Վերջին ժամանակաշրջանում «ԻՊ» զինյալների ակտիվությունն անհամեմատ աճել է, նրանք պաշարել են Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքը, որի անկման հավանականությունը չի ժխտվում նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, կոալիցիոն ուժերն օդային հարվածներ են հասցնում «ԻՊ» դիրքերին, սակայն զուգահեռաբար խոսվում է ցամաքային գործողությունների անհրաժեշտության մասին, անորոշ է սիրիական քրդերի հետագա ճակատագիրը, որը շղթայականորեն տարածվելու է նաև Թուրքիայի քրդերի վրա, պաշտոնական Անկարայի գործողություններն ակնհայտորեն ուղղված են ոչ թե «ԻՊ»-ի, այլ Բաշար ալ-Ասադի և քրդերի դեմ:

Նման իրավիճակում, երբ թվում է, թե համաշխարհային ուժային կենտրոնների ուշադրությունը պետք է գերազանցապես կենտրոնացած լիներ հիշյալ խճճված գերխնդրի վրա, այդուհանդերձ ոչ պակաս կարևորություն է տրվում նաև ԻԻՀ միջուկային հիմնախնդրի կարգավորմանը, որի ուղղությամբ ընթանում են ակտիվ բանակցային գործընթացներ:

Օրերս հիմնախնդիրը քննարկել են նաև Իրանի և ԱԷՄԳ-ի մասնագիտական խմբերը: Հանդիպման արդյունքները, ինչպես վկայում են կողմերը, բավական հուսադրող են, քանի որ երկօրյա քննարկումների արդյունքում հնարավոր է եղել համաձայնություն ձեռք բերել ևս երկու կարևորագույն հարցի շուրջ (առ այժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հարցերի):

Այդօրինակ զարգացումները հուշում են այն մասին, որ Իրանը չի պատրաստվում Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին կողքից հետևողի դերում հայտնվել, և ամենայն լրջությամբ ձգտում է ձերբազատվել իր գործողությունները Մերձավոր Արևելքում կաշկանդող արևմտյան «կապանքներից», որոնց շարքում ԻԻՀ միջուկային հիմնախնդիրն ունի առաջնային նշանակություն:

Արևմուտքի՝ մերձավորարևելյան հեռահար ռազմավարական ծրագրերում Թուրքիան կարող է կորցնել իր երբեմն նշանակությունը՝ քրդական գործոնով պայմանավորված: Քրդական շարժումը կասցենելու համար Անկարան ապագայում ևս ջանք ու եռանդ չի խնայի, սակայն շարժումն աստիճանաբար դառնում է անվերահսկելի: Առաջատար երկրների համար ավելի ու ավելի է դժվարանում անտեսել այն պահանջները, որոնք առաջ են քաշում քուրդ առաջնորդները, իսկ Թուրքիայի հակազդեցությունը կարող է միայն բարդացնել իրավիճակը:

Ըստ էության՝ տարածաշրջանի զարգացման ուղիների ընտրության լայն հնարավորություններ չկան. չի բացառվում, որ կարող է ընտրվել «թուրքական մոդելը», որը կերաշխավորի Սիրիայի գործող վարչակարգի տապալումը, բայց հագուրդ չի տա քրդական հավակնություններին և չի լուծի ծայրահեղ իսլամականների գերխնդիրը: Մյուս կողմից, հաշվի առնելով Իրանի և Արևմուտքի միջև միջուկային հիմնահարցի շուրջ դրական արդյունքների հասնելու բարձր հավանականությունը՝ կարելի է ենթադրել, որ Արևմուտքը խորհում է նաև Իրանի շիական կրոնաքաղաքական մոդելը տարածաշրջանային գործընթացներում կիրարկելու շուրջ, որի դեպքում Բաշար ալ-Ասադը կմնա իշխանության ղեկին, վճռական հարված կտրվի ծայրահեղ իսլամականներին և զգալիորեն կթոթափվի քրդական լարվածությունը, որի առաջացման կարևորագույն օջախներից մեկը ոչ թե Թեհրանում է, այլ Անկարայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել