Ամերիկահայ Արա Հարությունյանը շատ ճիշտ դիտողություն էր արել, որ 5-րդ դարի սկզբին Մեծ Հայքում գիր ունենալու դրական միջավայր էր առկա, իսկ երեք քառորդ դար անց Խորենացին «Ողբ»-ում խոսում էր բազմաթիվ այլանդակ երևույթների մասին, որ պատել էին Հայոց աշխարհը: Ի՞նչն էր երկրի բարոյական մթնոլորտը 180 աստիճանով շրջած երևույթի պատճառը: Իմ կարծիքով՝ դա կիսանկախ թագավորության վերացումն էր 428թ., երբ նախարարների պահանջով պարսից արքան գահազրկեց վերջին Արշակունի թագավոր Արտաշիրին և երկրում հաստատեց մարզպանություն: Չնայած մարզպանը հայ էր, սակայն վերջինս թե՛ իր, և թե՛ այլոց կողմից ընկալվում էր որպես արտաքին ուժի՝ պարսից թագավորության ներկայացուցիչ, և այդպիսով երկիրը վերածվում էր անտեր տարածքի: Իսկ բարոյական մթնոլորտի անկումն առաջին հերթին տեղի է ունենում հենց անտեր տարածքում, որը դադարում է ընկալվել որպես հայրենիք: Եթե մենք շարունակենք այն ուղին, որով ընթանում ենք այսօր, ապա շատ շուտով մեր երկիրն ամբողջությամբ կվերածվի անտեր տարածքի՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել