Ականջդ կանչի՝ «Ոզնի» ամսագիր. 90-ականներին գրել էր. «Կեցցե դոլարի կուրսը, տոկոսը եւ շուկայի որսը»: Նույն վիճակն էլ հիմա է. շուկայական անտերություն, անտերության մատնված կուրս՝ համաշխարհային շուկայի «վայրիվերումների» հետ կապ չունեցող, գների աճ, անտերության մատնված ժողովուրդ, որի շարքային ներկայացուցիչները ՄԻԳ հեռուստատեսությամբ դժգոհում էին, որ կարտոֆիլի գները բարձրացել են, որ ամեն տարվա նման չեն կարողանում միանգամից ձմռան պաշար գնել, իսկ վաճառողներից մեկն էլ տեղին դժգոհեց, որ գյուղնախարարի հավաստիացումից հետո, թե կարտոֆիլի գնաճ է սպասվում, գինը բարձրացավ: Ու սա առաջին անգամ չէ, պարզապես նախարարներն են փոխվել: Տարիներ առաջ էլ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանն էր կարտոֆիլի գնաճ խոստացել, ու ամառ օրով կարտոֆիլի գինը դարձավ 300-350 դրամ, Թուրքիայից էլ չէին ներմուծում, այնպես որ չպետք է զարմանալ 250 դրամանոց կարտոֆիլի վրա: Իսկ այսօր Լոռվա գյուղերից մեկի մի բնակիչ հաստատեց նաև այն տեղեկությունը, որ կարտոֆիլը ինչ-ինչ ձեռներեցներ տանում են Վրաստան. «Գնում են Ծաթերից ու Ղաչաղանից կարտոֆիլ են առնում հենց գյուղացիներից, ու դրա համար էլ գինը բարձրանում է, անցյալ տարի արգելել էին, ու դրա համար չծախված ահագին կարտոֆիլ էր փչացել, երևի անցյալ տարվա օրինակը դաս եղավ, դրա համար հիմա չեն արգելում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել