաթիվ ազատամարտիկներ նստացույց էին անում Ազատության հրապարակում, հացադուլ էին անում` իրենց ոտնահարված իրավունքների, իրենց վատթար սոցիալական վիճակի և չգնահատված լինելու համար:
Այո, ցավալի է, որ այսօր ունենք ազատամարտիկ, որը հացադուլ է անում, ունենք հանիրավի ազատազրկված ազատամարտիկներ, ունենք իշխանությունների դեմ պայքարի կոչ անող ազատամարտիկներ և, ցավոք, ունենք ազատամարտիկներ, ովքեր, կաշվից դուրս գալով, պաշտպանում են Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի նման մեկին:
Անգամ եթե ընդունենք, որ Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը Լիսկան, ինքն է գործուղել այդ ազատամարտիկներին կայքի խմբագրություն, ապա նրանք պետք է ամեն գնով ընդդիմանային դրան, ոչ թե գային և սկսեին գովեստի խոսքեր շռայլել Լիսկային՝ մեկին, որին այսօր իրավամբ չի ընդունում ողջ հասարակությունը: Չէ՞ որ նրանք ժամանակին ընդդիմացել էին մի ամբողջ զինված և թվապես գերակշռող թշնամու բանակի:
Ցավոք, բարքերը այնքան են անկում ապրել, որ Լիսկայի համար ելույթ են ունենում և նրան պաշտպանում են անգամ ազատամարտիկները, ովքեր ժամանակին անվախ կանգնած էին թշնամու դեմ, բայց այսօր խոնարհվում են Լիսկայի առաջ:
Հ.Գ. Ի դեպ, կայքի խմբագրություն այցելած ազատամարտիկներից մեկը` Մանվել Հովհաննիսյան անունով, նույն Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, տխրահռչակ ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի հարազատ եղբայրն է, ով օրեր առաջ գովերգներ էր ձոնում Լիսկային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել