Դարպասի փոքր դուռը ճռռաց, ու ներս մտած անծանոթ տղամարդու հայացքը մերկ ոտքերին զգալով՝ Սաթենիկը բաց թողեց ձեռքում հավաքած փեշի ծայրերը: Կարմրաթուշ խնձորները փեշից գլորվեցին բակով մեկ: Անծանոթը նետվեց խնձորների հետևից: Սաթենիկը շիվարած հետևում էր, թե անծանոթը արագ-արագ ինչպես է փորձում գրկի մեջ տեղավորել հավաքած խնձորները, որոնք համառորեն դուրս էին պրծնում ու նորից գլորվում բակով մեկ, իսկ անծանոթն էլ իր հերթին համառորեն փորձում էր հավաքել նրանց: Սաթենիկը չդիմացավ, տեսարանը այնքան զվարճալի էր, չհաջողվեց ծիծաղը խեղդել, այն պայթեց բակով մեկ: Անծանոթը մի պահ անսպասելիությունից անշարժացավ, բայց հաջորդ պահին ինքն էլ ժպտաց, հավանաբար չհամարձակվեց բարձրաձայն ծիծաղել:
- Ձեր խնձորները շատ համառ են ու կատակասեր,- բայց և իսկույն լուրջ դեմք ընդունեց ու շարունակեց,- ներեցեք, ավտոմեքենայիս շարժիչը հենց ձեր դարպասի մոտ անջատվեց: Խնդրում եմ, մի դույլ ջուր տվեք, գուցե հաջողվի շարժիչը կարգի գցել:
Սաթենիկը վերցրեց բակի անկյունում գտնվող աղբյուրի մոտ դրված ջրով լի դույլը: 
-Եթե էլի ջուր պետք լինի, կարող եք գալ, աղբյուրից լցնել:
Մի քանի րոպեից անծանոթը վերադարձավ ավելի մտահոգ դեմքով, դատարկ դույլը դրեց աղբյուրի մոտ;
-Ջուրը չօգնեց,- պատասխանեց Սաթենիկի հարցական հայացքին,- ստիպված եմ մեքենան թողնել ձեր դարպասի մոտ , ոտքով բարձրանալ:
- Դուք հյու՞ր եք գնում: Գնացեք, կարող եք չանհանգստանալ, ես ուշադիր կլինեմ ձեր ավտոմեքենային:
-Շնորհակալություն: Ոչ, հյուր չեմ գնում: Ես ճարտարապետ եմ, եկել եմ ձեր գյուղի եկեղեցին չափագրելու, Հուշարձանների Պահպանության վարչությունը որոշել է վերանորոգել այն:
Անծանոթի հեռանալուց հետո Սաթենիկը հավաքեց թափված խնձորները, հետո շրջեց լոբու մարգերի մեջ.
- Իսկական հավաքելու, շարելու ժամանակն է, քանի դալար են, մի երկու օրից արդեն ուշ կլինի: Մի պահ հայացքը ուղղեց երկինք, ժպտաց արևին.
- Շնորհակալ եմ քեզանից, իմ բարի արև: Շնորհակալ եմ քո ջերմության համար: Տե՛ս, ինչ լավ կարմրացրել ես այգուս խնձորները, ինչ դալար, հյութեղ ու առողջ են աճել լոբիներս: Վահանս ու Նարեկս լոբի շատ են սիրում:
Վահանն ու Նարեկը որդիներն են, առավոտը վաղ ամուսնու հետ քաղաք են գնացել՝ Սաթենիկի եղբոր տան վերանորոգման աշխատանքներին իբրև օգնելու: Բայց Սաթենիկը լավ էլ հասկացել էր` ինչ օգնել, ինչ բան: Դպրոցի տնօրեն ամուսինը անհանգիստ էր՝ րոպե առաջ Ազատության հրապարակ հասնելու, առաջիկա հանրահավաքին մասնակցելու: Եղբայրն էլ պակասը չի, տանը վերանորոգման աշխատանք է սկսել, բայց Ազատության հրապարակից դուրս չի գալիս, ամբողջ ծանրությունը թողել է այն ծեր հոր վրա: Երկու օր առաջ էլ հեռախոսով եղբոր հետ կռիվ տվեց, բայց անօգուտ, եղբայրն իրենն է անում: Բայց ավելի զայրացավ, երբ ամուսինը սկսեց նրան պաշտպանել: 
-Քո լոբուց ու կարտոֆիլից այն կողմ ոչինչ չես ուզում տեսնել,- հանդիմանում էր ամուսինը,- երկիրը վերջապես պիտի դուրս գա այս վիճակից, ապաշնորհ մարդիկ պիտի թողնեն կառավարման ղեկը, զիջեն ազնիվ, նվիրյալ, կարող ուժերին: Իսկ դրա համար պիտի ժողովուրդը՝ ես, նա, մյուսը, համախմբվենք, պահանջենք; 
Մեկ է , Սաթենիկը մնում է իր կարծիքին, որ ժողովրդի , երկրի հոգսով ապրող լավ իշխանություն չկա, ինչքան էլ փոխեն, ով էլ գա, նույնն են լինելու:
- Այ, վաղը, երբ քեզ աշխատանքից կազատեն, այն ժամանակ էլ հետդ կխոսեմ: Հավաքած լոբին լցրեց պատշգամբի սեղանին, երկու երկար շար շարեց, դրեց մի կողմ, որ ամուսինը գա, տանիք բարձրացնի, հով տեղում կարգին չորացնի: Ինքը նորից այգի գնաց, այս անգամ բերքից կռացած խնձորենու կողմը: Հատ-հատ շոյեց կարմրող խնձորների թշերը, հայացքով գգվեց աշնան ջերմ արևին ու հիշեց տարիներ առաջ, դեռ ուսանող տարիներին գրած իր մի բանաստեղծությունը՝ «Ձոն արևին»: 
-Արևապաշտ եմ ես, - բայց նույն պահին էլ ճյուղերի արանքից տեսավ բակում կանգնած ճարտարապետին:
Մի պահ անհարմար զգացում ունեցավ, որ ճարտարապետը իր ոգևորված ձայնը լսած կլինի, հաջորդ պահին ինքն իրեն հանգստացրեց՝ հազիվ թե:
-Կներեք, նորից ես եմ անհանգստացնում ձեզ,- ասաց մոտեցող Սաթենիկին,- մի բաժակ սառը ջուր կարելի՞ է: Սաթենիկը նայեց ճարտարապետի հոգնած, փոշոտ դեմքին ու պատկերացնելով եկեղեցի տանող դիք ու քարքարոտ ճանապարհը՝ ասաց.
- Իհարկե, կարելի է, դուք լվացվեք այնտեղ, մինչև բաժակ բերեմ: Սրբիչն էլ մաքուր է, կարող եք օգտվել:
Ճարտարապետը բաժակը վերադարձրեց, մի տեսակ անհարմար զգալով ասաց. 
- Գիտեք, հիմա ես ավտոմեքենան չեմ կարող տանել, ուզում եմ այն թողնել իր տեղում, վաղը կվերադառնամ մասնագետի հետ , տեսնենք, ինչ է պատահել:
-Խնդիր չունեք:- Պատրաստակամ ասաց Սաթենիկն ու ավելացրեց,- ես տեսնում եմ, որ շատ եք հոգնել, ուզու՞մ եք, ձեզ սուրճ կարող եմ հյուրասիրել:
Ճարտարապետի համար սուրճի առաջարկությունը անսպասելի էր, բայց և շատ հաճելի: Երբ տանտիկինը զբաղված էր սուրճի պատրաստությամբ, ճարտարապետը հասցրեց ուսումնասիրել յուրահատուկ մաքրությամբ ու ճաշակով ձևավորված բակն ու հարմարավետ պատշգամբը: Իսկույն զգաց, որ դրանք տարբերվում են սովորական լեռնային գյուղերի բակերից ու պատշգամբներից: Իսկ տանտիրուհու վարժ, անբռնազբոս պահվածքն ու կիրթ խոսքը վկայում էին այն մասին, որ հաստատ, ուսուցչուհի էր:
-Ինձ թվաց, դուք այգում խոսում էիք ինչ-որ մեկի հետ,- շատ նրբանկատ հարցրեց նա:
- Օ, ոչ, այսօր ես տանը մենակ եմ, ամուսինս ու տղաներս Երևան են գնացել՝ օգնելու եղբորս տան վերանորոգման աշխատանքներին: - առանց շփոթվելու պատասխանեց Սաթենիկը,- այդ խնձորների, արևի հետ էի զրուցում: Հիշել էի ուսանողական տարիներին գրած իմ մի բանաստեղծությունը: Երբ մենակ եմ լինում, սիրում եմ հիշել իմ սիրելի բանաստեղծությունները:
- Դուք հաճելի եք խոսում և գեղեցիկ ձայն ունեք, չեմ կասկածում , որ նաև լավ ասմունքում եք, - ասաց ճարտարապետն ու ավելացրեց,- չմտածեք, որ հաճոյախոսում եմ, իրոք դա այդպես է:
Բայց Սաթենիկը բոլորովին չշփոթվեց:
-Այո, դա շատերն են ասել,- ժպտաց կինը:
-Այդ դեպքոմ կխնդրեի մի բան արտասանել, ես պոեզիայի մեծ երկրպագու եմ:
Սաթենիկը պատրաստակամ հարցրեց.
-ՈՒ՞մ բանաստեղծություններից կուզենայիք լսեք: Իսկ եթե իմ վաղուցվա գրածներից մի բան ասե՞մ:
- Ինչպես կցանկանաք,- սուրճից կում արեց ճարտարապետը:
- Լավ,- կինը հարմար տեղավորվեց աթոռի մեջ: - Համբույրդ սառեց շուրթերիս, 
Ինչ-որ տեղ ծղրիդը ծղրտաց, 
Մի շղարշ թույլ սահեց աչքերիս, 
Համբույրից սիրտս թփրտաց:
Առանց դադար տալու տալու՝ առաջինից հետո երկրորդին անցավ, հետո՝ երրորդին, չորրորդին: Ասմունքում էր վերացած, կիսախուփ աչքերով ու այդպես էլ չնկատեց, թե իր արտասանության առաջին իսկ տողից ինչպես գունատվեց ճարտարապետը, ինչպես մեծացան, կլորացան նրա աչքերն, ու շունչը արագացավ:
- Ահա: Սրանք իմ վաղուցվա, ուսանողական տարիներին գրված բանաստեղծություններից են, - մեղավոր ժպիտով վրա բերեց նա, բայց իսկույն էլ զգաց, որ ճարտարապետը ինչ-որ տարօրինակ վիճակի մեջ է:
- Ձեզ ի՞նչ պատահեց, մի՞թե այդքան վատն էին, ձեզ դուր չեկան; Ճարտարապետը հավաքեց իրեն.
- Ոչ, ի՞նչ եք ասում, հրաշալի էին:- Բայց միևնույն էր , շփոթմունքն ակնառու էր: Այն ծածկելու համար ծխախոտ վառեց:
- Իսկ դուք որտե՞ղ եք ավարտել և ե՞րբ:
Կնոջ պատասխանը ավելի շփոթմունքի մեջ գցեց նրան:
- Կինս էլ է նույն հաստատությունը նույն թվականին է ավարտել: Կարինե Աբգարյան, գիտե՞ք նրան:
- Վա՜յ, Կարինեին ինչպե՞ս չգիտեմ, հինգ տարի նույն լսարանում ,նույն սեղանի մոտ ենք նստել:
Սաթենիկը խոսում էր, հիշում Կարինեի հետ անց կացրած ուսանողական տարիները , բայց ճարտարապետն այլևս ոչինչ չէր լսում: Նա վեր կացավ ու գնալու շարժում արեց, նույնիսկ թվաց, օրորվում է տեղում: Սաթենիկի զարմացած ձայնը կանգնեցրեց նրան.
- Դուք արդեն գնու՞մ եք: Կբարևեք Կարինեին:
Բակի կենտրոնում միայն ճարտարապետը շուռ եկավ զարմանքից քարացած կնոջ կողմը.
- Կարինեն ծանր հիվանդությունից հետո չորս տարի առաջ է մահացել,- ու արագ քայլերով դուրս եկավ դարպասից:
Սաթենիկը դեռ ապշահար կանգնած էր՝ առանց որևէ բան մտածելու: Նրա համար էլ անսպասելի էր այս բոլորը, Կարինեի մահվան լուրը: Հանկարծ դարպասի դուռը բացվեց, ու ճարտարապետը նորից հետ եկավ: Նրա դեմքը այլայլված էր, հուզմունքը խեղդում էր կոկորդը: Մոտեցավ Սաթենիկին:
- Ես հետ եկա ձեզ ասելու, որ տգեղ բան է ուրիշի գրածները սեփականելը: Չէ՞ որ այդ բանաստեղծությունները տարիներ առաջ Կարինեն է գրել, ու դրանք ինձ են նվիրված եղել:- ՈՒ նորից արագ քայլերով դուրս գնաց՝ իր հետևից շրխկացնելով դարպասի երկաթի դուռը:
Այլայլվելու հերթը Սաթենիկինն էր: Նա չէր կարողանում հասկանալ կատարվածը, ճարտարապետի ասածի իմաստը, ինչպե՞ս թե՝ դրանք Կարինեի գրած բանաստեղծություններն են, չէ՞ որ ամբողջ կուրսը անգիր գիտեր դրանց մեծ մասը, նույնիսկ մի քանիսը պատի թերթում են տեղ գտել:
Մթնել էր: Սաթենիկը կծկվել էր բազմոցի մի անկյունում, չէր կարողանում ուշքի գալ ճարտարապետի մեղադրանքից; Թե ամուսինն ինչու՞ գնաց, գոնե տանը լիներ, մի բան կասեր, կհանգստացներ, չէ՞ որ նա գիտեր, որ դա այդպես չէ, բանաստեղծություններն ինքն է գրել: Հանկարծ հայտնագործություն արած՝ նա վեր թռավ տեղից: Դարակից հանեց դեռևս ուսանողական տարիներից պահած տետրերն ու գրոտած թղթերը: Դրանց մեջ պետք է լինեին համալսարանի պաշտոնաթերթի մի երկու համարներ, ուր ժամանակին տպագրվել էին իր մի քանի բանաստեղծությունները:
-Ահա, գտա,- խունացած թերթերը սեղմեց դեմքին , ազատություն տվեց արցունքներին ու հեկեկոցին: 
Վաղ առավոտյան դարպասից դուրս եկավ, ստուգելու՝ ճարտարապետի ավտոմեքենան տեղու՞մ էր: Այգի ու բանջարանոց չմտավ, դարպասի դուռը բաց էր թողել, որ իմանա ճարտարապետի գալը: Ճարտարապետը չուշացավ, երևի շտապում էր ժամ առաջ տանել ավտոմեքենան այդտեղից : Եկել էր ընկերների հետ: Սաթենիկը դուրս եկավ, արտաքուստ հանգիստ ու անվրդով մոտեցավ, բարևեց ու ճարտարապետին անխոս պարզեց խունացած թերթերը: Վերջինս մի պահ չհասկացավ, թե ինչ թերթեր են, հարցական նայեց նրան:
- Խնդրում եմ, կարդացեք, այդտեղ ձեզ համար հետաքրքիր նյութեր կգտնեք,- ու ներս մտավ բակ, այնտեղից էլ՝ այգի:
Որոշ ժամանակից վերադարձավ բակ, ռետինե խողովակը միացրեց աղբյուրին ու սկսեց բակը լվանալ: Հետո նորից մտավ այգի, հավաքեց թափված խնձորները, բերեց-լցրեց պատշգամբի սեղանին, սկսեց մաքրել ու կտրատել: Ամուսնուն կխնդրի, դրանք էլ տանիք բարձրացնել, փռել, թող չիր դառնան: Թվում էր, թե տարված է գործով, բայց ահավոր լարվածություն էր զգում: Դարպասի դուռը նորից ճռռաց: Այո, ճարտարապետն էր: Նա անխոս մոտեցավ, առանց հրավերքի նստեց աթոռին՝ խունացած թերթերը սեղանին դնելով:
-Դուք ժամանակ ունե՞ք ինձ լսելու:
Սաթենիկը նստեց նրա դեմ դիմաց: Ճարտարապետը նայեց նրա սպասում արտահայտող դեմքին:
-Կարինեի հետ ծանոթացել և ընկերություն ենք սկսել անել, երբ նա չորրորդ կուրսում էր, իսկ ես արդեն ավարտել էի համալսարանը: Սկզբում նա ինձ միայն դուր էր գալիս; Մի հանդիպման ժամանակ ասացի, որ շատ եմ սիրում բանաստեղծություններ, ժամերով կարող եմ կարդալ, լսել և չհոգնել: Հաջորդ օրը նա մի բանաստեղծություն բերեց, ասաց , որ գրում է, բայց մինչ հիմա ամաչել է ինձ ասել: Դրանից հետո ամեն հանդիպման նա մի բանաստեղծություն էր բերում, կարդում էինք, վերլուծում, և մի օր էլ ես ամուսնության առաջարկություն արեցի նրան: Ամուսնացանք: Կարինեն դադարեց գրել: Հաճախ էի հիշեցնում նրան, խնդրում որևէ բան գրել, բայց պատճառաբանում էր, որ ժամանակ չունի, հոգնած է, մուսան չի գալիս: Ավելի ուշ՝ նրան սկսեցին զայրացնել իմ հիշեցումները բանաստեղծություն գրելու մասին: 
ճարտարապետը լռեց, ծխախոտ վառեց: Ողջ ընթացքում խուսափում էր նայել Սաթենիկի աչքերին.
- Ես միայն հիմա եմ հասկանում նրա զայրույթի պատճառը:
Երկար ժամանակ այդպես լուռ նստեց:
- Կարինեն այդպես էլ երեխա չպարգևեց ինձ, անպտուղ էր: Ինքս ինձ բազմիցս որոշում էի ամուսնալուծվել, նոր ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, բայց խիղճս թույլ չէր տալիս: Հետո նա հիվանդացավ: Երկար տևեց հիվանդությունը: Մահից հետո ես հավաքեցի թղթերի վրա գրված բանաստեղծությունները, արտագրեցի մի տետրում ու պահում էի, որպես նրանից մնացած միակ քաղցր հուշ: Չէ՞ որ հենց դրանց շնորհիվ էի ես նրան սիրահարվել:
Նորից երկար լռեցին: Ճարտարապետը վեր կացավ տեղից:
-Դուք ինձ ներեք, խնդրում եմ:- Մի տեսակ քաշվելով շարունակեց,- Դուք ինձ ոչինչ չունե՞ք ասելու:
Սաթենիկն արդեն որոշել էր ասելիքը:
- Ոչ, չունեմ: Մեռածի հետևից չի կարելի ոչինչ խոսել: Գնացեք: 
Երկար նայեց հեռացող ճարտարապետի հետևից: 
Դրսից ավտոմեքենայի շարժիչի ձայն լսվեց: Ճարտարապետն էր հեռանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել