Թուրքիայում 45 181 մարդ է զբաղվում գյուղերի պաշտպանությամբ, փոխանցում է CNNTurk-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը բացահայտել է «աշխարհազորայինների» (թուրքերեն` «քորուջու») թիվն ու նրանց տրվող աշխատավարձի չափը:

Նշեմ, որ «աշխարհազորայինները» հիմնականում կազմված են քրդերից, աշխատավարձ են ստանում պետությունից և «պաշտպանում» են գյուղերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներից: Մեծ հաշվով, թուրքական այս սխեմայով քրդերը դուրս են գալիս քրդերի դեմ:

«Աշխարհազորայինները» հիմնականում ծառայություն են տանում Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում, որը երկրի ամենաթույլ զարգացած շրջանն է:

Ըստ թուրք նախարարի` ներկայում Թուրքիայում ծառայություն է իրականացնում 45 181 «աշխարհազորային»: Նրանց ամսական աշխատավարձը կազմում է 761 թուրքական լիրա (422 ամերիկյան դոլար): «Աշխարհազորայինների» համար նախատեսված են նաև հատուկ պարգևավճարներ գործողություններ իրականացնելու համար:

Թոշակի անցած «աշխարհազորայինները» ստանում են 344-529 լիրա գումար (190-300 դոլար):

Նշեմ, որ այս գումարները զգալի ցածր են Թուրքիայի զինված ուժերում ծառայություն տանողների ստացած աշխատավարձերից:


Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել