Վերջապես սկսվեց խորհրդարանական ընդդիմության երկար սպասված հանրահավաքների շարքը: Քաղաքական ուժերը որոշել են սկսել ռեգիոններից՝ հասնելով մայրաքաղաք: Պատկերավոր ասած սա իշխանության նվաճումն է ռեգիոններից, որը միշտ ավելի բարդ իրագործելի է: Բարդ է, քանի որ իշխանությունը տեղակայված է կենտրոնում ու հենց այնտեղից է հնարավոր հասնել հաջողությունների: Այստեղ ընդդիմությունը, ըստ իս, թույլ է տվել տակտիկական սխալ երկու առումով. Տեխնիկական ու տեխնոլոգիական: Տեխնիկական առումով դժվար է կազմակերպել իշխանության նվաճում տարբեր մարզերի միավորումով, որովհետև, նախ՝ հենց կենտրոնում հանրահավաքն է, որ գրավում է ուշադրություն, որին անմիջականորեն հաղորդակից է դառնում իշխանությունն ու զգում իրական ճնշում, երկրորդ՝ մայրաքաղաքը մարդաշատ է, իսկ հանրահավաքի, մանավանդ՝ առաջին հանրահավաքի համար շատ կարևոր է մարդաշատությունը: Բացի այդ, ժամանակի ընթացքում նման գործելաոճը դառնալու է սովորական քաղաքացու համար, և Երևանում կազմակերպվող հանրահավաքն արդեն մարզի բնակիչների մոտ չի առաջացնի հետաքրքրություն՝ դիտվելով հերթական ակցիաներից մեկը: Տեխնոլոգիական առումով հենց մայրաքաղաքում մեծ հանրահավաքը կարող էր ռեզոնանս ապահովել և զանգվածներին համակել միտինգային տրամադրություններով, որտեղից էլ այդ տրամադրությունները կտարածվեն ռեգիոններ:
Մյուս կարևորագույն հարցը կապված է հանրահավաի ռազմավարության հետ, որը կապված է վերը նշված մարտավարության հետ, և որը, ըստ էության, քաղաքական ուժերի մոտ տարբերվում է: Օրինակ, ՀԱԿ-ն ու Ժառանգությունը պահանջում են իշխանության հրաժարական, իսկ ԲՀԿ-ն՝ փոփոխություններ, որոնք ստեղծում են նպատակային ու ռազմավարական անորոշություն: Եթե փորձենք այս քայլը վերլուծել միտինգային տեխնոլոգիաների տեսանկյունից, ապա խնդիրներն ավելի որոշակի կդառնան: Այսպես, միտինգային մարդն ունի որոշակի պահանջմունքներ, որոնք <<հարստացվում>> են քաղաքական ուժերի գործողություններով: Միտինգում մարդը ցանկանում է տեսնել և լսել այն, ինչն ուզում է տեսնել և լսել, նրան ներհատուկ է իռացիոնալիզմը, ինչի արդյունքում էլ համակվում է զանգվածային հոգեբանությամբ: Նա գալիս է միտինգի իր համար ցանկալին լսելու, որն էլ ավելի է խորացնում դիսկոմֆորտի զգացողությունն ու բարձրացնում մասնակցային պահանջմունքը՝ ձևավորելով համապատասխան վարքաբանություն, նա ուզում է իր մոտ այդ զգացողությունը խորացնել: Հետևաբար, այդ մարդուն պետք է ցույց տալ ուժեղ, լավ կազմակերպված և մեծ հանրահավաք, որտեղ նման տրամադրությամբ ինքը կկարողանա գտնել սեփական պահանջմունքների իրացման դաշտ և դառնա ամբողջի մասնիկը: Եթե նա չի լսում իր ուզածը, եթե չի տեսնում հանրահավաքի առանցքային, կուռ կազմավորված և հստակ օրակարգը, ապա նրա մեջ մարում է <զանգվածային տրամադրությունը>: Այս ամբողջը կարելի էր ստանալ միայն մայրաքաղաքում կազմակերպված մեծ հանրահավաքով և հստակ ձևավորված քաղաքական պահանջով ու օրակարգով և, իհարկե, համընդհանուր լիդերով՝ որպես զանգվածներին գրավող կերպար, ով ունի խիստ կարևոր զանգվածային մոբիլիզացիա ապահովող գործառույթ: Վերջապես, ոչ հստակ նպատակը առաջացնում է քաղաքական բազմակարծության և քաղաքական բանավեճ, իսկ հայտնի <օրենք> է, որ միտինգային մարդուն բնորոշ չէ վերլուծելը, բանավիճելը, առավել ևս, որ նա չի ցանկանում դրանք, նա ցանկանում է լսել: Իսկ կարծիքների բախման ու վերլուծություններ անելու համար մարդն այլ տեղեր ու հարթակներ է փնտրում: Ճիշտ է, սա քաղաքական տեխնոլոգիա է, բայց ոչ մի քաղաքական որոշում ու գործողություն, որքան էլ արդար ու անկեղծ լինի, հաջողություն չի ունենում, եթե հաշվի չի առնում տեխնոլոգիական կողմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել