ԱՅԴ ԱՂՋԿԱՆ նա նկատեց դեռ հեռվից: Ինչ-որ տարօրինակ բան կար մեքենա կանգնեցնելու նրա շարժումների մեջ` ջղաձիգ և հուսահատ: Երևի դա էր պատճառը, որ ոչ ոք կանգ չէր առնում: Երևի դա էր պատճառը, որ ինքն արգելակեց ու սպասեց մինչև ուղևորուհին կբացեր դուռը:
- Ինձ Կիևյան հասցրե´ք,- փղձկալու պես արտաբերեց աղջիկը` կիսաբաց թողնելով դուռն ու ընկնելով հետևի նստատեղին:
- Բա՞ն է պատահել, աղջի´կս,- հարցրեց վարորդն ու փակելով մեքենայի դուռը` դանդաղ պոկվեց տեղից:
Աղջիկը չպատասխանեց:
Չնայած սաստիկ ցրտին` վերարկուն չէր կոճկել, վզնոցն անփույթ կախ էր ընկել պարանոցից: Վարորդը հայելու մեջ փորձում էր որսալ աղջկա հայացքը: Բայց վերջինս կարմրած աչքերով անընդհատ նայում էր ուղիղ իր առջև և հաստատ ոչինչ չէր տեսնում:
Տեղ հասան: Աղջիկը ձեռքի ճմրթած դրամներն առանց հաշվելու գցեց վարորդի կողքի նստատեղին ու նորից դուռը կիսաբաց թողնելով` դուրս եկավ:
-Աղջի´կ ջան, պե´տք չէ,- հրաժարվեց փողից վարորդը:
Բայց աղջիկը նրան չէր լսում: Մտամոլոր, երերուն քայլեց դեպի կամուրջը:

ԱՐԴԵՆ մի քանի օր էր, Անահիտն զգում էր, որ ընտանիքում ինչ-որ բան է կատարվում, փոփոխությունը տանեցիների վերաբերմունքում ակնհայտ էր: Մայրը, որ երբեք էլ առանձնապես ջերմ չէր եղել իր նկատմամբ, հիմա բացահայտ չնկատելու էր տալիս բաներ, որոնց համար դեռ երեկ դիտողություն կաներ, կհանդիմաներ, կկոպտեր: Եղբայրը, որ երկու ամիս էր արդեն, ինչ թողել էր ծխելը, հանկարծ նորից սկսեց ծխել: Քույրն էլ մի տեսակ քչախոս էր դարձել, խուսափում էր իր հետ մենակ մնալուց: Միայն հայրն էր, որ չէր փոխվել: Սովորականի պես, երեկոյան ուշ գալով` ընթրում էր, մեկ-երկու բառ փոխանակում տանեցիների հետ, նստում էր հեռուստացույցի առջև և օրվա լրահոսին տեղեկանալուց հետո կամ ննջում էր բազկաթոռի մեջ, կամ էլ աղմկոտ հորանջելով` գնում քնելու....
Մթնոլորտը գնալով լարվում էր: Վերջապես մայրը չդիմացավ: Առավոտյան աղջկան կանչեց ննջարան ու չարագուշակ հանգստությամբ հարցրեց.
- Ախպերդ քեզ բան չի՞ ասել:
- Ի՞նչ պիտի ասեր:
- Միամի՞տ ես ձևանում, հա՞, փչացա´ծ: Ես ամեն ինչ գիտեմ: Ախպերդ կարդացել է օրագիրդ:
Մի անգամ, երբ շատ փոքր էր, Անահիտը վրան էր շրջել եռացող ջրով թեյնիկը: Ու մոր խոսքը շանթեց նրան նույն կրակով:
-Ի՞նչ.....,- Անահիտի շունչը կտրվեց: Նա ասես խլացավ, արդեն չէր լսում սաստիկ զայրացած մոր մյուս խոսքերը...


ԱՆԱՀԻՏԸ դեռ դպրոցից օրագիր էր պահում: Շատ սովորական մի տետրակ, որտեղ գրի էր առնում այն ամենը, ինչն ուրախացնում ու հրճվանքով էր լցնում իր հոգին կամ տառապանք ու վիշտ պատճառում: Նաօրագրին էր վստահում աղջկական իր միամիտ, վարդագույն երազանքներն ու գաղտնիքները, որոնց մասին ինքդ քեզ էլ չես խոստովանի երբեմն:
Օրագիրն այդ այնքան էր իրենը ու միայն իրենը, որ նա չէր կարող պատկերացնել, թե կարող է երբևիցե ընթերցվել որևէ մեկի կողմից:
- Հա´, հա´, ախպերդ կարդացել է: Խե´ղճ էրեխեն մի շաբաթ է` ծխախոտը ծխախոտի հետևից ծխում ու տեղը չի գտնում: Ինչո՞ւ մեզ չէիր ասում, որ էդ լկտին մեր տան մեջ քեզ բռնել-պաչել է: Քեզ էլ դուր էր գալիս, հա՞: Էդ ինչե՞ր ես գրել.... Ընկերուհուդ ես պատմել: Աննա՞ն էր քո հարազատը, թե՞ մենք....
- Աննան ինձ հասկանում է, դու ինձ չէիր հասկանա....
- Օտարը կհասկանա, ես չե՞մ հասկանա...
Ախր Անահիտն իր ունեցած քիչ բառերով ինչպե՞ս բացատրեր, համոզեր մորը, թե ինչու նա չէր հասկանա իրեն, ինչպես ասեր, որ իր ապրած քսաներկու տարիներից հատկապես վերջին հինգ-վեցը իրենց ոչ թե մոտեցրել, այլ հետզհետե հեռացրել են, որ իր իմացած-ապրածի չնչին մասն իսկ ըմբռնման որևէ հույս չէր կարող սպասել նեղլիկ հետաքրքրությունների ճահճում ապրող և ամեն ինչ դրանով չափող մորից,
սեփական գործում խրված եղբորից, օրնիբուն հիմնարկում զբաղված հորից, դպրոցական քրոջից:
Միակ լուսվոր կետը հարևան մուտքի Վարդանն էր, որի հետ մի օր ծանոթացրել էր եղբայրը, և որի հետ վերջերս հանդիպում էր ավելի ու ավելի հաճախ:
- Էդ սրիկան քեզ ի՞նչ է արել, ասա´: Դե, որ գրում էիր, էդ էլ գրեիր, անամո´թ: Օձի պես մեր տուն է մտել, անպատիվ արել....
- Մա´, ինչե՞ր ես ասում, մա´,- ամբողջ ուժով բղավում էր Անահիտը....
- Չե՞ս գրել, հա՞, խայտառակի մե´կը, խայտառա´կ: Չես գրել, հա՞, անամոթ....

ԿԱՆԽԱԶԳԱՑՈւՄԸ չէր խաբել վարորդին: Նա մեքենան դանդաղ շարժեց աղջկա հետևից և տեսավ, թե ինչպես հասնելով կամրջի մեջտեղը` երկար-երկար նայեց ներքև, հետո դանդաղ, ասես հիպնոզացած, ոտքը դրեց ելուստի վրա ու ձգվեց վեր` մինչև գոտկատեղը....
Վարորդն զգաց, թե ինչպես իր թևերի մեջ ձգվեց, հետո միանգամից թուլացավ աղջկա փոքրիկ մարմինը: Հետո նորից ձգվեց, դիմադրեց.
- Թողե´ք, թողե´ք, թողե´ք,- արցունքների միջից շշնջում էր աղջիկը, թեև իրեն թվում էև, թե գոռում է ամբողջ ձայնով...
- Ախպե´ր, պե՞տք ա, օգնենք,- ձայնեցին ընթացքը դանդաղեցրած սև <Մե սեդես>-ից և լիաթոք հռհռացին:
Աղջկա մարմինը նորից լարվեց: Մի փորձ էլ արեց ազատվելու: Բայց վարորդը հանգիստ ու հաստատ զսպեց նրան.
-Գնա´նք, քեզ ասելու բան ունեմ: Թե էլի ուզես, խոստանում եմ, ինքս հետ կբերեմ.... Չեմ խանգարի... Նստե´նք մեքենան: Ցուրտ է:
Ու սկսեց կոճկել ուղևորուհու վերարկուն:
ՄԵՔԵՆԱՆ կանգ առավ մոտակա սրճարանի մոտ: Ներսն այդ ժամին դատարկ էր: Նստեցին սեղանի մոտ: Մատուցող չկար....
- Անունդ ի՞նչ է.... Կուզե՞ս` մի´ ասա....
- Անահիտ....
Տղամարդը հանեց ծխախոտատուփը: Զսպելով մատների դողը`հանեց ծխախոտը: Գրպանում փնտրեց կրակայրիչը, գտավ: Բայց մոռացավ վառել:
-Անահի´տ, ինձ կպատմե՞ս` ի՞նչ է պատահել:
Կյանքում շատ են զուգադիպությունները` երջանիկ և տխուր, հաջող ու անհաջող, հիմար ու խելոք.... Այս մեկը` զարմանալի էր. վարորդը.... հոգեբույժ էր: Նա չէր շտապում ու չէր շտապեցնում: Սպասում էր, մինչև աղջիկը հանդարտվի, գտնի իրեն, գտնի անհրաժեշտ խոսքերը:
Անահիտը խոր շունչ քաշեց: Նայեց անծանոթի մատների մեջ տրորվող ծխախոտին: Հետո արցունքոտ աչքերը բարձրացրեց ու տեսավ զրուցակցի բարի, սպասողական, խրախուսող հայացքը.
-Ես.... ինձ թալանել են.... Ինձ չեն հասկացել.... Կարդացել են ... ու ....
Հոգում կուտակվածը դուրս էր մղվում կցկտուր, անկապ:
- Անահի´տ, բալի´կ ջան, ես էլ քո տարիքի աղջիկ ունեմ: Հանգստացի´ր: Ամեն ինչ լավ կլինի: Հանգստացի´ր, խնդրում եմ.... Սպասի´ր, մի-մի սուրճ պատվիրենք.... Առավոտյան չեմ հասցրել սուրճ խմել….Էս մատուցողն ո՞ւր կորավ: Հանգստացի´ր, լա՞վ: Ոչինչ էլ չի պատահել: Թե իմանաս կյանքում ինչե~ր են լինում: Ես հոգեբույժ եմ: Կյանքումս այնպիսի~ բաներ եմ տեսել....
- Օրագիրս են կարդացել.... մայրս.... եղբայրս.... Ի՞ նչ անեմ, ի՞նչ անեմ.... Ախր դուք չգիտեք, ինչ էր ինձ համար իմ օրագիրը....
- Գրածներիդ համար ամաչո՞ւմ ես:
- Չէ: Բայց ես օրագրին էի հանձնել իմ ամենամեծ գաղտնիքները, անկեղծացել էի այնքան, որ ոչ ոքի չէի ասի: Մի քանի բան միայն ընկերուհուս էի ասել: Շատ քիչ բան: Ախր, գրել էի իմ զգացածի, մտածածի մասին այնպես, որ երկրորդ անգամ ինքս էլ չէի կարդա… Գրել էի բաներ, որ չէին եղել, բայց երակայել էի, երազել…Երբեմն գրածներիս մեջ նույնիսկ ինձ համար դժվար էր տարբերել իրականությունը հորինածից: Ախր, ինչո՞ւ կարդացին… Գրել էի, օրինակ, թե ինչպես մայրս պատժեց ինձ, երբ կոտրեցի իր սիրած ափսեն…. Գրել էի, թե ինչ զգացի, երբ իմացա, որ ընկերուհիս ամուսնացել է…. Գրել եմ մի պատահական մարդու մասին, որը փողոցում հաճոյախոսեց ինձ, իսկ շարունակությունը հորինեցի` իմչպես կուզեի, որ լիներ….
- Իսկ սիրածդ տղայի մաս՞ին….
- Գրել եմ, իհարկե, գրել եմ…. Բայց ի՞նչ է, հանցա՞նք եմ գործել…. Հանդիպել ենք, ինչպես բոլորը…. Իսկ մերո՞նք…. մայրս, եղբայրս ինձ չեն հասկացել… Պետք չէր, որ նրանք մտնեին իմ թաքուն աշխարհը…. Նրանք տեսել են իմ մտքերի մերկությունը…. Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ կզգայիք, եթե իմանայիք, որ ձեզ լողանալիս տեսել են դռան արանքից… Հիմա ես նման եմ պինդ միջուկը հանած կաղինի, որ սեղմեն, իսկույն կճզմվի….
Հոգեբույժը չէր ընդհատում նրան: Զգում էր, որ պատմելով` աղջիկը թեթևացնում էր սիրտը: Նա վերջապես հանդիպել էր մեկին, որն իրեն փրկել էր, թեկուզ իսկ նրանով, որ լսում էր անաչառ, հանգիստ: Եվ հասկանում էր: Փորձելու համար հոգեբույժն ասաց.
- Անահի´տ, գիտե՞ս ինչ, արի´ միասին վառենք օրագիրդ, և` վերջ: Մեկ է, նրանից օգուտ չկա, իսկ վնասն ինքդ ես տեսել….
- Վառե՞նք: Բայց ես ինչպե՞ս վառեմ ինձ: Չէ´, շարունակելու եմ…. Կհանգստանամ, ուժ կհավաքեմ ու կգրեմ: Ո´վ ուզում է, թո´ղ կարդա: Ես ամաչելու բան չունեմ: Թո´ղ նա ամաչի, ով դռան արանքից հետևում է ուրիշին…. Կգրեմ, ամեն ինչ էլ կգրեմ: Այսօրվա մասին էլ կգրեմ…. Կամրջի մասին, իմ մասին:
Անահիտը խոր շունչ քաշեց: Նրա ձայնը դողաց.
- Ձեր մասին էլ, ախր, Ձեզ եմ պարտա….
Վարորդն ամուր բռնեց աղջկա ձեռքը, որ բռունցք արած`սեղանի վրա էր:
- …. Կարիք չկա: Գիտեմ, է´լ հիմարություն չես անի: Չէ՞, Անահի´տ : Երբե´ք չխռովես կյանքից, որքան էլ դառը լինի…. Ոնց որ…. ըը… սուրճը: Կյանքից լավ բան չկա…. Կներես հայտնի ճշմարտության և անհաջող համեմատության համար….
Ու մինչ մատուցողը կբերեր սուրճը, պատմեց.
- Դարեր առաջ մի երկրում պատրաստում էին տարօրինակ կողպեքներ. դրանք բանալի չունեին, որովհետև ո´չ բացվում էին, ո´չ փակվում: Պարզապես կախվում էին դռան վրա, որպես նշան, թե տանը ոչ ոք չկա: Եվ որևէ մեկը` ծանոթ կամ անծանոթ, չէր մտնի այդ բաց, բայց…. փակ տունը….
<Ինչպես չէին կարդա ուրիշի օրագիրը,- մտածում էր Անահիտը` երախտապարտ հայացքը թաքցնելով զրուցակցից:- Տե´ր Աստված, ի՞նչ կլիներ ինձ հետ, եթե նա խմեր իր առավոտվա սուրճը….>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել