«100 ՀԱՐՑ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» հարց (15)
ՔԱՆԻ ՈՐ ՄԿՐՏՎԱԾ ՉԵՄ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱՂՈՐԴՎԵԼ, 
ԲԱՅՑ ԱՐԴՅՈՔ ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻՆ:

Պատարագի ժամանակ` նախքան բուն խորհրդի կատարումը, սարկավագը բարձրաձայն ասում է.
« Ո ՛չ ոք երախաներից` (այսինքն չմկրտվածներից),ո ՛չ ոք թերահավատներից 
և ո ՛չ ոք ապաշխարողներից թող չմոտենա աստվածային այս խորհրդին»: 
Հնում նմանատիպ մարդիկ սարկավագի այս հորդորից հետո դուրս էին գալիս գավիթ կամ կանգնում եկեղեցու դռան մոտ և այնտեղից հետևում էին սրբազան արարողությանը:Եկեղեցու ներսում մնում էին միայն արժանավորները, ովքեր պիտի Սուրբ Հաղորդություն ստանային: Անկասկած, Ս. Պատարագն ամբողջանում է Ս. Հաղորդության բաշխմամբ և հավատացյալների ճաշակմամբ, այդ պատճառով էլ եկեղեցին հորդորում է պատրաստ լինել`գուրծուն մասնակիցը դառնալու Տիրոջ Մարմնի և Արյան խորհրդի: Այսօր էլ սարկավագի պատվերը լսում ենք ամեն Պատարագի ժամանակ, սակայն դուրս չենք գալիս եկեղեցուց: Մեր խորհուրդն է` անպայման, առանց տատանվելու մկրտվել և դառնալ քրիստոնյա, որպեսզի հնարավորություն ընձեռվի ճաշակելու Տիրոջը և զգալու ոչ միայն Նրա անսահման քաղցրությունն ու օրհնությունը, այլ նաև Սուրբ Հոգու շնորհների հղումը մեզ վրա: Չմկրտված վիճակում Սուրբ Պատարագին ներկա լինելը զրկում է մեզ Տիրոջ հետ միավորումից և Նրա հետ հաղորդակցվելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել