Հոկտեմբերի 10-ին Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում ազդարարեց նոր համաժողովրդական շարժման մեկնարկը՝ թեև հավաքվածների ոչ քանակը, և ոչ էլ առավել ևս էներգետիկան ակնհայտորեն ադեկվատ չեն այդ պնդմանը:Ակամայից հիշեցի 2007-2008թթ-ի շարժումը, որը դարձյալ համաժողովրդական էր հռչակվել ու, թերևս, հենց այդպիսինն էր՝ օրակարգով, ծավալով, առաջադրած խնդիրներով:Շատերը համարում են, որ 2008-ի համաժողովրդական շարժումը ֆիասկո ապրեց իշխանություն- ՀԱԿ երկխոսության կամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության պատճառով:Սակայն ես ավելի խորքային պատճառ եմ տեսնում, ընդ որում՝ այդ պատճառը Տեր-Պետրոսյանի մոտ հիմա էլ հաղթահարված չէ:Առաջին նախագահը միշտ կարծել է, որ իշխանությանը կարող է հաղթել ռեսուրսային դաշտում՝ նրանից բեկորներ պոկելով, բուրգում ճեղքեր առաջացնելով:Տեսականորեն, մարտավարությունը ճիշտ է, սակայն փորձը ցույց է տվել, որ մերձիշխանական էլիտաների հետ երկխոսության ընթացքում Տեր-Պետրոսյանը զիջումներ է գնացել հենց համաժողովրդական շարժման հաշվին. Այսինքն, ոչ թե եկողներն են մոտեցել հրապարակին, այլ հրապարակն է կցվել նրանց:Ու մի հանգամանք էլ կա, որ Տեր-Պետրոսյանը՝ տաղանդավոր մարդ լինելով հանդերձ, շրջանցել է:Դա այն է, որ Հայաստանում բիզնեսը քվոտայավորված է, ասել կուզի՝ իշխանությունն է  «նշանակում» կոնկրետ ոլորտի «նայողներին»: Ու երբ այդ  «նայողները» խախտում են  «խաղի» կանոնները, իշխանությունը նրանց դեմ սանկցիաներ է կիրառում:Սակայն գամ բուն թեմային:Իմ կարծիքով, 2008-ի համաժողովրդական շարժման ճգնաժամը սկսվել է շատ ավելի վաղ, երբ դեռ «Մարտի 1» անգամ չէր եղել:Այդ ամենը նույնիսկ կարելի է կոչել մեկ վանկարկման պատմություն, սակայն տեղի ունեցածը շատ խորքային քաղաքական, հոգեբանական ենթատեքստ ունի:Փետրվարյան հանրահավաքներից մեկի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքված տասյակ հազարավոր մարդկանց ստիպեց վանկարկել «Մանվել»:Հենց այդ օրն էլ բացահայտվեց համաժողովրդական պայքարի փակուղայնությունը, որովհետև առաջին նախագահն ոչ թե Մանվելի ռեսուրսն էր ծառայեցնում հրապարակին, այլ՝ հակառակը:Լևոնի ու ԵԿՄ ղեկավարության ալյանսը չկայացավ ու շարժումը սկսեց հետընթաց արձանագրել, որովհետև առաջին նախագահի պատկերացմամբ՝ իշխանափոխության բանալին ոչ թե հրապարակն էր, այլ՝ գեներալն իր շրջապատով:Հենց իշխանությունն իրական վտանգ զգաց՝ տոտալ հարձակման անցավ գեներալի դեմ, ու նա մի տևական շրջան հայտնվեց   «թոշակառուի» կարգավիճակում, որովհետև իշխանությունն ապացուցեց, որ կարող է անգամ պատերազմի իրական հերոսի «պռախոդը» փակել ճիշտ այնպես, ինչպես բացել է:Ու եթե այսօր Մանվելն ավելի մոտ է կանգնած հանրապետական էլիտային ու Սերժ Սարգսյանին, ԵԿՄ-ն էլ կորցրել է չեզոքությունը, դրա արմտատը պետք է փնտրել 2008-ի խորհրդանշական վանկարկման մեջ:Անցել է վեց-յոթ տարի, Ազատության հրապարակի հարթակը մասամբ փոխվել է, կարգախոսները՝ նույնպես, սակայն այսօր էլ՝ նոր ալիքի մեկնարկին, Տեր-Պետրոսյանը դարձյալ հույսը դրել է ոչ թե հրապարակի ուժի, այլ՝ կոնկրետ մարդու ու նրա շրջապատի վրա:Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց էլի Տեր-Պետրոսյանը նույնն է մնացել՝ այս անգամ «բուրժուա-դեմոկրատական» փաթեթավորմամբ:Չնայած՝ հարթակում ոչ բուրժուաներ են ու ոչ էլ՝ դեմոկրատներ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել