10. Ուշացում  

Աշխարհի բազմաթիվ վայրերում ուշացումը շատ կոպիտ սխալ է համարվում, սակայն դա չի վերաբերում Հարավային Ամերիկային։ Չիլիում եթե տանտերն ասում է, որ ճաշը կմատուցվի 20:00-ին, հյուրերը գալիս են 20:15 կամ 20:30։ Եթե նրանք գան ժամանակին կամ մի փոքր ավելի շուտ, հնարավոր է, որ տանտերը պատրաստ չլինի։ Այդ դեպքում հյուրը կհամարվի չափազանց անհամբեր, և այնպիսի կարծիք կստեղծվի, որ նա միայն ուտելու համար է եկել։ Էկվադորում 15–20 րոպեով ուշացումը ուշացում չի համարվում, իսկ բրազիլացիները գտնում են, որ հանդիպման ժամը դինամիկ է, ուստի գալիս են իրենց ուզած ժամին։   
Անգամ ԱՄՆ-ն է ընդունել այս ավանդույթները, քանի որ որոշ վայրերում բնակչության զգալի մասը ներգաղթյալներն են, ովքեր ներմուծել են պունկտուալությանը հակասող ավանդույթները ԱՄՆ-ում։ Օրինակ՝ Մայամիում ընթրիքը բավականին ուշ է մատուցվում, իսկ հյուրերը պակաս պունկտուալ են, քան երկրի մյուս մասերում։

9.Ալկոհոլ և սատանա


Ռուսաստանը ալկոհոլի սպառման հարցում իրեն հավասարը չունի։ Օղին վաղուց է քայքայում ռուսների լյարդը, ինչպես նաև մահվան ելքով մի շարք դժբախտ պատահարների ու հանցագործությունների պատճառ դառնում։ Քանի որ ալկոհոլը ռուսական մշակույթի անբաժան մասն է, Ռուսաստանում գոյություն ունեն էթիկետի մի շարք կանոններ, որոնք վերաբերում են ալկոհոլի օգտագործմանը։ Օրինակ՝ կենացից հետո խմիչքի բաժակը կարելի է դնել սեղանին միայն այն դեպքում, եթե այն դատարկ է։ Ճաշից ուշացումը նշանակում է, որ Դուք պետք է մինչև վերջ խմեք օղու «տուգանային բաժակը», քանի որ սա մյուսների հետ հավասարվելու միակ եղանակն է։ Առաջին բաժակից հետո ոչինչ չի կարելի ուտել, անգամ ակրատ։ Ի վերջո, երբեք չի կարելի դատարկ բաժակով կենաց ասել։ Եթե համարձակվեք նման բան անել, ստիպված կլինեք խմել ողջ շիշը։   
Ռուսների մեջ տարածված են նաև որոշ սնոտիապաշտություններ։ Ասում են, որ երբ առանց չար մտադրության քննարկում եք ինչ-որ մեկի առողջությունը, երեք անգամ պետք է թքեք։ Սա խորհրդանշում է սատանայի աչքի մեջ թքելը, ինչը կանխարգելում է վատ կանխանշանները։ Եթե քննարկումը կատարվում է գրավոր, ապա պետք է գրել «тьфу, тьфу, тьфу»։ Այս ավանդույթը ծանոթ չի՞ թվում։ Մենք էլ դրա փոխարեն երեք անգամ ձեռքով խփում ենք որևէ փայտե առարկայի ու ասում  «թու, թու, թու»։  

8. Կաթնատամներ ու ատամնային փերի



Ատամնային փերու մասին պատմության մի քանի տարբերակ կա։ Դանիայում ատամնային փերուն անվանում են Թեն Ֆին։ Բազում մշակույթներում այս մտացածին կերպարը մկնիկ է։ Ֆրանսիայում նա հայտնի է իբրև «La Petite Souris», Իսպանիայում՝ «Ratoncito Perez», իսկ Կոլումբիայում՝ «El Raton Miguelito»։
Հունաստանում ու Մավրիտանիայում երեխան ոչ թե պարզապես բարձի տակ է դնում ատամը, այլ փորձում է հնարավորինս բարձր նետել ատամը, որպեսզի այն ընկնի շենքի տանիքի վրա։ Հունաստանում կաթնատամների անվնաս պահպանումը համարվում է հաջողության ու ամուր հիմնական ատամների երաշխիքը։ Մավրիտանիայում ատամի պահպանումը վստահվում է այն աքաղաղին, որն առաջինը ծուղրուղու կկանչի։ Ջամայկայում երեխաներին սարսափելի պատմություններ են պատմում մի հորթի մասին, որը սպանում է բոլոր այն երեխաներին, ովքեր չեն դնում ատամը տարայի մեջ ու չեն թափահարում այն։ Ասում են, որ թափահարումից առաջացած աղմուկը քշում է հորթին։ Մալայզիայի երեխաները թաղում են իրենց ընկած ատամները հողի մեջ, քանի որ մարմնի յուրաքանչյուր մասը պետք է վերադարձվի հողին։ Թուրքիայում ընկած ատամներն օգտագործվում են, որպեսզի երեխաները ձեռք բերեն ծնողի ցանկացած մասնագիտությունը։ Օրինակ՝ եթե նրանք ցանկանում են, որպեսզի իրենց երեխան բժիշկ լինի, նրանք կարող են ատամները թաղել հիվանդանոցի մոտ։ Հայ փոքրիկների շրջանում ևս կաթնատամների հետ կապված հետաքրքիր ավանդույթ կա։ Նրանք ընկած ատամը նետում են՝ ասելով «Ա՛ռ քեզ գառան ատամ, տո՛ւր ինձ գայլի ատամ»։  


7. Սամուրայների բարոյական կոդեքսը և հարակիրին


Սամուրայների բարոյական կոդեքսում ընդգծված է մարտիկների ուժը, հավատարմությունը և նպատակասլացությունը։ Որոշ վերլուծաբաններ ու ակադեմիկոսներ առաջարկում են բիզնեսի աշխարհ ներմուծել այս կոդեքսը՝ համարելով, որ այն կարող է նպաստել ընկերությունների առաջ ծառացած խնդիրների լուծմանը։ Եթե բիզնեսի ոլորտում աշխատանքները տարվեն սամուրայների բարոյական  կոդեքսով ոգեշնչված մարդկանց կողմից, աշխատանքն արգասաբեր կլինի թե՛ աշխատողի, թե՛ ղեկավարի, թե՛ հանրության համար։
Ինչ վերաբերում է հարակիրիին, դրա շուրջ հակասական կարծիքներ կան։ Այս ավանդույթը հատկապես սուր էր քննադատվում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում, երբ հազարավոր ճապոնացի զինվորներ շարունակում էին սամուրայների կողմից ստեղծված ավանդույթը՝ որոշելով թշնամուն հանձնվելու փոխարեն ինքնասպանություն գործել։ Այս ավանդույթը մինչ օրս էլ շարունակվում է Ասիայի բազմաթիվ մասերում։ Հայտնի դեպքերից են Յուկիո Միշիմիի և Մասահուրու Նոնակայի ինքնասպանությունները։ Միշիմին ինքնասպանություն գործեց 1970 թ.-ին՝ այս կերպ փորձելով իր բողոքն արտահայտել Ճապոնիայի ռազմական քաղաքականության դեմ, իսկ Նոնական ինքնասպանության դիմեց 1999 թ.-ին՝ աշխատանքից հեռացվելուց հետո։  
Կորեայում շատերը մեղքի ու ամոթի անտանելի զգացում են ունենում այս կամ այն ողբերգությունից հետո և ինքնասպանությունը համարում են միակ ելքը։ Սա ամենասխալ մոտեցումն է, որը անդառնալի հետևանքներ է ունենում ոչ միայն ինքնասպանություն գործողի, այլև նրա հարազատների համար։  Երբ 2014  թ.-ի ապրիլին «MV Sewol» լաստանավը խորտակվեց կապիտանի մեղքով, ընկերության փոխնախագահն ինքնասպանություն գործեց, որովհետև չկարողացավ դիմանալ իրեն տանջող մեղքի զգացմանը։     

6. Հակա. պատերազմի պար



Հական Նոր Զելանդիայի մաորի ժողովրդի ավանդույթներից է։ Այս ժողովրդի մարտիկները դեմքի սպառնալից արտահայտություն են ընդունում, խռխռոցներ հանում, ողջ կոկորդով ոռնում, բարձրաձայն երգում, դոփում և լեզվով ճտտացնում հակառակորդին վախեցնելու համար։ Ներկայումս այս ավանդույթը հիմնականում հանդիպում է Նոր Զելանդիայի ռեգբիի թիմերում։ Ռեգբիի «All Blacks» ազգային թիմը յուրաքանչյուր մրցումից առաջ հակա է կատարում։ «FIBA 2014»  մրցաշարի ժամանակ «Tall Blacks» բասկետբոլային թիմը հակա կատարեց, ինչն ապշեցրեց ու շփոթեցրեց «Tall Blacks»-ի ամերիկացի մրցակիցներին։ Հական ավելին է, քան սոսկ զինվորական պար։ Պարը կարող է պատմել ցեղի պատմական անցյալի ու գիտելիքների մասին, օգտագործվել իբրև ողջույնի ձև կամ հարգանքի նշան։ «Գահերի տիրակալը» կինոնկարը նկարահանվում էր կղզում։ Նկարահանմանը մասնակցում էին մի շարք տեղացի դերասաններ։ Վիգգո Մորտեսենը հայտնի էր մի շարք համարձակ հնարքներով, որոնց համար հանդիսականը հարգում էր նրան։ Նկարահանումների վերջին օրը նորզելանդացիները, ի նշան հարգանքի, նրա համար հակա կատարեցին։   

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել