Գարնանը սրվող առողջական խնդիրներից մեկն էլ հենց գաստրիտն է: Այն ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը հաճախ լինում է քրոնիկական, այսինքն ընթանում է բորբոքման ակտիվացումով, ուժգնացումով /սրացում/ և բորբոքման մեղմացումով /ախտադադար/: Գաստրիտը սրանում է հատկապես եղանակային փոփոխությունների շրջանում: Գաստրոէնտերոլոգի խոսքով, արտաքնապես այն դրսևորվում է որովայնի վերին շրջանում ուժգին փքվածության և ցավի առաջացումով, որոնք կապված են լինում սննդի ընդունման հետ: <<Վերին որովայնային ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումներով, և այլ ապամարսողական երևույթներով: Բույսերը, որոնք համարվում են ստամոքսի համար լավ, ավելի շատ ունեն առողջարար հատկություններ, քան բուժիչ: Այսինքն լավ է, երբ օգտագործվում են առողջ ժամանակ: Դրանք պաշտպանում են հիվանդանալուց, սակայն երբ մարդը արդեն հիվանդացել է, պետք է բուժվի ժամանակակից մեթոդներով>>,- նշում է գաստրոէնտերոլոգը:
Այս հիվանդության սրացումից, այրոցից և տհաճ զգացողություններից խուսափելու համար անհրաժեշտ է ընդամենը ճիշտ սնվել: Գաստրիտի սրացման ժամանակ խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ յուղոտ սննդից, սուր համերից, տապակած մթերքներից: Ցանկալի է ջրիկ ճաշերի, շիլաների օգտագործումը:
Օրինակ, գաստրիտի դեպքում շատ արդյունավետ է հանքային ջրի օգտագործումը: Անհրաժեշտ է հիշել, սակայն, որ այն պետք է ճիշտ օգտագործել: Հանքային ջուրը պետք է լցնել բաժակի մեջ, սպասել այնքան մինչև գազերը դուրս գան: Եթե թթվայնությունը բարձր է, ապա պետք է խմել մեծ կումերով, միանգամից, հակառակ դեպքում՝ խմել դանդաղ, քիչ-քիչ:
Գաստրիտի գարնանային սրացումները կանխելու համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնների՝
Մի կերեք ձեզ համար անթույլատրելի մթերքներ
Կերեք քիչ չափաբաժնով, բայց հաճախ
Կերակուրը պետք է լինի տաք, ոչ սառը կամ եռման աստիճանի
Ուտելուց հետո խմեք չգազավորված հանքային ջուր, թեյ խմել չի կարելի
Հաճախակի սննդակարգում օգտագործեք կաթնամթերք, հատկապես երեկոյան ժամերին
Գարնանային սրացումների ժամանակ, առաջին իսկ ախտանիշների դեպքում հետևեք դիետայի: Դիետան բացառում է սուրճը: Կարելի է փոխարենը խմել ավելի շատ կանաչ թեյ, վիտամիններով հարուստ հատապտուղներից պատրաստված հյութեր: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս օգտագործել բուժիչ բույսերից պատրաստված հանգստացնող բուսական թեյեր: Դրանց պատրաստելու եղանակը բավականին հեշտ է: Անհրաժեշտ է չոր բույսերի համապատասխան զանգվածը թրմել եռացրած ջրով և այդպես թողնել ամբողջ գիշեր: Ստացված բուսական թեյը պետք է խմել ուտելուց կես ժամ առաջ, օրվա ընթացքում մի քանի անգամ: Այս տեսակ թեյերը պետք է օգտագործել 6-8 շաբաթ: Թթվայնության բարձրացման դեպքում կարելի է օգտագործել արևքուրիկի /զվերոբոյ/, երիցուկի, հազարաթերթիկի թեյ:
Ընդհանրապես չի կարելի ուտել աղի, ծխեցրած ուտելիքներ, մայոնեզով պատրաստած աղցաններ: Կերեք հիմնականում ձուկ, բանջարեղեն, ապուրներ, շիլաներ: Բացի այն, որ այս սննդատեսակները դիետիկ են, նաև լավացնում են ինքնազգացողությունը և հեշտացնում մարսողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել