Դա՛րդըս լացեք, սարի սմբուլ,
Ալվան – ալվան ծաղիկներ.../Ա.Ի./

Գիտեի, որ քաղաքականությունը կեղտոտ բան է, բայց այսքան ահավոր կեղտոտ՝ չգիտեի: Հասկացա նաեւ, որ էլ ճիշտ կամ սխալ չկա, ով ինչպես կարող է իր հնարավորության ներածի չափով յուր երկաթե անդամով զոռբա էշին է առաջ քշում: Ահավոր է, բայց հաղթում է նեգատիվը՝ ում ձեռքերում հայ ժողովրդի արյուն քրտինքով ստեղծված ու նրանից թալանած կապիտալն է: Տարօրինակն այն է, որ հայ մարդուն ստիպելով հաղթում են, օտարում... Ավելի տարօրինակ է, որ նա հոժարակամ է պարտվում... Որտեղից հայտնվեց մեր քաջակորով ու արի ժողովրդի մեջ այսքան քրոնիկ վախ, ով այն ներարկեց... Աշխարհի զարգացած ժողովուրդները ինքնակազմակերպվել ու առաջատար դիրքերում են, մե՛ր հայրենիքում ինքնակազմակերպվել ու հարազատ ժողովրդին երկրից օտարում են հանցագործ կլան-կուսակցությունները: Հայաստանը դարձվել է թշվառների, անկարողների, անգործունակների ու հաշմանդամների երկիր: Մենք, արդեն մեր շուքից ու շվաքից ենք վախենում: 37-ը մոտենում է:

********
Ու՞ր եք, ու՞ր,
Թորգոմյան մեծ տա՛ն զավակներ,
Տղերք՝ Հայկ, Սանասար, Բաղդասար,
Մեծ ու Փոքր Մհեր, Դավիթ,
Դուք, որ երբեվէ
Որևէ ժողովուրդ չեք մորթել,
Կռվում
Ձեր ազնվականությունն եք բարձր պահել,
Թիկունքից չեք խփել...
Քնածի չեք կացնահարել...
Ու՞ր եք, ու՞ր...
Ձենով Օհանն ելավ քնից,
Փաթթեց քառսուն գոմշի կաշին,
Բոռաց.
-- Հացն ու գինին, տեր կենդանին,
Մարութա բա՛րձր Աստվածածին...
Մհե՞ր, լաո՛, թա՛փ քեզ էտու,
Ելի՛ր անհուշ Վանա քարից,
Հեծնե՛ քո հոր Քուռկիկ Ջալալին, 
Զձեռդ ա՛ռ քո հոր Թուր Կեծակին,
Խաչ համբերանքն ի վեր քո աջ թևին,
Աշխարհ շատ է չարացե,
Ցորեն դարձած է քանց մասուր մի,
Կորեկ դարձած է քանց ընկույզ մի, 
Հող քեզ կպահե իր վրա:
Սերու՛նդ տուր մեզ, զավակ ունեցիր, 
Դավթի անեծք քանդվել է,
Աստծո օրհնությամբ
Ժառանգ կունենաս՝ որդի...
ԵԿԵԼ Է ԺԱՄԸ ՎԻՇԱՊԱՔԱՂԻ...

Էդվարդ Ալեքսանյան
Հատված «Հրանտ Դինք կամ 1500000+1» պոեմից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել