Tert.am-ը գրում է․

ՀՀ քաղաքաշինության նախարար, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, որ տոնում ենք Երևանի 2976 ամյակը, սակայն 100 տարուց ավելի հին շենքեր Երևանում չունենք, քանի որ դրանք մեկը մեկի հետևից քանդվում են, ասաց, որ Երևանի պարագայում ընդամենը 20 օրինակ կարելի է բերել այն դեպքում, երբ այլուր, օրինակ` Թբիլիսիում կամ Բաքվում դրանք հարյուրավոր են: «Կարող եմ ասել, որ Երևանը շատ ավելի լուրջ քաղաքացիական ծրագրեր է իրականացնում, ինչը Երևանի բազմաթիվ հյուրերի և մարդկանց վկայությունն է: Ու Հայաստանի ճարտարապետները յուրովի են վերաբերվում իրենց քաղաքին»,-ասաց Նարեկ Սարգսյանը: 

-Ի՞նչն է պակասում Երևանի դիմագիծը վերականգնելու համար։ Շատերն ասում են, որ Երևանի կոլորիտն է կորսվել։

-Հարցին հետևյալ կերպ պատասխանեմ, երբ մի բանը շատ կրկնվում է, մարդկանց մոտ ձևավորվում է մի ինչ-որ տարօրինակ կարծիք, որն իրականության հետ աղերս անգամ չունի: Եվ եթե Երևանն ընդամենը 80 տարվա պատմություն ունի, համենայն դեպս, այն Երևանը, որը մենք ժառանգել ենք, և այսօր որևէ մեկը չի ասում, որ 20-ականներին Երևանում կոյուղի չկար, ասֆալտ չկար, ազգաբնակչությունը հակասանիտարական վիճակներում էր ապրում, և մարդիկ հսկայական ջանքեր գործադրեցին և մեզ թողեցին մի քաղաք, որը մենք փորձեցինք շարունակել և զարգացնել: Նույնիսկ 15 տարի առաջվա Երևանն այսօրվա հետ դժվար է համեմատել, որովհետև փողոցներ են բարեկարգվել, լուսավորություն է անցկացվել, ճարտարապետական իմաստով է փոփոխություն կրել՝ նոր շենքեր են հայտնվել: Դուք նույնիսկ չեք էլ կարող պատկերացնել, որ ընդամենը 15 տարի առաջ Երևանում չկար Իտալիայի փողոցը, չկար քաղաքապետարանի հրապարակը, Հյուսիսային պողոտա գոյություն չուներ, Կասկադի ամբողջ տարածքներն անբարեկարգ էին, Կենտրոնում կառուցված նոր շենքերը չկային, նոր փողոցները: Անկախ Երևանի դիմագծի վերաբերյալ կարծիքներից, ես միանշանակ այն կարծիքին եմ, որ Երևանը հստակ զարգացում է ապրում։ Ուրախ եմ տեսնելու, որ և՛ իմ, և՛ իմ շատ գործընկերների պատկերացումները Երևանի մասին այն է, որ, այնուամենայնիվ, այն ճանաչելի դիմագիծը, որ Երևանը ունի, ասել է թե՝ ազգային առանձնահատկությունները, անպայման պետք է պահպանվեն և այդկերպ, գոնե Երևանի կենտրոնը, պետք է զարգանա: Ժամանակակից ճարտարապետության միտումներ, անշուշտ, պետք է լինեն, բայց պետք է ամեն ջանք գործադրենք, որ Երևանի կենտրոնը տարբերվի աշխարհի շատ քաղաքների կենտրոններից, որպեսզի ինքն իր դիմագիծն ունենա: Եվ դա գերկարևոր խնդիր է:

-Պարո՛ն Սարգսյան, տոնվում է Երևանի 2976-ամյակը և հայտնի է, որ 100 տարուց ավելի հին շենքեր Երևանում չունենք և ամեն տարի, կարծես, մի հին շենք էլ է քանդվում:

-Ուրեմն, այս տարիների ընթացքում, նորից եմ ուզում ընդգծել, հույս եմ փայփայում, որ գոնե մեկ-մեկ իրականությունը կհասնի մարդկանց. այն, որ ոչ ավելի, քան 2 տասնյակ շենքերի փոփոխություն է տեղի ունեցել Երևանում: Թամանյանի գլխավոր հատակագծով շատ ավելի բազմաթիվ, հարյուրավոր շենքեր են քանդվել: Ինչո՞ւ, որովհետև նա կառուցում էր բոլորովին այլ քաղաք. չէր ուզում, որ Երևանը լիներ նեղ փողոցներով քաղաք, Թամանյանը զարգացող քաղաք էր պատկերացնում: Այդպիսի ճակատագիր ունեցել են աշխարհի բազմաթիվ քաղաքներ: 1860-ական թվականներին Փարիզում ամբողջությամբ, հսկա տարածքով քանդվեցին փողոցներ և շենքեր: Ի դեպ, Թամանյանն իր 24 թվականի գլխավոր հատակագծում հենց այդ օրինակն է բերում: Նույնն արվեց Բեռլինում, Լոնդոնում և այլուր: Պետք չի ժողովրդին ոչ ճիշտ ինֆորմացիա տալ. քաղաքները միշտ զարգանում են, քաղաքները մեծանում են, քաղաքներն իրենց արդիական պահանջներն ունեն: Իհարկե, համաձայն եմ, որ քաղաքի պատմական շերտերը պետք է պահպանվեն: Բայց ոչ բոլոր դեպքերում է դա հնարավոր անել 100 տոկոսով: Եվ Երևանում նաև հին շենքերից էլ են վերականգնվել: Մասնավորապես, Մելիք Ադամյան փողոցի վրա, հենց ինքս էլ նախագծել եմ այդ շենքերը ժամանակին, և հիմա վերակառուցված են՝ Բարեգործական ընդհանուր միության շենքը, նրա կողքին՝ Հանրապետական կուսակցության շենքը, դրանից ներքև՝ Հյուսիսային պողոտայի տարածքից տեղափոխված Սողոմոնյանների շենքը: 

-Մենք չկարողացանք պահպանել «Ծածկած շուկայի» շենքը՝ իր նախնական տեսքով, օդանավակայանի կլոր կառույցն է վտանգվում…

-Օդանավակայանի շենքի, այն քանդելու մասին դեռևս ոչ մի որոշում չկա, բայց եղել են դեֆորմացիաներ, եղել են իրավիճակներ, որտեղ, իհարկե, եղել են և անհաջող շենքեր, ձևափոխումներ… Ձեր բերած օրինակը՝ (շուկայի) դրանցից է, բայց իմ կարծիքով՝ այնքան շատ գործ է արվել այս տարիների ընթացքում նոր–նոր ձևավորվող, որ դա ոչ ոք չի կարող ժխտել: Եթե թվարկեմ, թե խորհրդային տարիներին ինչքան են եղել քաղաքաշինական սխալները, անհավատալի շատ են: Հիմա 20-25 տարվա կենսագրություն ունեցող պետություն է, և մեր պետության մեջ ամեն ինչ չէ, որ հնարավոր է անել մեկ վայրկյանում: Եվ դեռ նկատի ունենանք, որ քաղաքաշինությունը, որպես ոլորտ, շատ հստակ պահանջ ունի քաղաքացիական հասարակության ձևավորման առումով: Եվ դրանք բոլորը միմյանց հետ շաղկապված են: Ավելին՝ կարող եմ ասել, որ այն, ինչ արվում է Թբիլիսիում, կամ Բաքվում, կամ ամենուր... Ես կարող եմ ասել, որ Երևանը շատ ավելի լուրջ քաղաքացիական ծրագրեր է իրականացնում: Եվ դա Երևանի բազմաթիվ հյուրերի և մարդկանց, ովքեր այցելել են Երևան, վկայությունն է: Որ Հայաստանի ճարտարապետները յուրովի են վերաբերվում իրենց քաղաքին: Եվ նաև պատասխանատվությամբ են վերաբերվում, և, առհասարակ, այն, ինչ խոսում ենք Թամանյանի մասին, որ 23 թվականի սկզբին ինքը չգնաց աշխարհում այդ ժամանակ իշխող ուղղություններով՝ ֆունկցիոնալիզմ, կոնստրուկտիվիզմ, գնաց դասական ճարտարապետության և հայկական ազգային ճարտարապետության համակցման ուղիով: Հիմա նման երևույթ ես հստակ տեսնում եմ ներկայիս Երևանում և դրա համար ուրախ եմ: Երբ մենք դառնանք շատ կոսմոպոլիտ և կորցնենք մեր սեփական ինքնությունը, դա անմիջապես կանդրադառնա այս քաղաքի վրա, ինչը իրենց կարող են թույլ տալ շատ ազգեր, բայց ոչ մենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել