Հիմա, երբ ողջը անցած է թվում ...
Այո, հիմա, երբ Հայաստանի երեկվա խորհրդարանի հարց ու պատասխանն արդեն անցած է թվում` իր սկանդալային, իր տրագիկոմեդիկ, իր առարկայական դրսևորումներով ու հետևանք զլմ բուռն հոսքերով, կարելի է սառը գլխով սինթեզել երեկվանը, որ իսկապես էլ անցած է թվում, բայց ոչ անհետևանք:
Իրականում, երեկ, հայոց խորհրդարանի հարց ու պատասխանն ուրվագծեց մի հստակ իրողություն` կոնկրետ անձերի դեմքերով ու նաև շատ բան պարզաջրեց-հստակեցրեց: Որքան էլ անսպասելի, բայց երեկվա իրողությունը փաստեց, որ Հայաստանն ունի առնվազն կոնտրոլը ձեռքին վարչապես, ով առանց ավելորդ ձևականությունների ու առանց քննադատությունից մանևրելու տրամադրված խնդիր է լուծում: Հայաստանն առնվազն ունի երկու նախարար, որոնք կոմպետենտ են իրենց ստատուսին, դա առողջապահության և արդարադատության նախարարներն են, ովքեր մաքուր են իրենց կենսագրությամբ, հեռու են կուսակցական խաղամոլությունից և ամենակարևորը` բարձրակարգ պրոֆեսիոնալներ են իրենց ոլորտների: Սոցապ-նախարարի ու էլի մի քանի դեմագոգ, միայն «խոսող» էլի մի քանիսի ֆոնի վրա, գուցե սա մի առանձնահատուկ ուրախանալու բան չէ, բայց ունեցած դրականը չգնահատել էլ չի կարելի: Վարչապետի տեղեկացվածությունն ու սկզբունքային պարզությունն անկեղծ ինձ դուր եկավ: Մարդը նույնիսկ համացանցն է նայում, ու պատասխաններ ունի:Իսկ տնտեսագիտական դասը, որ տվեց երիտասարդ դեմագոգ պատգամավորին ուղղակի շատ բան դրեց իր տեղը: 
Բայց չմոռանանք, ամենակարևորը, վարչապետի մի որակը` մանավանդ ամենասուր հարցադրումն արած Զառա Փոստանջյանի հարցադրումից հետո անտրամաբանական ու անհոգ ժպիտով հեռանալու ֆոնի վրա, այն որակը, որ իր կառավարությանն ուղղված ամենասուր հարցերի ոչ թե ինչ որ նախարարի է դեմ տալիս, այլ անձամբ է մոտենում պատասխանելու, կարծում եմ թիմային աշխատանքի, թիմը արդյունավետ կառավարելու մասին է խոսում ու... վստահություն ներշնչում: 
հ.գ. կարծիքս կարծում եմ չի շահարկվի, որովհետև հին` ազգային իմաստախոսություն ունենք, ՃԻՇՏՆ ԱՍԵԼԸ ՇԱՆՏՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել