Հետաքրքիր տեղեկատվություն եմ ստացել, որը իսկապես վրդովեցնող է և ցավալի:
Եռյակի մարզային այցելություններին, փաստորեն, այլընտրանքաընդդիմադիր կառույցի կողմից ապահովվելու է բացառապես ընտրյալ լրատվամիջոցների ներկայությունը: Երբ այսօր հրահանգեցի ORER.am-ի լրագրողներից մեկին՝ հետաքրքրվել, թե ինչպես կարելի է մեկնել տարածքներ և ինֆորմացնել հասարակությանը՝ հանրահավաքների ընթացքի մասին՝ նրան տեղեկացրել են, որ եռյակը չի տրամադրելու տրանսպորտային միջոցներ՝ այսպես կոչված ՛՛ոչ յուրային՛՛ լրատվամիջոցների համար: Մինչդեռ նախկինում անգամ ամենասուղ միջոցներ ունեցող ընդդիմադիր ուժերը մշտապես տրամադրել են տրանսպորտային միջոցներ՝ բոլոր լրագրողների բնականոն աշխատանքը ապահովելու համար:
Հիմա ինչ է ստացվում՝ մշտապես մենք իշխանություններին պահում ենք ամենասուր քննադատության թիրախում, ամենակոշտ ձևով քննադատում ենք նրանց հակապետական գործունեությունը, իշխանավորների կատարած սրիկայությունները հետևողականորեն ի ցույց ենք դնում, սակայն օբյեկտիվ ենք նաև ընդդիմության գործունեության նկատմամբ և երբեմն փորձում ենք քննադատության միջոցով վերացնել նաև այդ դաշտում առկա հիվանդագին երևույթները, ու այսքանից հետո մենք և՛ իշխանության, և ընդդիմության հետ պետք է աշխատենք անուղղակի գրաքննությա՞ն դաշտում: Դա անազնիվ մոտեցում է և հօդս է ցնդեցնում իրավական և իրապես անկախ պետություն կառուցելու նրանց խոստումները: Այսքանից հետո կարելի՞ է պնդել, որ Հայաստանում ադեկվատության և իրական այլընտրանքի ճգնաժամ է:
Սթափվեք, ընկերներ: Չստացվի այնպես, որ ձեր գործողությունները մատնում են ձեր իրական նպատակները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել