Facebook-ն ու Google+ -ը մի թերություն ունեն. յուրաքանչյուր ոք կարող է գրանցվել այստեղ։ Ոչ մի կրեդիտային չեկ, ոչ մի ակտիվ այստեղ չեն պահանջվում, դե իսկ եթե քեզ դուր չի գալիս նույն վայրում լինել սոցիալական տարբեր դասի մարդկանց հետ, ապա կարող ես դատարկել բանկային հաշիվներդ ու տեղափոխվել Netropolitan՝ հարուստների համար նախատեսված սոցիալական կայք։
Այստեղ գրանցվելու համար ոչ միայն պարզապես անհրաժեշտ է բավականաչափ հարուստ լինել, այլև կարևոր է հարուստ մնալ։ Գրանցվելու համար պետք է 6000 դոլար վճարել և ևս 3000 դոլար հավելավճար, որը պետք է յուրաքանչյուր տարի վճարել՝ սոցցանցից օգտվել շարունակելու համար։
Netropolitan-ի անդամ դառնալու համար պետք է լրացած լինի 21 տարեկանը, անհրաժեշտ է տրամադրել իրական անունը և բնակության հիմնական քաղաքը։ Բոլոր գրառումները պետք է լինեն անգլերեն լեզվով։ Անդամները պետք է համաձայնեն մյուս անդամների ինքնությունը չհրապարակել Netropolitan-ից դուրս։ Սա կպահպանի սոցկայքի էքսկլյուզիվ բնույթը, որպես գաղտնի ակումբ։
Այն, թե քանի անդամ ունի սոցկայքը, չի հրապարակվել, սակայն նշվել է, որ  արդեն մի քանի հարյուր մարդ է միացել ցանցին։
Ինչպես արդեն նշվեց, սոցկայքը գաղտնի է՝ հասանելի միայն կայքի օգտատերերին, սակայն մեկ սքրին-շոթը, որ արվել է կայքը գովազդելու համար ցույց է տալիս, որ այն նման է Google + -ի դիզայնին՝ գլխավոր լուսանկարի շրջանաձև տեսքով։
Սոցկայքի կարգախոսերից են.  «Կապի մեջ եղիր սոցիալական քո դիրքի մարդկանց հետ, ովքեր քո շրջապատում չեն» և «Netropolitan՝ առցանց երկիր-ակումբ այն մարդկանց համար, ովքեր ավելի շատ փող ունեն, քան ժամանակ»։

Եթե կարծում եք, որ Netropolitan-ը փորձում է օտարել ավելի քիչ փող ունեցող մարդկանց, ապա ճիշտ եք։  Սա ճոխ ծառայություն է, և նրանց համար միևնույն է, որ սովորական մարդկանց դա դուր չի գա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել