«Հայաստանում, Երևանում շատ-շատ են հաշմանդամություն ունեցող անձինք, մենք, ախր, երկրաշարժ տեսած ժողովուրդ ենք, բայց նրանց անգամ մեկ երրորդին չենք հանդիպում դրսում, որովհետև մարդիկ զրկված են տեղաշարժման ամենապարզ իրավունքից անգամ: Ամեն ինչ ձևական է արվում. քաղաքապետարանը մայթերի եզրերը հարթեցնում է, թեքահարթակներ տեղադրում, բայց մինչև փողոց հասնելը հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն չունեն դուրս գալ իրենց տնից, թաղամասից:
Կարծում եմ` առաջին հերթին նրանց հենց տեղաշարժման իրավունքը պետք է ապահովեն, քանի որ դրանից են բխում մյուս անհրաժեշտությունները` աշխատել, սովորել:
Ես ատում եմ մեր տոնակատարությունները, վերևներում կարծում են` հիմար հրավառությամբ ու փուչ երգերով, որտեղ ութ անգամ «Հայաստան» բառն է հնչում, կարող են մարդկանց խաբել. միայն «Հայաստան» ասելով` հարցը լուծում չի ստանում: Կարծում եմ` հասարակության 90 տոկոսը դեմ է այդ տոնակատարություններին, ավելի լավ է` չլինեին այդ ծաղիկները, սուտ աշխատանքները և գումարներն ըստ էության ծախսվեն: Եթե, ասենք, դպրոցի պատն անցք ունի, և քամի է փչում, երեխաները սառչում-հիվանդանում են, պետք չէ անցքը փակելու փոխարեն անցքի վրա ծաղիկ նկարեք: Գունավոր միջոցառումներով ուղղակի ցուցադրական թոզ են փչում մարդկանց աչքերին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել