Հայ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներից Նորվան Արքեպիսկոպոս Զաքարեանը իր հրաժարական նամակում յստակ գրում է, որ «յոգնեցուցիչ է անհատի պաշտամունքը»՝ նկատի ունենալով ներկայիս կաթողիկոսի ստեղծած բռնապետութիւնը։ Այս իրավիճակը, բնականաբար, ահ ու սարսափի մթնոլորտ է ստեղծում Հայ եկեղեցում՝ կաշկանդելով ազատ եւ համարձակ խօսքի իրաւունքը։ Նշանակում է, որ եկեղեցին այսկերպ դառնում է ոչ թէ քրիստոսակենտրոն, այլ՝ մարդակենտրոն, իսկ աստուածապաշտութեան տեղն էլ գրաւում է «անհատի պաշտամունքը»: Եւ սա փաստ է, քանի որ գրեթէ բոլոր եկեղեցականները այս հոգեբանութեամբ են օժտուած, թէ եկեղեցու գլուխը ոչ թէ Քրիստոս է, այլ՝ կաթողիկոսը։ Իսկ կաթողիկոսն էլ համարում է, որ եկեղեցին ոչ թէ Քրիստոսի խորհրդական մարմինն է, ինչպէս ասում է Պօղոս Առաքեալը, այլ՝ «իր համակարգը», ինչը բազմիցս կաթողիկոսը յայտարարել է տարբեր մարդկանց համար, թէ «Նա իմ համակարգում տեղ չունի»։ Խնդրեմ, աւելին ի՞նչ կարելի է սպասել այս մղձաւանջում։ Սա բացայայտ շեղում է ուղղափառութիւնից։ Համոզուած ենք, որ եթէ որեւէ հոգեւորական մատնացոյց անի կամ չընդունի կաթողիկոսի սխալները, ապա անմիջապէս կարգազուրկ կը հռչակուի եւ կը ներկայացուի որպէս Հայ եկեղեցու թշնամի, ինչն այդպէս չէ։ Հէնց այս վախի մթնոլորտն էլ ստեղծում է եկեղեցական բռնապետութիւն, որը մարդկանց ստիպում է ուրանալ Ճշմարտութիւնը, այսինքն՝ Քրիստոսին, եւ ծափահարել ու գովերգել միայն մէկ անձի՝ հայրապետին։ Ուստի Երուսաղէմի պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանն էլ իր աղմկայարոյց նամակում ստիպուած է լինում յիշեցնել, որ «Հայ եկեղեցին կարիք ունի մաքրակրօն, զարգացած, իրաւ (ճշմարիտ) եկեղեցականների, այլ ոչ թէ՝ գարշապար լիզողների»։ 
Երեք ճանապարհ կայ. կամ պէտք է ընդունել, որ կաթողիկոսը միշտ անսխալական է (իսկ անսխալական միայն Աստուած է), եւ այս դէպքում կընկնենք մարդապաշտութեան մէջ, որ կռապաշտութեան մի տեսակ է։ Կամ պէտք է ընդունել, որ կաթողիկոսը նոյնպէս կարող է սխալուել, բայց ոչ մի դէպքում իրաւունք չունենք այդ սխալի մասին խօսել, ուստի լռութեամբ կամ էլ՝ սխալը պաշտպանելու մարդահաճութեամբ համաձայնել այդ սխալի հետ, եւ այս դէպքում կը հեռանանք Ճշմարտութիւնից, որ է՝ Ուղղափառ հաւատքը՝ ընկնելով հերետիկոսութիւնների մէջ։ Կամ էլ պէտք է ընդունել, որ կաթողիկոսը նոյնպէս կարող է սխալուել, բայց ոչ մի դէպքում չընդունել այդ սխալը, եթէ այն հակասում է Աստուածաշնչին եւ կամ Սուրբ Հայրերի ուղղադաւան ուսուցումներին՝ այդ սխալի նկատմամբ մեր անհամաձայնութիւնը յայտնելով խօսքով, գործով եւ ողջամիտ քննութեամբ, եւ այս դէպքում կը մնանք Ճշմարտութեան մէջ, որ է՝ Ուղղափառութիւնը։ Քանի որ Սուրբ Գիրքն ասում է. «Ճանաչեցէք Ճշմարտութիւնը, եւ այն կազատի ձեզ» (Յովհ. 8:32), այսինքն՝ Ճշմարտութիւնը ճանաչելով կազատագրուենք մոլորութեան բոլոր խաբկանքներից ու սատանայի պատրանքներից, ինչը եւ մաղթում ենք բոլոր քրիստոնեաներին. ամէն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել