Մի քանի իրողություններ, որոնք առողջապահության ոլորտում առկա են և որոնք ենթակա են լուծման.
1. Հայաստանը, որն ունի ժողովրդագրական լուրջ խնդիր, որտեղ ծնելիությունը ցածր մակարդակի վրա է, իսկ երիտասարդները սոցիալական պայմաններից ելնելով չեն ամուսնանում, առկա է ևս մի կարևորագույն խնդիր՝ բազմաթիվ անապահով ամուսիններ, ֆինանսական բավարար միջոցների և պետական աջակցության բացակայության հետևանքով զրկված են ժամանակակից բժշկական մեթոդներով երեխա ունենալու հնարավորությունից: Խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով հազարավոր անպտուղ զույգերի արտամարմնային բեղմավորմանը, որը մեր երկրում արժե 3500-5000 դոլար: Պետությունը պետք է նպատակային ֆինանսավորում իրականացնի՝ միջոցներ ձեռնարկելով անպտուղ և սոցիալապես անապահով զույգերի արտամարմնային բեղմնավորումը մատչելի դարձնելու ուղղությամբ: 
2. Գոյություն ունի «ցրված սկլերոզ» հիվանդությունը, որը մարդու կյանքին սպառնացող հիվանդություն է: Հայաստանում կտրուկ աճել է այս հիվանդությամբ տառապողների թիվը որոնք, որպես կանոն, 20-30 տարեկան երիտասարդներ են և որոնցից շատերի ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս ձեռքբերել անհրաժեշտ թանկարժեք դեղամիջոցները: Հետևաբար, խիստ անհրաժեշտ է, որ «ցրված սկլերոզ» հիվանդությունը Կառավարությունը ներառի այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում դեղորայքը տրվում է անվճար: 
3. Հաշմանդամները և մինչև յոթ տարեկան երեխաները անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեն, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ նրանց չի տրամադրվում անհրաժեշտ դեղորայքը: Անհրաժեշտ է, որ հաշմություն ունեցող մարդիկ իմանան, որ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված է՝ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխաներին, ըստ դեղատոմսերի անվճար դեղորայքով ապահովումը, իսկ 3-րդ խմբի հաշմանդամների համար` 50 տոկոս զեղչով ապահովումը, եթե նրանք չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից: Իսկ մինչև 7 տարեկան երեխաներ ունեցող ծնողները պետք է իմանան, որ ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի որոշմամբ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կողմից մինչև յոթ տարեկան երեխաներին դեղերը հատկացվում են անվճար: 
Նախ անհրաժեշտ է, որ պատկան մարմինները կանխարգելեն այս ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումները և երկրորդ՝ պատշաճ իրազեկեն մարդկանց իրենց իրավունքների և արտոնությունների մասին, որովհետև հաշմանդամների և հիվանդ երեխաների հաշվին հարստանալը ամոթալի հանցագործություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել