Ողջ աշխարհում սփռված են հարյուր հազարավոր հայկական եկեղեցիներ ու խաչքարեր, դպրոցներ ու քոլեջներ, խանութներ ու ռեստորաններ։ Հարյուրամյակներ շարունակ հայերը կառուցել են ճարտարապետական կոթողներ և համայնքներ են կազմել աշխարհի ամենահեռու անկյուններում։ Այս հոդվածում ներկայացված են աշխարհի 10 տեսարժան հայկական վայրերը։
1. Հայկական ռեստորան Էդինբուրգում
Սա ոչ միայն Էդինբուրգի, այլև ողջ աշխարհի ամենախորրդավոր հայկական ռեստորանն է։ Այն տեղակայված է ոստիկանության նախկին շենքում։ Շրջակայքում չկա ոչ մի բան, որը կվկայի, որ տարածքում ռեստորան կա։ Անգամ ցուցանակ չկա։ Սրահում ընդամենը 10 սեղան կա։ Այնպես որ եթե ցանկանում եք ճաշել այստեղ, պետք է մի քանի օր առաջ սեղան ամրագրեք։ Ռեստորանի սեփականատեր ու շեֆ-խոհարար Պետրոս Վարդինյանը ճաշատեսակները պատրաստում է առանձնակի ուշադրությամբ ու սիրով։ Ընդ որում, ասում են, որ նա երբեմն նախատում է այցելուներին աննշան բաների համար, օրինակ՝ ուշացման կամ գինու չարաշահման։
2. Սուրբ Հարություն եկեղեցի, Մբաբանե
Մբաբանեի Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է երկրի ամենաանսպասելի վայրերից մեկում՝ Հարավային Սֆրիկայում գտնվող Սվազիլենդի մայրաքաղաքի մոտ։ Եկեղեցին հիմնադրվել է 1985 թ.-ին Գրիգոր Դերբելյանի կողմից Փայն Վելիում (թարգմանաբար՝ Սոճու արահետ)։ Շինարարությունը 4 տարի տևեց և ավարտին հասցվեց 1989 թ.-ին։ Եկեղեցին օրհնվեց հայկական խիստ կաննոների համաձայն։ Այն հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական տաճարը Սվազիլենդի տարածքում։ Տաճարի մոտակայքում մի փոքրիկ գետակ է հոսում, որը Դերբելյանը անվանել է Արաքս և անգամ մի փոքրիկ ցուցանակ է փակցրել, որի վրա գրված է այդ անվանումը։
3. «Դանիել Մոզեր» սրճարան, Վիեննա
Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս սրճարանը եզակի է, քանի որ Եվրոպայում բացված առաջին սրճարաններից է։ Այն հիմնադրել է Թուրքիայի հայ առևտրական Յովհաննես Դիոդատոն (Հովհաննես Աստվածատուր) 1685-ին: Երբ սրճարանը նոր էր բացվել, Վիեննայի քաղաքապետը Դանիել Մոզերն էր։ Սրճարանն անվանվեց նրա պատվին։ «Դանիել Մոզեր» սրճարանում Դիոդատոյին մինչև այժմ էլ մեծարում են. բարի կողքի պատից մի բրոնզագույն ցուցանակ է կախված, որի վրա գրված է սրճարանի համառոտ պատմությունը`սկսած Դիոդատոյի Ավստրիա ժամանելուց, մինչև սրճային բիզնեսի բացառիկ իրավունք ստանալը և հենց այդ վայրում հնագույն վիեննական սրճարանի հիմնադրումը: Հին սրճարանի սուրճի տեսականին ընդգրկում է հիմնականում սուրճի իտալական տեսակներ` էսպրեսսո, կապուչինո և այլն: Այստեղ կարելի է նաև սենդվիչներ փորձել։
4. «Klosterlikör Mechitharine» խանութ, Վիեննա
Վիեննայում գտնվող Մխիթարյանների միաբանության ֆիրմային լիկյոր «Մխիթարինեն» պատրաստվում է 1889 թ.-ից: Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու կողմից Կոստանդնուպոլսից Վենետիկ բերված խմիչքի բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Ժամանակին Ավստրիայի կայսեր արքունիք մատակարարվող հանրահայտ լիկյորը պատրաստվում է էկզոտիկ մրգերով, 42 բույսերով, արմատներով և համեմունքներով` առանց որևէ սինթետիկ ու քիմիական հավելման: «Մխիթարինեի» ֆիրմային խանութը գտնվում է Վիեննայի Մխիթարյանների միաբանության վանքից մի քանի քայլի հեռավորության վրա: Վաճառասեղանի մոտ կանգնում է հայր Անդրեասը` վարդապետ, ով պահում է բուժիչ լիկյորի բաղադրատոմսի գաղտնիությունը և արդեն մի քանի տասնամյակ շարունակ ղեկավարում է արտադրությունը: Խանութից կարելի է ձեռք բերել ըմպելիքի այս կամ այն տեսակը («ազնվական քաղցր», «քաղցր», «կիսադառը», «դառը», «ազնվական դառը», «կիսաքաղցր»), ինչպես նաև շփվել հայր Անդրեասի հետ, ով ձեզ կպատմի ապրանքանիշի պատմության մասին, ցույց կտա «Մխիթարինեի» վինտաժային գովազդային պաստառները, տարբեր ցուցահանդեսներում շահած շքանշանները և շշերը, որոնց մեջ լիկյորը լցվում էր 80 տարի առաջ:
5. «Թուֆենկյան» գորգերի խանութ, Լոնդոն
«Թուֆենկյան» հայկական գորգագործական հայտնի ընկերության գլխավոր բուտիկն ու ցուցասրահը գտնվում են Լոնդոնի Չելսի թաղամասի Դիզայն Սենթրի (թարգմանաբար՝ դիզայնի կենտրոն) երրորդ հարկում: Այստեղ վաճառվում է հայկական և տիբեթական լավագույն ձեռագործ գորգերի լայն ընտրանի՝ պատրաստված մաքուր բրդից կամ մետաքսի ու կանեփի, ալույի և այլ բնական թելերի համադրումից: Հաճախորդներն այստեղ կարող են նաև պատվերներ տալ՝ ընտրելով գորգի այս կամ այն դիզայնը։ Պատվերը կկատարվի երեք ամսվա ընթացքում:
6. «Նուբարյան» գրախանութ, Փարիզ
Հիմնադրվել է 1928 թ.-ին Հայկական ընդհանուր բարեգործական միության (AGBU) հիմնադրի՝ հայտնի բարեգործ ու մեկենաս Պողոս Նուբարյանի կողմից: Գրադարանում կա 40 000 գրքից բաղկացած հավաքածու, որից 22 000-ը՝ հայերեն, 800 000 արխիվային նյութ ու 19-րդ դարի շուրջ 280 ձեռագիր մատյան: Մուտքն ու գրադարանից օգտվելը, բացառությամբ արխիվների, ազատ են:
7. Կոմիտասի հուշարձան, Միչիգան
Հայ մեծ կոմպոզիտոր և երգիչ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) և 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը գտնվում է Ջեֆերսոն պողոտայում՝ Ռենեսանս կենտրոնի մոտակայքում: Բրոնզե արձանը Դեթրոյթում կանգնեցվել է 1980 թ.-ին Ասսարյան հիմնադրամի և Հայկական հուշարձանների կոմիտեի նախաձեռնությամբ հանգանակված միջոցներով: Հուշարձանի հեղինակը հայտնի կանադահայ քանդակագործ Արտո Չակմակչյանն է:
8.«Սարգիսյանս» հնավաճառքի խանութ, Դենվեր
Կոլորադո նահանգի ամենահին հնավաճառքի խանութներից մեկը հիմնադրվել է 1891 թ.-ին հայ գաղթական Մեդիլ Սարգիսյանի կողմից: Ավելի շատ թանգարանի նմանվող խանութն արդեն 120 տարի է, ինչ զբաղվում է հայկական, պարսկական ու հնդկական գորգերի ու խալիների վաճառքով: «Սարգիսյանս»-ում կարելի է գտնել նաև եգիպտական, նեպալական ու չինական կերպարվեստի զանազան նմուշներ: Խանութն ունի իր արհեստանոցը, որտեղ անց են կացվում ցանկացած բարդության վերականգնման աշխատանքներ:
9. «Ռաֆլզ» հյուրանոց, Սինգապուր
Հյուրանոցը հիմնադրվել է Սարգսյան եղբայրների կողմից 120 տարի առաջ։ Այս 4 եղբայրները հիմնեցին 10-սենյականոց գաղութային բունգալո Բիչ Ռոուդ և Բրաս Բասահ Ռոուդ փողոցների խաչմերուկում։ Ներկայումս հյուրանոցի պատմական շինությունը հանդիսանում է Սինգապուրի կենտրոնական տեսարժան վայրերից մեկը և Սինգապուրի խորհրդանիշը։ Հյուրանոցը գտնվում է «Raffles International Limited» միջազգային ընկերության ղեկավարության ներքո։ Այն հայտնի է իր պերճաշուք համարներով և սքանչելի ռեստորաններով։ 1931 թ.-ին հյուրանոցի տնօրինությունը իրեն սնանկ հայտարարեց։ 1933 թ.-ին ստեղծվեց սինգապուրյան պետական «Hotel Raffles» ընկերությունը։ Քանի որ այս պատմական հյուրանոցը Սինգապուրի ազգային սեփականությունն էր համարվում, հյուրանոցի պահպանումը պատվի հարց էր սինգապուրցիների համար։
10. Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Մյանմա
Յանգոնի հայերը եկեղեցին կառուցել են 1862 թ.-ին Բիրմայի արքայից որպես նվեր ստացած հողի վրա: Սբ. Հովհաննես Մկրտիչ Հայ Առաքելական եկեղեցին մինչև օրս կանգուն է: Ըստ գրառումների` 1851-1915 թթ. Յանգոնում մկրտվել է 76, 1855-1941թթ. ամուսնացել 237 հայ: Դեռևս մեկ դար առաջ այստեղի հայերի թիվն անցնում էր հարյուրից։ Նրանք ստեղծել են բարգավաճող առևտրական ցանց, որը ձգվում էր Ասիայի հարավ-արևելքով։