Լուսանկարը՝ Արգամ Այվազյանի Նախիջևանի
Վիմագիր ժառանգությունը Հատոր Դ գրքից,
հեղինակ՝ Արգամ Այվազյան

Մոտ օրերի ընթացքում Նախիջևանի Երնջակ շրջանի մի քանի հայկական գյուղներից նորություններ եմ ունենալու, այդ թվում և Երնջակ պատմական բերդի ու իմ հայրենական գյուղի՝ Ղազանչիի (Շահկերտ)-ի մասին: Նորությունները նաև լինելու են լուսանկարների տեսքով, սակայն դա չէ առաջնային կարևոր այս պահին: Ցավով պետք է նշեմ, որ դեռևս 19-րդ դարում արդեն գրեթե ամբողջությամբ խոնարհված Սուրբ Հովհաննես եկեղեցուց հետո, նրա ճակատագրին է արժանացել հայկական այդ հայտնի գյուղի՝ Շահկերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը եղել է գրչության հայտնի կենտրոններից մեկը: Իմ արդեն շատ մտերիմ ընկեր հոլանդացի մի ճանապարհորդ, որի մասին կասեմ օրեր անց, մի քանի օր առաջ իմ խնդրանքով այցելեց Ղազանչի, որտեղ փորձել էր գտնել եկեղեցին, սակայն այնտեղ որևէ հետք նշմարել չէր կարողացել: Նրան էի տրամադրել ձեռքիս տակ եղած մի քանի լուսանկարներ՝ գյուղի համայնապատկերի, այդ թվում և եկեղեցու՝ արված նախորդ դարի 80-ականների կեսերին: Գյուղի ներկայիս վիճակի մասին լուսանկարները դեռևս ստանալու եմ ու ոչ միայն դա, սակայն եկեղեցու՝ գրեթե հաստատապես այլևս գոյություն չունենալու մասին լուրն առաջինն ու ամենակարևորն էր, որ ցանկացա կիսել ընկերներիս հետ, որտեղ կան նաև ազգագրագետներ ու հուշարձանագետներ: Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են այս կապակցությամբ այժմ կամ ապագայում ավելի մանրամասներ իմանալ, կարող եք գրել անձնական նամակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել