Անընդունելի է, երբ սպորտը, մշակույթը քաղաքականցվում են:
Տգեղ էր այն, ինչ տեղի ունեցավ Սերբիա- Ալբանիա ֆուտբոլային խաղի ժամանակ: Միլիոններին գերող այս խաղը կարող էր խաղաղության կամուրջ հանդիսանալ այս երկու ժողովուրդների միջև, սակայն տեղի ունեցավ հակառակը:
Տհաճ է, երբ Անդրեյ Մակարևիչի համերգները Ռուսաստանում, ըստ էության, արգելվում են, որովհետև երգիչն ուկրաինական հարցում ունի՝ Կրեմլից տարբերվող դիրքորոշում:
Բայց տհաճ է նաև, որ մի քանի հազար մարդ բողոքում են Կոբզոնի և Վալերիայի լոնդոնյան համերգի դեմ միայն այն բանի համար, որ երգիչները պաշտպանում են Պուտինի քաղաքականությունը:
Իհարկե, մտավորականները, մարզիկները պետք է ունենան քաղաքացիական կեցվածք, դիրքորոշում, սակայն դա չպետք է շփոթել «պալատական սազանդարության» հետ: Ուզում եմ ասել, որ հաճախ անվանի մտավորականներն են իրենց շուրջ կրքերի բորբոքման առիթ տալիս:
Մյուս կողմից, Մակարևիչը, Կոբզոնը, Վալերիան, առաջին հերթին, անզուգական կատարողներ են ու նրանց հենց այդպես էլ պետք է ընդունենք՝ քաղաքականությունից վեր ու քաղաքականությունից դուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել