Կորցնելիս երբեք չես մտածում, որ մերժում ես այն, ինչ Աստված է նվիրել, մանավանդ, երբ կորցնում ես քո նախաձեռնությամբ: Դա նման է ծխախոտ ծխելուն: Հասկանում ես, որ կորցնում ես առողջությունդ, բայց շարունակում ես ծխել:
Շռայլում ես հոգուդ ամենաանկեղծ արտահայտությունները` սիրում եմ քեզ կյանքիցս շատ, կյանքս կտամ քո համար, առանց քեզ չեմ կարող ապրել: Հասկանո՞ւմ ես արդյոք այդ պահին, որ այդ խոսքերը մի օր մոռանալու ես, բայց վերևում ոչինչ չեն մոռանալու: Իսկ յուրաքանչյուր բառ բումերանգի էֆեկտ ունի, ինչպես և յուրաքանչյուր սուտ: Անտեղի մի շռայլեք բառերը, որոնց իմաստը հասկանալ ի զորու չեք, հատկապես, եթե մտածում եք, որ իրոք նվիրված եք նրան, ում բաշխում եք աստվածային արտահայտությունները:
Ի վերջո, սերն ու նվիրվածությունը երբեք չի չափվում դատարկ խոսքերով: Ժամանակն ու կայունությունն են ապացուցում հարաբերությունների հզորությունը: Մեծերից մեկն ասել է. «Մարդուն կարելի է ամեն ինչ ներել՝ բացի նրա բացակայությունից»: Մեծերի հետ վիճել չի կարելի, բայց մի երկու բան էլ կավելացնեի:
Եվ ևս մի փոքրիկ նյուանս: Երբ ինչ-որ բան ցանկանում ես սպանել քո մեջ, հիշիր` նա, ով քեզ հավատարիմ է, մեղավոր չի դրանում, ու սեփական քմահաճույքներին հագուրդ տալու համար պետք չի տրորել նրան, ում համար քիչ առաջ պատրաստ էիր կյանքդ տալ:
Ահա և եկանք պարադոքսի հանգուցալուծմանը: Վերոնշյալները յուրաքանչյուրիս կյանքի կրկնվող դրվագներն են, բայց քանի մենք ապրում ենք ու հասկանում ենք, որ պետք չի ցավացնել ու արդյունքում կորցնել, շարունակելու ենք ցավացնել, կորցնել, դե ծխելն էլ կա ու կա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել