Ով չգիտի լռել, նա չգիտի նաև խոսել, ասել է Սենեկան: Դարերով եկած այս իմաստությունը վերջը հասավ հայոց նորագույն շրջանի երեսփոխաններին՝ ի դեմս Մհեր Սեդրակյանի: Եվ պարզվում է, որ նրա ու նրա նման մտածողների լավագույն գործըն ու իմաստությունը լրագրողի հարցերին չպատասխանելն է, իսկ պատասխան չտալու ինստիտուտը հենց իմաստությունն է: Նրանք լռում են, լռում են, որպեսզի խոսել իմանան, բայց արդեն մեկ տասնամյակից ավելի է այդ մարդկանց խոսքը չի լսվում, իսկ երբ լսվում է, դժվար է անվանել նույնիսկ տարրական տրամաբանված խոսք, էլ ուր մնաց՝ իմաստուն Այդօրինակ իմաստությունն է եղել և մնում մեր բոլոր դժբախտությունների աղբյուրը, երբ իշխանավորը ոչ ուզում է, ոչ էլ կարող է պատասխան տալ, ոչ միայն իր արարքների, այլև այն ամենի համար ինչին կոչված է ծառայելու: Սակայն, գլխավոր դժբախտությունը, զավեշտալի է, բայց բուն դժբախտության մեջ չէ, այլ երբեմն՝ դրա հեղինակների մոտ սեփական կարևորության մասին ինքնախաբկանքը ու այն մարդկանց վզին փաթաթելը: Այդպիսի մարդը, բնականաբար, լավ գիտի, որ պատասխան չտալը որևէ քաղաքական ու այլ հետևանքներ չի առաջացնելու, հակառակը՝ դա է իր իշխանության հիմնական ուժը, որովհետև նրա իշխանությունը գալիս է պատասխան չտալու շնորհիվ ձեռնարկած գործողությունների ու մատուցած ծառայությունների դիմաց՝ որպես պարգևատրում, իսկ երբ նա սկսի պատասխաններ տալ, ապա կկորցնի նորին մեծություն իշխանությունը, որովհետև նրա պատասխանները լավագույն դեպքում կվարկաբեկեն իշխանությանը: Այսպիսի ինստիտուցիոնալ հարաբերություններով է Հայաստանը շարժվում առաջ, այսպիսի մենտալիտետի խճանկարով է նկարվում մեր օրենսդրական բուֆոնադան: Անպատասխանատվությունը ծնել է մի համակարգ, որը աշխատում է «քչերի անպատասխանատվություն՝ շատերի պատասխանատվության հաշվին» դեֆեկտիվ սկզբունքով, այն խնայում է իր տարրերին, որոնցից բաղկացած է, որոնք պահպանում են նրա կրիստալիզացիան, ոսկրացումը, քանզի որևէ մասնիկի որակական փոփոխությունը կսկսի ճաքեր առաջացնել կարծրացած համակարգում, որը կարող է փշրվել միանգամից: Իսկ շատերը պետք է պատասխան տան, պետք է պատասխան տան չկայացած տնտեսության համար, պետք է պատասխան տան նվազ բյուջեի ճեղերը փակելու համար, պետք է պատասխան տան մոնոպոլիաների ու ստվերի համար, ապահովեն հարկերի կատարողականը և, վերջապես, վերահսկեն խոշորներին՝ նրան փաստաթղթավորման դրդելով: Այդ համակարգը հենվում է պատասխան չունեցող «իմաստունների» վրա, որովհետև դա պատասխան չտվող համակարգ է, այն երբեք չի պատասխանում հասարակական պահանջներին, երբեք չի արձագանքում սոցիալական իրականությանը, նրա համար սոցիումը օլիգարխիան է, իսկ պահանջմունքը մոնոպոլիան՝ քաղաքական թե տնտեսական: Այդ համակարգը արտադրում է հոմո-օլիգարխուս տիպի մարդուն՝ որպես համակարգի բրենդ, այդ համակարգը նաև վերարտադրող է, այն քաղաքական ռեգրեսի ինկուբացիա է, այն իր նվիրյալ նախկիններին հետ բերելու իներցիա ունի, եթե չբերի, ապա կփլուզվի: Սա որքան աբսուրդային է, նույնքան էլ՝ օբյեկտիվ: Սա քաղաքական հարաբերությունների բնական վիճակն է. ինչպիսին համակարգն է, այնպիսին էլ՝ համակարգի էլեմենտները և հակառակը: Ինչևէ, համակարգը նաև կենդանի օրգանիզմ է, և բոլոր կենդանի օրգանիզմների նման, ժամանակի ընթացքում, տարբեր ազդեցություններվ պայմանավորված, սկսում է փոխել իր կենսառիթմը, պահանջները, ճաշակը, այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչը հնարավորություն է տալիս հարմարվելու միջավայրին: Այդ ժամանակ, նա սկսում է աստիճանաբար, կամ միանգամից, կուլ տալ կամ հրաժարվել իր նախկին պահապաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել