Պատմում է հուշարձանագետ՝ Սամվել Կարապետյան Samvel Karapetyan ը:

Մարդկային և մշակութային անծայրածիր գերեզմանոցի վերածված նախնյաց օրրանում, ինչպես ուրվական թափառելիս, այս տարվա հուլիսի 20-ին մեզ գտանք Հայոց ձոր գավառի երբեմնի գավառանիստ Կղզի գյուղում: Ամեն անգամ, երբ առիթ եմ ունենում այս գյուղի անունը տալ ակամայից անմիջապես միտքս ծակում է Օլգենինի 1913 թ. «Անհետացող Հայաստան» վերնագրի ներքո հրապարակման մեջ տեղ գտած վկայությունը. «...ցոյց տուին մի զառամեալ և հոգեկան հիւանդ հայ ծերունու, որի ամբողջ հիւանդութիւնը այն է, որ 40 տարվայ ընթացքում ամեն օր առաւօտները դուրս է գալիս գիւղի ծայրը և նայում է դէպի հիւսիս. վերադառնալով ապա տուն` նա հառաչելով ասում է. «Ոչ, Մօսկօվ քեռիները դեռ չեն գալիս»:
Կղզին ներկայումս գավառանիստ քաղաք է, որ վերանվանվել է Գյուրփընար և ունի գրեթե բացառապես քուրդ 5300 բնակիչ: Այստեղ հին գյուղից ոչինչ չի պահպանվել: Հետաքրքիր էր նորակառույց մզկիթի երիտասարդ իմամի հետ մեր կարճ զրույցը, որի ընթացքում իմանալով, որ մեր խումբը Հայաստանից է, այսպես արտահայտվեց. «...դուք չպայքարեցիք այս հողի համար, իսկ մենք պայքարում ենք ու մի օր երբ կստեղծենք մեր պետությունը` իմացեք, որ հայերդ ազատորեն կարող եք բնակվել մեր պետության մեջ, իսկ ընդհանրապես մենք քրդերս ձեր ժողովրդից մի ներողություն պետք է խնդրենք 1915 թ. կատարվածի համար»:
Այո, եռանդուն մասնակցություն ունենալ սեփական Հայրենիքում մի ողջ ազգի բնաջնջման թուրքական ծրագրին, այնուհետև գրեթե մեկ դար անվերջ ավերել-անհետացնել բնաջինջ ազգի հազարամյակների ընթացքում ստեղծած մշակութային արժեքները և մեծահոգաբար «մի ներողություն» հայտնել...
«Մի ներողություն», որ առաջին անգամն էինք լսում ու դեռ չգիտեինք, որ տարրօրինակ զուգադիպությամբ մեկ այլ քրդի շուրթերից հենց հաջորդ օրն էլ պետք է լսեինք:
Հայոց ձորին սահմանակից Շատախ գավառը մի գյուղախումբ ունի, որը բարձրաբերձ լեռներով անջրպետված է բուն գավառից, որտեղ հասնելու համար պետք է ճանապարհ ընկնել Նորդուզի կողմից: Դա Մաքոշկ-Շվրաշ-Նավհանդ գյուղերի ձորակն է:
Այս գյուղախմբի բնակիչների ճակատագիրը մինչ 2014 թ. հուլիսի 21-ը գոնե ինձ համար մի խորհրդավոր անհայտության մեջ էր: Նրանց մասին ո՛չ հայրենակցական միությունների և ո՛չ էլ վերապրած հուշագիրների մոտ որևէ տեղեկություն գոյություն չունի: Սրանից թերևս երկու հետևության կարելի էր հանգել. առաջինը, որ գուցե ցեղասպանությունը վերապրած ձորակի բնակիչների մեջ կատարվածն արձանագրելու կարևորությունը զգացած կամ պարզապես գրչի մարդ չի եղել և կամ պարզապես ոչ ոք չէր փրկվել այդ անելու համար:
Մաքոշկցի մի խումբ քրդերի առաջնորդությամբ տակնուվրա արված հայոց գերեզմանոցը ետևում թողնելով ուղղություն վերցրինք դեպի Շվրաշ: Ճանապահին մեր ուշադրությունը գրավեց մի ավերակ ջրաղաց, որից ոչ հեռու ողջունեցինք երեխաների օգնությամբ խոտից պարան հյուսող միջին տարիքի մի քրդի: Սա` մեր որտեղացի լինելն իմանալուց հետո ասաց, թե ինքն ամաչում է հայերի նկատմամբ իրենց պապերի կատարածի համար և մի կարճ լռությունից հետո, կարծես պատմելու որոշումը դժվարությամբ կայացնելով` սկսեց. «Այս ձորակի երեք հայկական գյուղերի բնակիչներից ջարդի ժամանակ փախուստով միայն երկու երեխա են փրկվել, որոնցից մեկը օրեր անց մոտեցել է մի քուրդ հովվի և հաց խնդրել: Հովիվը հաց և կաթ է տվել, բայց երբ երեխան շնորհակալությամբ ցանկացել է հեռանալ ետևից փայտով այնպես է հարվածել գլխին, որ աչքերը դուրս են թռել ու տեղում մահացել է: Մյուսին էլ գյուղում բռնել, մեջքին մի ծանր կոճղ են դրել ու կացնով գլուխը կտրել: Սրա համար մեր ժողովուրդը մի ներողություն ունի հայերին ասելու»:
Ահա, թե ինչու հետեղեռնյան հուշագրական բնույթի մեծաքանակ հրատարակությունների մեջ այս երեք գյուղերի մասին որևէ հիշատակություն երբևէ չի հանդիպում, որովհետև սպանվել էին բոլորը և որի համար էլ հերթական «մի ներողությունը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել