Այսօր Ազգային ժողովում խիստ ուշագրավ հայտարարություն է արել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նա՝ հղում անելով վերջի օրերին բողոքի ցույց անող առևտրականներին, աել է, թե նրանց բողոքը դեպի խորհրդարանի շենք է ուղղորդել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչո՞ւ:
Ֆորմալ առումով, իհարկե, պատասխանը պարզ է. ԱԺ-ն է ընդունում օրենքները, հետևաբար՝ դժգոհ ցուցարարներն օրենքի փոփոխություն պետք է պահանջեն հենց պատգամավորներից:
Բայց բոլորը գիտեն, որ նախ կոնկրետ ՙՙՇրջանառության մասին՚՚ օրենքի նախագծի հեղինակը հենց կառավարությունն է, ըստ այդմ՝ եթե վարչապետն արդարացված է համարում մարդկանց բողոքն, ապա կարող էր անմիջապես հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որն, անկախ բովանդակությունից, անմիջապես կընդունվեր հնազանդ մեծամասնության կողմից:
Արգամիչը սա գիտի, բայց այլ կերպ է վարվել, ըստ էության՝ քաղաքականացնելով առևտրականների բողոքը, պահանջը:
Այստեղ երկու հետևություն կարող ենք անել:
Առաջինն այն է, որ իշխանությունն, ըստ էության, չի բավարարելու առևտրականների պահաջը, մտադիր չէ վերանայել ՙ ՙՙՇրջանառության մասին՚՚ օրենքն ու ընդամենը Հովիկ Աբրահամյանի դեմքով փորձում է ՙՙմաշեցնել՚՚ նրանց՝ այստեղից-այնտեղ ուղարկելով:
Բայց նաև երկրորդ վարկածը կա. Հովիկ Աբրահամյանը փորձել է մեկ հարվածով երկու նապաստակ ՙՙխփել՚՚. մի կողմից՝ կառավարությանը հեռու է պահել առևտրականների բողոքների թիրախավորումից, մյուս կողմից՝ այդ բողոքները քաղաքականացրել է՝ անուղղակիորեն աջակցելով Եռյակին ու նրա հանրահավաքի մարդաշատությանը: Այս վարկածը պաշտպանողներն ասում են, որ Հովիկ Աբրահամյանի դիրքերի ամրությունն երաշխավորված է հենց Եռյակի ազդեցիկությամբ. միայն ոչ իշխանականների խոստացած ՙՙթեժ աշունը՚՚ կարող է պահանջարկված դարձնել Հովիկ Աբրահամյանի կարգավիճակը՝ ՙՙքաղաքական կապավորի՚՚ կարգավիճակում ու վարչապետի պաշտոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել