Կառավարության պատասխանը <քառյակի> 12 կետերին, մեղմ ասած տեղավորվում է, չերնոմիրդովյան հայտնի խոսքում՝ ցանկանում էինք լավ, ստացվեց ինչպես միշտ:
Ընդհամենը մեկ կետ նշեմ, որը բավարար է հասկանալու համար թե ինչ արդյունքների է հանգեցնում կառավարության գործունեությունը:
Այսպես, <քառյակի> հետևյալ պահանջի. <Առնվազն երեք անգամ նվազեցնել «Շրջանառության հարկ»-ի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա 3 տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը՝ մոտ 58 միլիոն դրամից դարձնել 150 միլիոն դրամ, արտոնագրային վճարներով սահմանված 9 միլիոնը դրամը՝ 15-ի: Հանել սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը> կատարումը (իշխանությունների պատկերացումներով), այսօր հանգեցրել է ավելի քան 35 հազար քաղաքացու դժգոհության:

Ինչպես ասում են, հոնքը ուղղելու տեղ՝ աչքը հանեցին: Հարգելի Կառավարություն, ստիպված եմ հիշեցնել, որ պետական կառավարումը ենթադրում է արդյունավետություն, թափանցիկություն և մի շարք այլ բաղադրիչներ: Միայն շարադրված պատասխանով հարց չի լուծվում, քանզի գործնականում չկա տեսանելի արդյունք: Քաղաքացիները պետք է իրենց առօրյաում զգաին պահանջների գործնական կատարման արդյունավետությունը: 
Չեմ վիճի, այսպես էլ են զգում, բայց առանց արդյունավետության: Օրինակ՝ ՀՀ կառավարության կամ ԱԺ դիմաց, ԴԱՀԿ-ում, ՃՈ-ում, բանկերի հերթերում, անգամ սեփական ավտոմեքենաներում: Զգում են նաև կոմունալ վճարների կտրոններից, ստացված <պահումնացված> աշխատավարձից: Մի խոսքով, զգում են ամեն քայլափոխի:

Հա, մեկ էլ 12-րդ կետի (Չստորագրել որևէ համաձայնագիր, որով կփոխվի Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը) պատասխանն էր բավականին հուզիչ՝ <Առաջարկում ենք ընդդիմությանը նման համաձայնագրերի ստորագրության հնարավորության գաղափարն անգամ այլևս անտեղի չշրջանառել>: Ճիշտ է, ինչ կարիք կա, չէ որ ԵՏՄ-ին ենք միանում, իսկ թե Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերություններն ինչպես կկարգավորվեն թող, օրինակ, Նազարբաևն ու Ալիևը որոշեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել