Օրենքների վերաբերյալ հակասական տրամադրությունները հասարակության և պետական կառույցների միջև անընդհատ է, ու, հետևաբար, ԶԼՄ լրահոսի օրակագում է միշտ: Ես, անձամբ դա շատ էլ առողջ գործընթաց եմ համարում, որովհետև հենց վիճելիություն տիրույթում է նաև քննարկվում, հղկվում ու կիրառելի դառնում օրենքը: Խնդիրն այստեղ վիճելիության ժամանակավրեպության հարցն է, որ երբեմն «վստահության» լուրջ խզումներ է առաջացնում հասարակության ու պետական կառույցի միջև: Ստացվում է, որ վիճելիությունը նաև աղճատում է ամենակարևորը` «վստահության ինստիտուտը», ինչը, թերևս ամենակարևոր բաղկացուցիչն է ժողովրդավարական պետության շինարարության համար: Իսկ մենք` ազգովի, դա անում ենք արդեն երկու տասնամյակ: Տեսեք, Արդարադատության նախարարությունը, հանդիսանալով երկրի օրենքների մշակող-վերամշակողի առյուծի բաժինը կրողը, որդեգրել է նաև հասարակության հետ խիստ բաց ու անմիջական աշխատելու ռազմավարություն: Օրենսդրական նախաձեռնությունները, օրենքի նախագծերը, հայեցակարգերը դեռ հաստատման ներկայացվելուց առաջ դրվում են բաց` հանրային քննարկման: Օրինակ, ընդամենը երկու շաբաթ առաջ Արդարադատության նախարարը ՀՀ կառավարության նիստում քննարկման ներկայացրեց Հանրային դրամական պահանջների վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Նախագիծը, ինչպես նաև «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը»: Թեև այդ օրվա կառավարության նիստում ներկայացված նաև այլ կարևոր նախագծեր ԶԼՄ-ները ստորադասեցին մեկ այլ խնդրի, բայց նաև շնորհակալություն մեր գործընկերներին, որ հաջորդած օրերին ԶԼՄ-ները պատրաստակամորեն ու պատշաճ իրազեկեցին հասարակությանը: Բայց նորից գանք գլխավորին` վիճելիությանը: Հավատացած եղեք, որ առաջինը հենց օրենքը մշակողին է` բաց ու թափանցիկ քննարկումների նախաձեռնող Արդարադատության նախարարությանն է ձեռնտու կոնկրետ օրենքի վրա աշխատելու փուլում լսել հասարակության կարծիքը, վերաբերմունքը, քննադատությունը: Սա` օրինաստեղծ գործընթացը, ընդհանրապես իրավական շինարարությունը դարձնում է առավել արդյունավետ, ու հետո, պրակտիկորեն ընկալելի ու կիրրառելի: Ի վերջո, լայն իմաստով Արդարադատության նախարարությունն իր գործունեությամբ հասարակության անդամի ու պետության շահը սպասարկողն է, ներդաշնակ փոխվստահության դաշտ ձևավորողը, ու արդարադատության նախարարն էլ խիստ սկզբունքային է գերատեսչության գործառույթների բաց, հրապարակային ու իրավական առումով գրագետ ու արդյունավետ իրացման հարցում: Նաև նույն սկզբունքայնությամբ խիստ կարևորում է ձեռքը հասարակության զարկերակից չկտրելը: Ուստի հորդորս, կարծում եմ արդարացված է. մենք բոլորս` հասարակության ակտիվը, իմ գործընկեր Զլմ ներկայացուցիչները, մեր գերատեսչությունը պետք է յուրաքանչյուր օրենքի մշակման, վերամշակման փուլում մեկտեղենք ջանքերը` այսօր ու նաև վաղը, մեր զավակների համար` իրավական առումով ճշգրիտ ու քաղաքացիական ու պետական շահերի առումով` պաշտպանված երկիր ունենալու համար: 
ՀՀ արդարադատության նախարարության կայքը` ձեզ ի տնօրինություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել