2014-ի ընթացքում Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով, մահվան ելք չի արձանագրվել: Թունավորումների պատճառ են դարձել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործումը: 
Թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, բոտուլիզմի դեպքում՝ երկտեսություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), ռնգախոսություն և այլն: Առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:
Առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը`
չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես` արագ փչացող սննդամթերք,
սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և այլն) օգտագործելուց առաջ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը),
հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ,
սննդամթերքը պահել փակ տարաներում` ճանճերից աղտոտումը կանխարգելելու նպատակով,
չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և ոռոգման ջրանցքներում,
խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` եռացնելով 20-25 րոպե,
չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել