ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ին տրված հարցազրույցում մեղադրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, սակայն ինչպես պարզվեց, իր մեղադրանքները ավելի քան անհիմն էին : Օրինակ պարոն Խաչատրյանը նշեց, որ այսօր վարելահողերի ավելացում չկա, սակայն թվերը այլ բան են ասում: Մասնավորապես Գյուղ-նախի տարածած պատասխան հայտարարութունից տեղեկանում ենք, որ 2010 թվականին ԱՎԾ տվյալներով հանրապետությունում ընդհանուր ցանքային տարածությունը կազմել է 283.6 հազար հեկտար, որը կազմում է հողային հաշվեկշռով առկա 448.2 հազար հեկտար վարելահողերի 63.2 %-ը։ Վերջին տարիներին իրականացված շարունակական պետական ծրագրերի շնորհիվ, ըստ 2011-2013 թվականների ԱՎԾ տվյալների, ընդհանուր ցանքային տարածությունը համապատասխանաբար կազմել է 286.7, 304.2 և 318.1 հազար հեկտար՝ կազմելով 63.8 %, 67.8 % և 71.0%։ 2014 թվականին նախորդ տարվանից 14.6 հազար հեկտար ավել ցանք է կատարվել՝ կազմելով 332.7 հազար հեկտար, օգտագործվել է առկա վարելահողերի 74.2 %-ը։ 2010-2014 թվականներին ավել ցանքեր են կատարվել 49,1 հազար հեկտար, որի մեջ հացահատիկային մշակաբույսերը կազմել են շուրջ 31 հազար հեկտար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել