Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայացավ «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողով` կազմակերպված  Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից` աջակցությամբ «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի: Գիտաժողովին մասնակցում էին եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովի նպատակն էր բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու դերակատարությունը և մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները հատկապես վերարտադրողական առողջության և իրավունքի ոլորտում: 


Ժողովը բացվեց Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Սրբազան Հայրն անդրադարձավ գիտաժողովի անհրաժեշտությանը` վերարտադրողական առողջության ու իրավունքի ոլորտում հիմնական շեշտը դնելով ընտանիքի գաղափարի վրա` պարզաբանել ներկա ժամանակների մարատահրավերների ու խնդիրների հանդեպ Հայ Եկեղեցու ներմտածողությունն ու կեցվածքը` հիմնված բացառապես Ս. Գրքի, ծիսական ավանդության, կանոնական դրույթների և հովվական խնամքի բազմամյա փորձառության վրա: 
Այնուհետև ժողովականներին Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը.
«Հայ Եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը, սրբությունը և անքննարկելի կարևորությունը մեր ժողովրդի կյանքում` դիտելով որպես հոգևոր և բարոյական արժեքների պահպանման հիմնասյուն և անփոխարինելի հաստատություն հանրային առողջ գիտակցության ձևավորման ու զարգացման համար:  
Մեր օրերում` արագընթաց փոփոխությունների, նաև արժեքների անտեսման պայմաններում ընտանիքի ավանդական ընկալմանը հակադրվում են ծնունդ առնող տարաբնույթ գաղափարախոսական և հասարակական հոսանքները, կենսատեխնոլոգիական միջոցների առաջադրած մարտահրավերները, որոնք թափանցում են մարդու կյանքի նվիրական ոլորտը` հատկապես որդեծնության հարցերում: Երևելի և աներևույթ զանազան հարձակումներից, ցավոք, անմասն չի մնացել և չի մնում նաև հայ ընտանիքը: 
Այսօր անհրաժեշտ է դարձել բոլոր մակարդակներում և հարթակներում, նմանատիպ համաժողովներով, եկեղեցական քարոզչությամբ, մեծ և փոքր քննարկումներով, ընտանիքի աջակցության ծրագրերով, հանրային կյանքի իրազեկման հնարավոր եղանակներով, պետական-օրենսդրական նախաձեռնություններով նպաստել ընտանիքի առողջությանը, բարձրացնել հանրային գիտակցությունը»: 


Համաժողովի գումարումը Մայր Աթոռում ողջունեցին նաև ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, «Վորլդ վիժըն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արու զավակին նախապատվություն տալը Հայաստանում բավական տարածում գտած երևույթ է: Հայ հասարակության նահապետական կառուցվածքը սոցիալական անհամամասնություն է ստեղծում երեխաների շրջանում և միտված է նկատելիորեն շահեկան լինելու տղա երեխաների համար։

Երբ երևույթը դիտարկվում է չափազանց տարբեր մշակութային, քաղաքական և սոցիալական հատկանիշներով բնորոշվող տարածաշրջանային միջավայրերում, ակներև է դառնում, որ ապագա երեխայի սեռի ընտրությունն ամենուրեք հիմնված է միևնույն հատկորոշիչների՝ արու զավակ ունենալու շեշտակի նախապատվության, ընտանիքի միջին կազմի կտրուկ փոքրացման և ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաների հեշտ հասանելիության վրա։ Այս երեք գործոնները հանդես են գալիս որպես արական սեռի երեխաների ծննդյան ավելացմանը նպաստող նախապայմաններ։ Դրանք, իրենց հերթին, պայմանավորված են բազմաթիվ այլ սոցիալական, ժողովրդագրական, մարդաբանական և տնտեսական գործոններով։ Սեռի ընտրության երեք նախապայմաններն, ըստ ամենայնի, առկա են Հայաստանում։

1993թ.-ից սկսած ՀՀ-ում արձանագրվել են նորածինների սեռերի կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցությունից զգալիորեն բարձր ցուցանիշներ` 110-160 տղա` 100 աղջկա դիմաց, ինչը մտահոգիչ է:  

Հայաստանի մոտ 900.000 վերարտադրողական տարիքի կանանց 0.8%-ը վերջին 5 տարիների ընթացքում կատարել են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում: ՀՀ-ն տարեկան կորցնում է մոտ 2000 ապագա մայր: 

Այս մտահոգիչ տվյալները հայտնեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը. «Առաջին հետազոտությունը կատարեցինք 2011 թ-ին: Երկրորդ հետազոտությամբ փորձեցինք պարզել, թե ինչ հետևանք է ունենալու Հայաստանի ժողովրդագրության վրա, և պարզ դարձավ, որ Հայաստանում սեռերի հարաբերակցությունը խախտվել է 1991 թվականից ի վեր»:

Մեր երկրում տարեկան 7 հազար կին աբորտ է անում, 4 հազար կնոջ մոտ էլ հղիության ինքնաբեր վիժումներ են լինում, որոնց թվին են պատկանում տան պայմաններում կատարած ինքնաաբորտները:

Եթե այս միտումները շարունակեն, ապա 2060 թվականին մեր երկրում չի ծնվի 75 հազար աղջիկ, ինչը երկու տարիների ընդհանուր ծնունդների թվաքանակն է:

Գրասենյակի տնօրենը նշեց, որ պատճառները տարբեր են. տղաներին գերադասում են, հասանելի են սեռը նախապես իմանալու եղանակները, և զույգերը նախընտրում են քիչ երեխա ունենալ: Եթե մարդիկ նախկինում ունենում էին մինչև հինգ երեխա, հավանականությունը, որ տարբեր սեռերի երեխա կունենան, բարձր էր: 

«Հայերը աղջկան դեմ չեն, ուղղակի ուզում են անպայման տղա ունենալ: Բարեբախտաբար, առաջին հղիությունը ոչ ոք չի ընդհատում,  աղջիկներն առաջին հղիության ժամանակ նորմալ ծնվում են: Փոփոխությունը սկսվում է երկրորդ եւ հատկապես երրորդ ու չորրորդ հղիությունների ժամանակ: Տղա երեխա ցանկացող մարդուն մեղադրել չենք կարող: Սակայն տղա երեխա ունենալը չպետք է կատարվի առողջ աղջիկ երեխային հեռացնելու (աբորտի) հաշվին»,- այս մասին խոսեց  ԱՆ մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Սեռով պայմանավորված աբորտները տասը-տասնհինգ տարի հետո լուրջ խնդիր կարող են դառնալ ՝  հատկապես ժողովրդագրական վիճակագրության տեսանկյունից: 

Հայաստանը ներկայում դասվում է ցածր ծնելիությամբ երկրների շարքին: Այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ մեկ կինն ունենա առնվազն 2.1 երեխա, Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի տվյալների այդ ցուցանիշը 2010 թ.-ին կազմել է մոտ 1.74:

Պտղաբերության (ծնելիության գումարային գործակցի) ցուցանիշը Հայաստանում և մի շարք այլ երկրներում, 2010 թ.

Երկիր Ցուցանիշ
  Հայաստան 1.74
  Վրաստան 1.58
  Ադրբեջան 2.16
  Թուրքիա 2.15
  Ռուսաստան

1.4

 

ICHD հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Ասատրյանի բնորոշմամբ, եթե հնարավոր լինի ապահովել տնտեսական զարգացում, ինչպես նաև տարբեր կառույցների միջոցով բերել նրան, որ ընտանիքի անդամները կրթության հնարավորություն ունեցող կնոջ բեռը կիեսեն, ապա ծնելիության մակարդակի վերականգնումը իրական է և հնարավոր:

Ամփոփելով գիտաժողովը`Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շեշտեց, որ կարևոր և անհրաժեշտ են գործնական քայլերը բոլոր մակարդակների վրա և բոլոր միջոցներով՝ պահպանելու ընտանիքի սրբության և ամբողջականության գաղափարը, նպաստելու ներընտանեկան կյանքում տեղ գտնող արատավոր երևույթների կանխմանը և վերացմանը, ծնելիության աճի զարգացմանը, արհեստական գաղափարախոսությունների տարփողման մերժմանը, միտված լինելով «քաղաքացիական հասարակություն» ստեղծելուց ավելի «բարոյական հասարակություն» ունենալու ձգտումին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել