Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սուրիկ Խաչատրյանը հայրենի Կառավարության ամենաօդիոոզ դեմքերից մեկն է: Նրա անունը այսօր բազմաթիվ քաղաքացիների մոտ ասոցացվում է միայն ծեծի, սպառնալիքների, հանցանքների, ամենաթողության և այլնի հետ:
Սակայն հետաքրքիրն այն է, որ շատերն ունեն ուղղակի ընդհանրական պատկերացումներ Սուրիկ Խաչատրյանի մասին. ուղղակի գիտեն, որ նա վատն է և վերջ: Չենք փորձում հիասթափեցնել նման մարդկանց, քանզի նրանք չեն սխալվում իրենց կարծիքում: Ուղղակի կցանկանայինք փոքր-ինչ կոնկրետացնել բազմաթիվ մարդկանց հիմնավոր կարծիքները Սուրիկ Խաչատրյանի մասին` մի փոքր էքսկուրսով նրա կենսագրությունում:
Եվ այսպես, Սուրիկ Խաչատրյանը դեռ բավական երիտասարդ տարիքից հակված է եղել հանցագործությունների և խուլիգանական արարքների:
Նրա առաջին դատապարտվածությունը, որքան էլ զարմանալի լինի, եղել է 1972 թվականին, երբ մեր օրերի “հերոսը” ընդամենը 16 տարեկան դպրոցական էր: 16 տարեկան Սուրենչիկը արդեն հասցրել էր թալանել դպրոցներից մեկի բուֆետը, հեռացվել դպրոցից և դատապարտվել ազատազրկման: Դպրոցի տնօրինությունը հեռացնելու պահին չէր էլ պատկերացնում անգամ, որ պատանի խուլիգանը մի գեղեցիկ օր կդառնա ամբողջ Սյունիքի ղեկավարը: Բայց կա այն, ինչ կա:
Պատանի հասակում դատապարտվելով՝ Սուրիկ Խաչատրյանը ոչ թե մեղանչեց և հասկացավ, որ դա սխալ ուղի է, այլ շարունակեց նույն տեմպերով և նույնիսկ ինքն իրեն գերազանցելով՝ կատարեց նորանոր հանցագործություններ: Հաջորդը արդեն երիտասարդ աղջկա բռնաբարությունն էր 1980-ականների սկզբին, որի համար Սուրիկ Խաչատրյանը կրկին դատապարտվեց ազատազրկման:
Հետագայում հանցագործությունները կրկնվել են մեկը մյուսի հետևից. Սուրիկ Խաչատրյանը դատապարտվել է հափշտակությունների, մասնավորապես՝ մեքենայի հափշտակության համար, դատապարտվել է նաև ուրիշին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար. դանակահարել է ինչ-որ մեկին: Նա նույնիսկ ծեծի է ենթարկել ինչ-որ մի երեխայի` իր որդու հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով:
Սակայն սա դեռ ամենը չէ: Կարճ ժամանակ առաջ Սուրիկ Խաչատրյանը, լինելով արդեն Սյունիքի մարզպետ, տեսախցիկների և բոլոր ներկաների աչքի առաջ ծեծի ենթարկեց գործարար Սիլվա Համբարձումյանին, ցույց տալով, որ անգամ որպես տղամարդ այնքան ստոր է, որ ընդունակ է նաև ձեռք բարձրացնել կնոջ վրա: Թվում է՝ այս ցանկը արդեն բավարար է ընդհանուր տեղեկություն կազմելու համար Սուրիկ Խաչատրյանի` որպես անուղղելի հանցագործի մասին:
Բայց սա կրկին, ցավոք, ամենը չէ: Ընդամենը մեկ տարի առաջ Սուրիկ Խաչատրյանն իր տան առաջ իրականացրեց մարդասպանություն, սակայն դրա պատճառով ոչ միայն չդատապարատվեց, այլ նաև կարողացավ բանտից ազատել իր որդուն, որը մեղադրվում էր նույն այդ սպանության մեջ:
Մի խոսքով, Սուրիկ Խաչատրյանի կյանքը իրենից ներկայացնում է տարբեր չափի հանցագործությունների մի ամբողջ շարք. գողություն, խուլիգանություն, դանակահարություն, բռնաբարություն, սպանություն: Ցանկացած քրեական բարքերով ապրող ու շնչող հանցագործ թերևս կերազեր Սուրիկ Խաչատրյանի նման լրացնել բոլոր հնարավոր հանցագործություների շարքը` չմոռանալով դրանցից ոչ մեկը:
Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանի բազմաթիվ այլ հացանքների մասին ժամանակին բարձրաձայնել է նաև Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Իսկ հիմա Ուշադրություն! Բոլոր նշված հանցագործությունների հեղինակը և այդքանով հանդերձ այժմ ազատությունը լիովին վայելող նշված անձը` Սուրիկ Խաչատրյանը, հանդիսանում է ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մարզպետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել