Tert.am-ը գրում է․

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն ասում է, որ Հայաստան որոշակի քանակությամբ ձու է ներկրվում, ինչը առաջացնում է տեղի ձու արտադրողների մտահոգությունը, քանի որ ներկրման արդյունքում սովորաբար կտրուկ ընկնում է ձվի գինը, արդյունքում տեղացի ֆերմերները հայտնվում են ծանր վիճակում: Ըստ նրա՝ ձու ներկրելու անհրաժեշտություն չկա, քանի որ տեղական արտադրողները կարողանում են բավարարել ներքին պահանջարկը։

«Խնդիրն այն է, որ հաճախ հանրապետություն ձու է ներկրվում արդեն ժամկետի ավարտին մոտ ժամանակ։ Օրինակ՝ նման դեպք եղավ անցած տարի: Արդյունքում անորակ ձուն շատ էժան է վաճառվում, իսկ տեղական լավ ձվի գինը արտադրողը ստիպված պետք է իջեցնի, որ գոյատևի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Սերգեյ Ստեփանյանը հայտնեց, որ տեղական արտադրողներն հարցի շուրջ արդեն իրենց անհանգստություն են հայտնել Կառավարությանը: «Եթե ներկրման անհրաժեշտություն լինի, մենք խնդրել ենք, որ մենք այդ ներկրումն անենք և ոչ թե ոչ մասնագիտացված ֆիրմաները, քանի որ նրանք բերում են ոչ ճիշտ մակնիշավորված ձու, անց են կացնում սահմանը ու ձեռքը կրակն են ընկնում»,- ասաց նա և նշեց, որ նոր ֆիրմաներ են ի հայտ եկել, որոնք նախկինում ներկրում չեն իրականացրել:

Թռչնաբույծների միության նախագահը տեղեկացրեց, որ Կառավարությունը խոստացել է երկուշաբթի պատասխանել իրենց մտահոգություններին: «Ներկայիս դրությամբ օրվա պահանջարկը տեղական արտադրանքն ի վիճակ է ապահովել և ներկրելու անհրաժեշտություն իրականում չկա»,- վստահեցրեց նա:

Ինչ վերաբերում է Կառավարության մոտեցումներին, ապա Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ գործադիրն իրականում կողմնակից չէ, որ անպայման հանրապետություն ձու ներկրվի, սակայն ապահովագրում է երկիրը ֆորսմաժորային դեպքերից՝ դեֆիցիտից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել