1854 թ. այս օրը Դուբլին քաղաքում ծնվել է իռլանդացի հայտնի գրող Օսկար Ուայլդը։ Նրա ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, «Սալոմե» ողբերգությունը, «Իդեալական ամուսինը», «Լրջախոհ լինելու կարևորությունը» կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Դուբլինում նախնական կրթություն ստանալուց հետո Օսկար Ուայլդն ավարտեց Օքսֆորդի համալսարանը, ապա ամուսնացավ ու երկու երեխա ունեցավ, սակայն նրա հիմնական հետաքրքրությունը տղամարդկանց հանդեպ էր։ Երբ նրա ստեղծագործական հաջողությունները գագաթնակետին էին հասել, նա դատի տվեց Քուինսբերիի մարկիզին զրպարտության համար։ Մարկիզը Օսկար Ուայլդի սիրեկանի՝ Լորդ Ալֆրեդ Դուգլասի հայրն էր։ Զրպարտության համար այդ ժամանակ նախատեսվում էր մինչև 2 տարվա ազատազրկում։ Դատավարության արդյունքում մարկիզի մեղքը չհաստատվեց։ Դեռ ավելին, Ուայլդն ինքը հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Ջրի երես դուրս եկան այնպիսի ապացույցներ, որոնք հիմքեր տվեցին Ուայլդին դատելու այլ տղամարդկանց հետ անառակաբարո գործողությունների մեջ մտնելու համար։ Ուայլդը երկու տարվա ազատազրկման դատապարտվեց և բանտում գրեց «De Profundis» ստեղծագործությունը։ Բանտից ազատվելուց հետո նա մեկնեց Ֆրանսիա և այլևս երբեք չվերադարձավ Բրիտանիա։ Այնտեղ նա հրատարակեց իր վերջին ստեղծագործությունը՝ «Ռեգինական բանտի բալլադը»։ Ուայլդը գուցե դեռևս շատ ստեղծագործություններ հասցներ գրել, եթե այդքան երիտասարդ հասակում չմահանար։ Նա մահացավ 46 տարեկանում ուղեղային մենինգիտից։ Ոմանք նշում էին, որ մենինգիտը նրա մոտ առաջացել էր սիֆիլիս հիվանդության հետևանքով։ Բուռն կյանքը, հարուստ կենսափորձն ու թույլ տված սխալներն արտացոլվել են գրողի մի շարք ստեղծագործություններում։ Մենք այդ ստեղծագործություններից առանձնացրել ենք մի քանի իմաստուն ասույթ և ստորև ներկայացնում ենք դրանք Ձեր ուշադրությանը։
Օսկար Ուայլդը Լորդ Ալֆրեդ Դուգլասի հետ
1. Ես այնքան խելացի եմ, որ երբեմն մի բառ անգամ չեմ հասկանում իմ ասածներից:
2. Կրթությունը հիանալի բան է, սակայն լավ կլինի հիշել, որ այն, ինչ արժե իմանալ, հնարավոր չէ սովորեցնել:
3. Աշխարհում միակ մարդը, ում կցանկանայի մոտիկից ճանաչել, ես եմ:
4. Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը:
5. Գայթակղությունից ազատվելու միակ միջոցը դրան տրվելն է: Ես կարող եմ դիմակայել ամեն ինչի, բացի գայթակղությունից:
6. Մարդ պետք է միշտ սիրահարված լինի: Հենց այս պատճառով էլ մարդ պետք է երբեք չամուսնանա:
7. Երբ աստվածները ցանկանում են պատժել մեզ, նրանք պատասխանում են մեր աղոթքներին:
8. Ամեն անգամ, երբ մարդիկ համաձայնվում են ինձ հետ, ես զգում եմ, որ ես սխալ եմ:
9. Ծերերն ամեն ինչի հավատում են, միջին տարիքի մարդիկ ամեն ինչ կասկածում են, երիտասարդները ամեն ինչ գիտեն:
10. Կնոջ և տղամարդու միջև ընկերությունը հնարավոր չէ: Նրանց միջև կարող է լինել կիրք, թշնամանք, երկրպագություն, սեր, սակայն ոչ ընկերություն:
11. Բոլոր նրանք, ովքեր ունակ չեն սովորել, որոշել են սովորեցնել:
12. Սեռերի միջև տարբերությունն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց, կանայք երբեք զինաթափ չեն լինում հաճոյախոսություններից:
13. Չկան բարոյական կամ անբարոյական գրքեր: Գրքերը կամ լավ գրված են լինում, կամ վատ գրված:
14. Կան շատ բաներ, որոնք մենք դեն կնետեինք, եթե չվախենայինք, որ այլոք կվերցնեն դրանք:
15. Իրոք կարծում եք, որ թուլությու՞ն է գայթակղությանը տրվելը: Կան սարսափելի գայթակղություններ, որոնց տրվելու համար ուժ ու խիզախություն է պահանջվում:
16. Պատմություն ուսումնասիրած ցանկացած մարդու համար անհնազանդությունը մարդու բուն առաքինությունն է: Առաջընթացը տեղի է ունեցել անհնազանդության ու ապստամբության շնորհիվ:
17. Ոչ մի լավ արարք անպատիժ չի մնում:
18. Միշտ ներե՛ք ձեր թշնամիներին: Ոչինչ նրանց ավելի չի բարկացնում:
19. Ես իմ ողջ հանճարը ներդնում եմ կյանքիս մեջ: Ստեղծագործություններիս մեջ ես միայն տաղանդս եմ ներդնում:
20. Արտասվելը հասարակ կանանց համար է: Գեղեցիկ կանայք դուրս են գալիս գնումների:
21. Ես չեմ ցանկանում դրախտ ընկնել: Ընկերներիցս ոչ ոք այնտեղ չէ:
22. Մեր օրերում մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, սակայն չգիտեն ոչ մի բանի արժեքը:
23. Հասարակությունը շատ հանդուրժող է: Այն կարող է ներել ցանկացած բան, բացի հանճարից:
24. Պունկտուալությունը ժամանակի գող է:
25. Դու սիրում ես բոլորին, նույնն է, թե դու անտարբեր ես բոլորի նկատմամբ: